«Դե՛, սպասիր». ստեղծման պատմությունից՝ մինչև կյանքի պատմություն
Interesnoznat.com-ը գրում է, որ սկզբնապես «Դե՛, սպասիր» մուլտֆիլմը պետական պատվեր է եղել. չինովնիկները որոշել էին «Դիսնեյի» մուլտֆիլմերին ադեկվատ պատասխան տալ և այն ժամանակի համար բավական լուրջ գումար էին տրամադրել։ «Սոյուզֆիլմ» կինոստուդիա հրավիրեցին երիտասարդ, հայտնի հումորիստների և խնդրեցին ինչ-որ ծիծաղելի բան ստեղծել։ Որոշվեց, որ սա կլինի ֆիլմ-«հետապնդում»։ Որոշելիս, թե ով ում ետևից է ընկնելու, ընտրվել են տարբեր կերպարներ. նախ՝ մտածում էին՝ աղվես և աքաղաղ, ապա՝ աղվես և նապաստակ. վերջնարդյունքում կանգ առան գայլի և նապաստակի վրա։
Այս մուլտֆիլմի պատմությունը սկսվել է մինչև առաջին թողարկումը։ 1969թ. ռեժիսոր Գենադի Սոկոլովսկին նկարահանեց առաջին սերիան, որի գաղափարն ընկած է հայտնի սերիալի հիմքում։ Սակայն նրա ստեղծած գայլի և նապաստակի կերպարները գրաքննության ենթարկվեցին։ Խորհուրդ տրվեց արմատապես փոխել կերպարների իմիջը և հարստացնել դրանք. ղեկավարությանը թվացել էր, թե գայլն ու նապաստակը շատ չար են, իսկ Սովետական Միության տարածքում ապրող երեխաներին բարի կերպարներ են պետք։
Նկարիչը փոփոխության չգնաց և հրաժարվեց հետագա աշխատանքից։ Հետագայում փոխվեց գրաֆիկան, հումորը, տարիքը, կերպարների արտաքին տեսքը, սակայն գլխավոր միտքն անփոփոխ մնաց։ Սոկոլովսկուց հետո շատ ռեժիսորներ հրաժարվեցին պարզ թվացող այս մտքից, իսկ Վյաչեսլավ Կոտենոչկինն ասաց՝ սրանում ինչ-որ բան կա։ Հետագայում նա պատմել է, որ նապաստակն իր մոտ հենց սկզբից ստացվել է կապույտ աչքերով, վարդագույն այտերով, առհասարակ շատ դրական կերպար։ «Իսկ գայլը երկար ժամանակ չէր ստացվում։ Հետո ես փողոցում մի տղայի տեսա, ով հենվել էր տան պատին։ Նա երկար սև մազեր ուներ, հաստ շուրթերին ծխախոտ կար, երևում էր փորը։ Ես հասկացա, որ գայլը հենց այդպիսին պիտի լինի»,- ասել է նա։
Ի վերջո, գայլը խոսեց Անատոլի Պապանովի ձայնով. ռեժիսորը ցանկացել էր այդ դերում Վիսոցկուն տեսնել, ով գործին էնտուզիազմով էր մոտեցել, նույնիսկ պատրաստվում էր գայլի համար երգ գրել, սակայն այստեղ ևս միջամտեց գրաքննությունը։ Վիսոցկուն ողջունելու համար առաջին սերիայում գայլը սուլում է «Вертикаль» երգի երաժշտությունը։ Նապաստակը խոսեց Կլարա Ռումյանովայի ձայնով։
Առաջին սերիայի ցուցադրությունից հետո մուտֆիլմը մեծ հաջողություն ունեցավ։ 1969թ. սկսած յուրաքանչյուր տարի էկրաններին նոր սերիա էր հայտնվում։ Մի քանի անգամ ռեժիսորը պատրաստ էր վերջ դնել աշխատանքներին, սակայն զիջում էր բազմաթիվ հեռուստադիտողների խնդրանքին։ Մուլտֆիլմը հասկանալի դարձավ երկրի բոլոր բնակիչներին։ Նրա ժողովրդականությունն ապացուցման կարիք չուներ։
Պապանովի մահից հետո քննարկվում էր մուլտֆիլմը «փակելու» հարցը, սակայն պարզ դարձավ, որ հնչյունային ռեժիսորը պահպանել է նրա բոլոր ձայնագրությունները, որոնք օգտագործվել են նրա մահից հետո։ Նոր սերիաներում կերպարներին նկարում էր ոչ թե Կոտենոչկինը, այլ նրա որդին։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը