Ինչպես կանդրադառնա «Բոինգի» խոցման մասին ՄՔԽ զեկույցը Հայաստանի վրա
«Հայաստանն ու Եվրոպական միությունը մոտենում են կարմիր գծին, բայց չեն անցնում այն»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց Արևելյան Եվրոպայի հետազոտությունների կենտրոնի (Վիլնյուս) Քաղաքական վերլուծության և ուսումնասիրության բաժնի ներկայացուցիչ, հեղինակավոր եվրոպացի վերլուծաբան Լինաս Կոժալան։
Տեղեկացնենք, որ երեկ Միջազգային քննչական խումբը Հոլանդիայում՝ Նիուվեգեն քաղաքում, հայտարարել է, որ 2014 թվականի հուլիսի 17-ին Ամստերդամ-Կուալա Լումպուր չվերթը կատարող «Բոինգ» օդանավն Ուկրաինայի արևելքում «Բուկ» հրթիռով ոչնչացրել են ռուս անջատականները, ովքեր հրթիռն արձակել են իրենց հսկողության տակ գտնվող տարածքից: Այդ մասին ասել է Հոլանդիայի գլխավոր դատախազ, քննիչների միջազգային խմբի ղեկավար Ֆրեդ Վեստերբեկեն:
Նա նշել է, որ այս գործով որոշ հայտնի տեղեկություններ դեռևս հրապարակման ենթակա չեն: «Բուկ» համալիրը Ռուսաստանից է բերվել Ուկրաինա և հաջորդ օրը վերադարձվել է Ռուսաստան:
Հիշեցնենք, որ աղետը տեղի էր ունեցել 2014 թվականի հուլիսի 17-ին։ «Մալազիական ավիաուղիների» օդանավը թռիչք էր կատարում Ամստերդամից Կուալա Լումպուր։ Օդանավի խոցման հետևանքով զոհվել է 298 մարդ՝ բոլոր ուղևորներն ու անձնակազմը։ Լինաս Կոժալան՝ անդրադառնալով ՄՔԽ-ի հրապարակած այս որոշմանը, նշեց, որ այն, ինչ տեղի էր ունեցել «Բոինգի» հետ, պարզ էր արդեն կատարվածից ժամեր անց, երբ Վաշինգտոնը, հիմնվելով իր հետախուզական տվյալների վրա, գրեթե նույնպիսի եզրակացություն տարածեց, ինչ Միջազգային քննչական խումբը, և երբ պաշտոնական Մոսկվան սկսեց արդարացումների շարքը՝ հայտնվելով պաշտպանվողի դերում։
Ըստ նրա՝ կարևոր էր, որպեսզի բացահայտվեր ինքնաթիռի խոցման ողջ սխեման, գործողությունների հաջորդականությունը, որն այս եզրակացությունը չի բացահայտում, քանի որ տեսակետներ էին շրջանառվում և այսօր էլ կան նման տեսակետներ, որ Ռուսաստանը շատ ավելի լայնածավալ սադրանք էր ծրագրել, որն ավարտվեց միայն «Բոինգի» կործանմամբ։
Ուստի, եվրոպացի վերլուծաբանի համոզմամբ, դեռ պետք է սպասել այլ տեղեկությունների և վարկածների, որոնք կբացահայտվեն քննչական գործողություններից հետո։ Սա Կոժալայի խոսքով, Արևմուտքին հնարավորություն կտա էլ ավելի պարզորոշ կերպով ուրվագծել Ռուսաստանի իշխանությունների ցանկությունները։
«Արևմտյան հանրությունն էլ ավելի է համոզվում, որ Ռուսաստանի ներկայիս իշխանության պայմաններում պետք է անզիջում դիրքորոշում ունենալ։ Շատ ավելի արժանահավատ վարկածների հրապարակման դեպքում անպայմանորեն նոր պատժամիջոցներ են սահմանվելու Ռուսաստանի նկատմամբ, քանի որ դա, ըստ էության, պատերազմի հրահրման փորձ է եղել, ինչը չի կարող արժանի պատասխան չստանալ ԱՄՆ-ի և Եվրոպայի կողմից։
Սակայն պետք է իսկապես շատ ավելի համոզիչ փաստեր լինեն, իսկ փաստեր նախնական եզրակացությունում պարզապես չկան։ Թեև Պեսկովն արդարանում է, ճիշտ է ասում, երբ պնդում է, որ անհրաժեշտ են անհերքելի փաստեր, որոնք, վստահ եմ, որ Միջազգային քննչական խումբն ունի»,- ասաց Կոժալան։ Վերջինիս խոսքով, հաշվի առնելով «Բոինգի» աղետից հետո Ռուսաստանի գրաված դիրքորոշումը, քիչ հավանական է, որ Ռուսաստանը կփորձի «պատժել» Արևմուտքին իր հանդեպ հնարավոր կոշտ դիրքորոշման համար։
«Այնուամենայնիվ Արևմուտքը քայլեր ձեռնարկելիս արդեն հաշվի կառնի Մոսկվայի կոշտ արձագանքի հնարավորությունը, ինչը կարող է արտահայտվել Ուկրաինայում և Սիրիայում։ Դրան պետք է պատրաստ լինել, բայց այդ սցենարը ես քիչ հավանական եմ համարում, քանի որ փաստերի բացահայտումից հետո Մոսկվան այլևս չի կարողանալու հերքել իր ուղիղ առնչությունն աղետին»,- նման տեսակետ հայտնեց Կոժալան։
Հարցին, թե սա որևէ կերպ կարո՞ղ է անդրադառնալ Հայաստան-Եվրոպական միություն նոր իրավական հիմքի շուրջ բանակցությունների վրա՝ հաշվի առնելով դրանում Մոսկվայի գործոնը, ասաց. «Ոչ»։
Ըստ նրա, այդ բանակցությունները, ըստ էության, արդեն իսկ պայմանավորված են ՀՀ ԵՏՄ անդամակցությամբ։ «ՀՀ-ն ու ԵՄ-ն բանակցելիս Ռուսաստանին և ԵՏՄ-ին հակասող ոլորտներում՝ տնտեսություն, առևտուր, անվտանգություն, ռազմական համագործակցություն, համագործակցությանը չեն անդրադառնում, այսինքն՝ չեն անցնում կարմիր գիծը՝ դրան հնարավորինս մոտենալով»,- ասաց Կոժալան՝ վստահեցնելով, որ «Բոինգի» շուրջ բացահայտումները չեն անդրադառնա ՀՀ-ԵՄ հարաբերությունների վերաբերյալ Մոսկվայի դիրքորոշման վրա։