«Գիքորի նման կանգնել՝ գոռում են՝ «էստի համեցե՜ք», բայց ուզող չկա»
Նախորդ շաբաթվա ընթացքում Ռուսաստանի ու Ադրբեջանի տեղի ունեցող փոխայցելությունների ֆոնին ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը հանդես եկավ հայտարարությամբ՝ նշելով, որ ԵԱՀԿ ՄԽ-ն ողջունում է Ռուսաստանի պատրաստակամությունը՝ հանդես գալ՝ որպես ԼՂ հակամարտության կարգավորման երաշխավոր: «Մենք ողջունում ենք Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի անձնական մասնակցությունն այն ջանքերին, որոնք ուղղված են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կայուն լուծմանը»,- ասել է Ուորլիքը:
Ռուս-ադրբեջանական մերձեցման ֆոնին ի՞նչ էր նշանակում Ուորլիքի այս հայտարարությունը: Արդյո՞ք սա նշանակում է ՌԴ-ի դերի մեծացում Ղարաբաղյան հարցի կարգավորման հարցում:
Քաղաքագետ, Քաղաքական և միջազգային հետազոտությունների կենտրոնի ղեկավար Աղասի Ենոքյանի կարծիքով՝ դա ավելի շատ Ռուսաստանի հետ կոնսոլիդացիայի չգնալու ցանկություն է, որովհետև, ըստ նրա՝ Ռուսաստանը շատ ինտենսիվ է զբաղվում այդ հարցով: 168.am-ի հետ զրույցում Աղասի Ենոքյանն ասաց՝ խոսակցություններ կան, որ նույնիսկ Ռուսաստանն ու Ադրբեջանը եկել են համաձայնությունների. «Ուորլիքի հայտարարությունը չհակադրվելու նշան էր»:
Հետաքրքրվեցինք՝ Ռուսաստանը կարո՞ղ է առանց համանախագահող մյուս երկրների համաձայնության՝ ղարաբաղյան հարցն իր ուզած հունով տանել:
«Ռուսաստանը պետք է փորձի համանախագահներին էլ շրջել իր կողմը, կողմերին էլ իր պլանն առաջարկել, պարտադրել, բայց չեմ կարծում, որ Ռուսաստանը կարող է միայնակ որոշումներ ընդունել: Ամեն դեպքում, որոշում ընդունողը նախ և առաջ՝ կողմերն են, իսկ կողմերի առաջարկներին ԵԱՀԿ Մինսկի խմբի երեք համանախագահները պետք է իրենց համաձայնությունը տան: Ղարաբաղի մասնակցությունը բանակցություններին առաջիկայում չեմ տեսնում, որովհետև Հայաստանը չի պահանջում դա: Վիեննայի հանդիպումից հետո էլ թե՛ Ադրբեջանի, թե՛ Ռուսաստանի ներկայացուցիչներն ասացին, որ Հայաստանը նման հարց չի բարձրացրել: Եթե Հայաստանը նման հարց չի դնում, այն օդից չի հայտնվի օրակարգում»:
Քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Լևոն Շիրինյանն էլ այն կարծիքին է, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահները համախորհուրդ են աշխատում. «Մեկը խոսում է, մյուսները համաձայն են հետը: Եթե համանախագահող մյուս երկրները չուզենան, Ռուսաստանի դերը ո՞նց կաճի: Համանախագահող երկրներից մեկին առաջ են մղում, կամ էլ այդ մեկն իր ցանկությամբ է առաջ մղվում, բայց մյուսները, հավանաբար, համաձայն են դրա հետ: Պարադոքսալ վիճակ է առաջացել. Ադրբեջանը մերժում է որևէ կոմպրոմիս Հայաստանի հետ, իրենք ասում են՝ ամեն ինչ, կամ ոչինչ, հայկական կողմն էլ մի տարի առաջարկում է, վերցնող չկա: Գիքորի նման կանգնել՝ գոռում են՝ «էստի համեցե՜ք», բայց ուզող չկա»:
Քաղաքագետի կարծիքով՝ անկախ ամեն ինչից՝ հայ ժողովուրդը պետք է ունենա մեկ դիրքորոշում. «Ոչ մի թիզ հող»: Նրա խոսքով՝ Հայաստանում օդը լցված է դիվերսիոն գաղափարական հակամարտություններով. «Ոչ մեկը չգիտի՝ ինչ են տալու, բայց բոլորը տալուց են խոսում: Հայության մտքով 200 տարի է՝ վերցնելը չի անցնում, ինքը պատրաստ է ամեն ինչ տալու»:
Վերադառնալով թեմային՝ նա նշեց, որ ԵԱՀԿ ՄԽ մյուս համանախագահները հավանաբար ռուսների հետ գործարքի մեջ են. «Սպասում են՝ տեսնեն՝ ինչ կանի Ռուսաստանը: Բայց երբ ԱՄՆ-ում Քլինթոնը հաղթի, նա ռուսական կիտրոնը քամելու է մինչև վերջ: Եթե իշխանության գնա, Ռուսաստանին Ամերիկայի ոտքերի տակ տրորելու է թե՛ ֆինանսապես, թե՛ տեխնոլոգիապես: Ռուսաստանն այս ակտիվությունը կկորցնի: Դրա համար ԱՄՆ-ում ապրող հայությունը պետք է ամեն ինչ մի կողմ դնի ու քվեարկի Քլինթոնի օգտին: Ռուսները շան նման վախենում են Քլինթոնից. ամբողջ ռուսական եթերը լցված է Դեմոկրատական կուսակցության նկատմամբ վայրահաչություններով: Ղարաբաղյան հարցում էլ շրջելու հնարավորություն կունենանք. Ռուսական արջը կունենա զբաղմունք՝ թաթերը լիզել սեփական հայրենիքում, ոչ թե ճանկերը երկարացնել այս տարածք»:
Լ. Շիրինյանը նաև ընդգծեց, որ Ղարաբաղի հարցում կոմպրոմիսի գնալ չի կարելի. «Կոմպրոմիսը ցեղասպանության ճանապարհ է: Հայությունը պետք է խելքը գլուխը հավաքի ու կոմպրոմիսի բոլոր կողմնակիցներին Հայաստանից արտաքսի, տեսեք՝ կհաղթե՞նք, թե՞ ոչ. մենք հաստատ կմտնենք Յողլախ: Ովքեր ասում են՝ կոմպրոմիսի պետք է գնալ, ապրում են կամ Վաշինգտոնի, կամ Մոսկվայի համար: Ռուսներն ու ուկրաինացիները հարազատ ժողովուրդ են, բայց Ղրիմի հարցում ռուսները կոմպրոմիսի գնո՞ւմ են ուկրաինացիների հետ, ո՛չ»: