«Որ փողը վերջանում է, հոպարը պապային պարտքով փող է տալիս, որ ուտելիք առնենք, մինչև պապան կաշխատի, հետ կտա». ասում է 11-ամյա Լիլիթը
asparez.am. «Վանաձորի Բուլղարական 1-ին տնակային ավանում՝ հենց սարի գլխին, այնտեղ, ուր թափվում է ողջ թաղամասի աղբը, ապրում է Ավագյանների բազմանդամ ընտանիքը:
Ընտանիքի մայրը՝ Լիանա Բայրամյանը, պատմում է, որ կուտակված աղբի հետեւանքով առնետները շատացել ու անարգել տնակ են մտնում:
-Ամբողջ թաղամասի աղբն այստեղ են թափում: Որ ասում ենք մի՛ թափեք, չեն լսում, բերում էնքան թափում են, որ համ էդ հոտից ենք խեղդվում, կամ կռիսներն են բարձրանում տուն,- ասում է Լիանան:
Լիանան 5 երեխայի մայր է: 11-ամյա Լիլիթն ու 9-ամյա Մոնիկան դպրոցական են, 6-ամյա Աննան ու Տիգրանն այս տարի առաջին անգամ են դպրոց ոտք դնելու: Նպաստով ապրող Ավագյանների ընտանիքի համար սեպտեմբերի 1-ը նոր փորձություն է:
-Բոլորի համար չեմ կարողանում հագուստ, կոշիկ գնել, որի համար հարեւանի հներն եմ առնում, որ էժան լինի, որի համար թաղամասի խանութից եմ նիսյա վերցնում, որ մի քանի ամսվա ընթացքում փակվեմ, փոքրերը մեծերի պայուսակներն են բռնում…,- ասում է Լիանան:
Այս ամենին ավելանում է նաեւ գրենական պիտույքների եւ դասագրքերի ծախսը, ինչն աշխատանք չունեցող ծնողներին ստիպում է գոտիները մեկ անգամ էլ ձգել:
Ընտանիքի հայրը՝ Արթուրը, երկար տարիներ մետաղի ընդունման կետում է աշխատել:
-Առաջ երկաթ էինք ընդունում, տանում Երեւան, թանկով վաճառում: Հիմա գործ չկա ընդհանրապես: Առողջությունս էլ նախկինը չէ, ստամոքսի խոց ունեմ, ուրիշ գործ չեմ կարողանում անել – ասում է նա:
Լիանան մասնագիտությամբ կարի տեխնոլոգ է, բայց աշխատանքի դուրս գալ չի կարողանում. կրտսեր երեխան՝ Տիգրանը, 1 տարեկան է:
-Շատ փոքր է, չեմ կարող Տիգրանիս ինչ-որ մեկի մոտ թողնել, որ գոնե ես աշխատեմ, էս խնդիրներից դուրս գանք ,-ասում է նա:
Ավագյանները տնակում են ապրում: Ինչպես Լիանան է նշում՝ 5-րդ երեխայի ծննդյան առիթով պետության կողմից տրամադրված 1 մլն դրամով են կարողացել գնել տնակը:
-200.000 դրամ էլ հայրս ավելացրեց այդ 1 մլն-ին, կարողացանք էս տնակն առնել: Բայց թղթաբանության հարցը դեռ չենք լուծել. ծախսը շատ է,-ասում է նա:Ավագյանների միակ կայուն եկամուտն ընտանեկան նպաստն է, որը խնայողաբար են ծախսում: Երեխաներն էլ պահանջկոտ չեն: Ինչպես 11-ամյա Լիլիթն է նշում, ինչ լինում է, այն էլ ուտում են:
-Որ փողը վերջանում է, հոպարը պապային պարտքով փող է տալիս, որ ուտելիք առնենք, մինչեւ պապան կաշխատի, հետ կտա,-ասում է նա:
Լիլիթը դաշնամուրի ու երգի է հաճախում, երազում է երգչուհի դառնալ:
Ասում է՝ դպրոցում վատ չի սովորում, սիրելի առարկան մայրենին է: Ափսոսում է մի բանի համար միայն, որ հին հագուստի ու կոշիկների պատճառով երբեմն չի կարողանում դասի գնալ»: