«Եթե այդ հայտարարությունները միանշանակ ճշմարտություն լինեին, ապա Հայոց ցեղասպանությունը ԱՄՆ-ի կողմից ճանաչված կլիներ». Ստյոպա Սաֆարյան

ԱՄՆ պետքարտուղարության պատժամիջոցների քաղաքականության համակարգող Դենիել Ֆրիդի կարծիքով՝ Ղարաբաղյան հակամարտության մեջ ներգրավված երկրների կառավարությունները կարծես բավարար չափով հետաքրքրված չեն խնդրի վերջնական կարգավորմամբ: Նա, մասնավորապես, ասել է. «Խնդիրն այն է, որ իշխանությունները չափազանց հարմարավետ են սկսում իրենց զգալ Ղարաբաղյան խնդրի առկայության պայմաններում և մտածում են կարճաժամկետ, այլ ոչ՝ երկարաժամկետ կտրվածքով»:

168.am-ի հետ զրույցում ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանը նշել էր, որ դա ուղղակի եղանակ ստեղծելու, հակառուսական ինչ-որ բան է, որովհետև, ըստ նրա՝ համենայնդեպս Հայաստանում չկա այդ հանգստությունը, և ընդհակառակը՝ Հայաստանն ամբողջությամբ պատրաստվում է պատերազմի: Իշխող կուսակցության ներկայացուցիչը, մասնավորապես, ասել էր. «Թե ինչու է ասվում այդ բանը, երևի քաղաքական տեխնոլոգիաների, այլ ոչ ինֆորմացիայի պակասի արդյունք է: Ենթադրում եմ՝ դա կապված է նրա հետ, որ վերջին շրջանում ԱՄՆ-ը պասիվ է ու փորձում է ակտիվացնել իր գործունեությունը տարածաշրջանում»:

Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի հիմնադիր-ղեկավար Ստյոպա Սաֆարյանն էլ չի կիսում Ֆրիդի կարծիքը. «Այդ հայտարարությունը նշանակում է, որ երկու կողմերի քաղաքական ղեկավարություններին մեղադրում են կարգավորման հարցում շահագրգիռ չլինելու մեջ: Ճիշտն ասած՝ մի փոքր չեմ կիսում այդ կարծիքը՝ գոնե Հայաստանի մասով: Իհարկե, ընդունված է ասել, որ Հայաստանը ստատուս քվոյի կողմնակից է, բայց, համենայնդեպս, այդ ամենը շատ վաղ պետք է նկատեին, երբ Ադրբեջանը շատ վտանգավոր զարգացումների փուլ էր թևակոխում, երբ Ադրբեջանի իշխանությունը կոշտացնում էր հռետորաբանությունը: Ապրիլյան պատերազմը բավականին կարծրացրեց նաև հայկական կողմի դիրքորոշումները, ու թերևս «Սասնա ծռերի» թեզերի նկատմամբ հանրային բարձր վստահությունը դրա ապացույցն է:

Հետևաբար, իհարկե, իշխանությունները պահպանողական են իրենց բնույթով, չեն ցանկանում գնալ կոմպրոմիսների, Ադրբեջանը 2011 թվականից հրաժարվեց բանակցային գործընթացից, Հայաստանն էլ երևի մտածեց՝ Ադրբեջանը հրաժարվել է, ուրեմն ինքն էլ կարող է հրաժարվել, բայց իրականում միայն ու միայն լիդերների ցանկության ու հարմարվելու, պահպանողականության խնդիրը չէ. խնդիրը շատ ավելի լայն է: Այո, այնտեղ կա նաև երկրների ղեկավարությունների խնդիրը, բայց տվյալ պարագայում առավել կարևոր է այն, որ այդ կոնսերվատիզմը նրանք վերածում են համակարգի, որի բաղկացուցիչներից մեկը հենց խնդրի ռազմական ճանապարհով լուծման համար պատուհանները բաց պահելն է»:

Քաղաքագետ Լևոն Շիրինյանը մեզ հետ զրույցում կարծիք էր հայտնել, որ եթե ԱՄՆ նախագահ ընտրվի Քլինթոնը, ապա Ռուսաստանի հանդեպ ճնշումները կմեծանան, «Ղարաբաղյան հարցում էլ շրջելու հնարավորություն կունենանք. Ռուսական արջը կունենա զբաղմունք՝ թաթերը լիզել սեփական հայրենիքում, ոչ թե ճանկերը երկարացնել այս տարածք»:

Ս. Սաֆարյանն այս առնչությամբ ասաց. «Մենք պետք է կարողանանք զատել նախընտրական շրջանում արված հայտարարությունները, որովհետև եթե այդ հայտարարությունները միանշանակ ճշմարտություն լինեին, ապա Հայոց ցեղասպանությունը ԱՄՆ-ի կողմից ճանաչված կլիներ: Մենք նույն բանը կարող ենք ասել ոչ միայն Քլինթոնի, այլև ավելի տարօրինակ հայտարարություններով հանդես եկող Դոնալդ Թրամփի դեպքում:

Շատ ու շատ հայտարարություններ հարմարեցվում են ընտրազանգվածի պահանջներին, բայց ես կարծում եմ, որ Հիլարի Քլինթոնը կշարունակի նույն քաղաքական գիծը: Իհարկե, յուրաքանչյուր նախագահ իր ձեռագիրն է բերում, իր ֆոկուսներն է կենտրոնացնում: Աշխարհը փոխվել է այնպես, որ Ռուսաստանն ընկալվում է ոչ թե որևէ խնդրի լուծման մաս, այլ հենց տեղով խնդիր, որը պետք է լուծել: Իհարկե, Ռուսաստանի հարցը էֆեկտիվորեն լուծելու խնդիր ունի ամերիկյան քաղաքականությունը, բայց ես չեմ կարծում, որ Քլինթոնը կլինի այն նախագահը, ով կմեկուսացնի Ռուսաստանին: Միգուցե պատժամիջոցները և այլն բավական թուլացնեն Ռուսաստանին, բայց աշխարհն այնպիսին է, որ ուղղակի ԱՄՆ-ը չի կարող անտեսել Ռուսաստանի գործոնը»:

Անդրադառնալով Ռուսաստանի ու Ադրբեջանի միջև տեղի ունեցող փոխայցելությունների ֆոնին ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի արած հայտարարությանը՝ ԵԱՀԿ ՄԽ-ն ողջունում է Ռուսաստանի պատրաստակամությունը՝ հանդես գալ որպես ԼՂ հակամարտության կարգավորման երաշխավոր, Սաֆարյանը նշեց՝ ԱՄՆ-ը տեսնում է, որ Ռուսաստանը փորձում է վերմակն իր վրա քաշել, ողջունում են, որ բանակցային գործընթացն ակտիվանում է, բայց նաև դրա հետ միասին անպայման այս հայտարարության կողքին նշում են, որ հակամարտությունը պետք է լուծվի երեք համանախագահ երկրների երաշխավորության ներքո. «Ուորլիքի հայտարարությունները ռուսական գերակայության զսպման նպատակ են հետապնդում»:

Տեսանյութեր

Լրահոս