Թվով 375 առաջատար գիտնականներ վստահեցնում են՝ պետք չէ քվեարկել Թրամփի օգտին
375 գիտնականներից կազմված խումբը, այդ թվում՝ հայտնի գիտնական Սթիվեն Հոքինգը, բաց նամակ են հրապարակել, որտեղ խստորեն քննադատում են ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի դիրքորոշումը Փարիզի՝ Կլիմայի փոփոխության վերաբերյալ համընդհանուր համաձայնագրի մասին. այս մասին հաղորդում է CNN-ը:
«Խստորեն անհանգստացած ենք նրանով, որ Նախագահի հանրապետական թեկնածուն ցանկանում է, որպեսզի երկիրը դուրս գա փարիզյան համաձայնագրից: «Parexit»-ը կլինի հստակ ազդանշան ամբողջ աշխարհի համար: Միացյալ Նահանգները չի մտածում կարևոր խնդիրների մասին, ինչպիսին կլիմայի անտրոպոգեն փոփոխությունն է: Սա ձեր պատասխանատվության տակ է»,- ասվում է responsiblescientists.org կայքում հրապարակված նամակում:
«Parexit» տերմինը առաջացել է «Brexit»-ի նմանությամբ: Հիշեցնենք, որ «Brexit» տերմինը առաջացավ այն ժամանակ, երբ Մեծ Բրիտանիան հայտարարեց Եվրամիության կազմից դուրս գալու մասին:
«Համաշխարհային նման համագործակցության հետ հարաբերությունները խզելը կարող է հետագայում խնդիրներ առաջացնել Միացյալ Նահանգների կլիմայի համար, ինչպես նաև՝ նվազեցնել վստահությունն ԱՄՆ-ի նկատմամբ»,- հայտարարել են գիտնականները:
Նամակի տակ ստորագրել են մի շարք հայտնի գիտնականներ, ինչպիսիք են՝ Սթիվեն Հոքինգը կամ ֆիզիկայի ոլորտում Նոբելյան մրցանակակիր Սթիվեն Չուն: Վերջինս Բարաք Օբամայի օրոք զբաղեցնում է ԱՄՆ-ի Էներգետիկայի նախարարի պաշտոնը:
Փարիզի՝ Կլիմայի փոփոխության վերաբերյալ համընդհանուր համաձայնագիրը ստորագրել են 198 երկրների ներկայացուցիչներ: Համաձայնագիրը նպատակ ունի ներդնել գլոբալ ջանքեր՝ կլիմայի փոփոխությունների վնասակար ազդեցությունը վերացնելու համար: Բարաք Օբաման այս համաձայնագրի գլխավոր աջակիցներից էր: Ի տարբերություն Դոնալդ Թրամփի՝ նախագահի մյուս թեկնածու Հիլարի Քլինթոնը ցանկանում է շարունակել Օբամայի սկսած գործը:
Իր նախընտրական ելույթում Դոնալդ Թրամփը խոսելով համաձայնագրի մասին՝ նշել է, որ կլիմայի փոփոխությունը «խաբեություն» է՝ նախատեսված չինացիների համար:
Սիրարփի Աղաբաբյան