Բաժիններ՝

«Իրավիճակը թվում է պատային, բայց ելքեր հնարավոր են». Աշոտ Խուրշուդյան

168.am-ի հետ զրույցում Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի փորձագետ, տնտեսագետ Աշոտ Խուրշուդյանն անդրադառնում է հուլիսի 17-ից Երևանում տեղի ունեցող դեպքերին, երկրում ստեղծված բևեռացված տրամադրություններին:

– Ո՞րն է այս իրավիճակի առաջացման պատճառը:
– Երբ քաղաքական նպատակ հետապնդողը զենք է վերցնում, հիմնական պատճառը մեկն է, քաղաքական նպատակին այլ ճանապարհով հասնելու ելք չի տեսնում։ Կարելի է դիալեկտիկական մեծ քննարկում ծավալել, որ, մի կողմից՝ այդ ելքերը փակվել են իշխող քաղաքական ուժի կողմից, իսկ մյուս կողմից՝ քաղաքական հավակնություններ ունեցողը մարգինալ խումբ է ու հետևորդներ չուներ, այսինքն՝ ունակ չէր առանց բռնության քաղաքական գործընթացների մասնակցել։ Ամեն դեպքում, այլ ելք չտեսնելն է ստիպում գնալ ծայրահեղ քայլերի։
Մյուս պատճառը կարող է լինել սխալ հաշվարկը՝ հույսը, միայն դրական սցենարներ մշակելը: Արդեն իսկ հայտարարվել է, որ ոստիկան սպանելու ցանկություն չի եղել, այսինքն՝ նման բան չէին պլանավորել։ Սա արդեն իսկ խոսում է սխալ հաշվարկների մասին։

– Հուլիսի 17-ից մինչ այս պահը ավելի մոտեցե՞լ ենք խնդրի խաղաղ կարգավորմանը, թե՞ հեռացել ենք (և ինչո՞ւ):

– Խաղաղ կարգավորումը ենթադրում է միայն պրոֆեսիոնալ բանակցություններ։ Առաջին օրերի Ոստիկանության քայլերը պրոֆեսիոալ չէին, իսկ այս պահին տեղյակ չեմ, թե ինչ է տեղի ունենում։ Միտումը դրական է. այլևս զոհեր չկան, պատանդները բաց են թողնվում, գիտակցվում է խնդրի լրջությունը։

Կարդացեք նաև

Բացասական է Ոստիկանության՝ դեպքի վայրից դուրս պահվածքը։ Իրականում դրանք փոխկապակցված են։ Ճգնաժամի ժամանակ պետք չէ բավարարվել միայն ճգնաժամի օջախում գործողություններով՝ կարծելով, թե դրանից դուրս գործողությունները կապ չունեն սրա հետ։ Փոխենք միջադեպը, անունը դնենք՝ հրդեհ, դժբախտ պատահար, ատոմակայանում վթար… սրանք բոլորը ճգնաժամային օրինակներ են, որոնց դեպքում պետք է նաև այդ միջադեպով մտահոգվող ու անհանգստացող մարդկանց հետ աշխատել ու ճիշտ աշխատել. այնպես, որ խուճապ չլինի, լրացուցիչ ճգնաժամային իրադրություններ չստեղծվեն, յուրաքանչյուրը հասկանա այն կարմիր գծերը, որ չի կարելի անցնել, և այլն։ Իհարկե, կլինեն շատ մարդիկ, որոնք անվերապահորեն կվստահեն Ոստիկանությանն ու կողմ կքաշվեն։

Սակայն Հայաստանում այս պահին այսպես չէ։ Ոստիկանությունը սկսեց ավելի գրգռել մարդկանց, ավելի լարեց իրավիճակը, բազմապատկեց մտահոգությունները, խուճապը, անհանգստությունները ու նաև՝ իշխանության հանդեպ անվստահության աստիճանը։ Ուշ հասկացվեց, որ չի կարելի նման բան անել։

Այս պահին այնպիսի վիճակ ստեղծվեց, որ բանակցողը ոչ միայն պիտի հաղորդակցվի պատանդներին պահողների հետ, այլև «արտաքին աշխարհի» հետ։ Հասկացնի հնարավորի ու անհնարի սահմանները, ներկայացնի այն չափանիշները, որոնք այս պահին առաջնային են՝ իսկ դա բոլոր կողմերի համար, նախ և առաջ՝ զոհերի բացառմամբ խնդրի հանգուցալուծումն է։

 – Արդյոք այս երկկողմանի մեղադրանքները, նույնիսկ իրավիճակի հետ կապ չունեցող փոխադարձ մեղադրանքները չե՞ն բևեռացնում հասարակության երկու կողմերին, որից կարող են օգտվել և՛ ներքին որոշ ուժեր, և՛ արտաքին ուժեր:

– Բևեռացում հասարակությունում վաղուց կա, ինչն անդրադառնում է մարդկանց գնահատականների վրա։ Շատերը, ինքնաբերաբար, Հայաստանում տիրող վիճակի իրենց գնահատականը պրոյեկտում են միջադեպի վրա։ Հասարակությունը բազմաշերտ է, կարծիքներն էլ տարբեր են։ Այս պահին նույնիսկ կլինեն մարդիկ, որոնք անձնական խնդիր կփորձեն լուծել, կամ էլ այլ խմբային շահեր օրակարգ կմտցնեն։ Տեղի ունեցավ միջադեպ, որն արթնացրեց քաղաքական ու քաղաքացիական պրոցեսներ՝ իրենց համապատասխան օրակարգերով։ Միշտ է այդպես եղել, օրինակ, ցանկացած աղմկահարույց սպանությունից կամ անարդարության դրսևորումից հետո այդպես է լինում Հայաստանում։

Շատերը կարող են ձեռքները լվանալ ու ասել, որ մասնակից չեն այս պրոցեսներին։ Սակայն բևեռացումը հանգեցնում է նրան, որ սկսում են հնչել մեղադրանքներ նույնիսկ նման մարդկանց հասցեին, տեղի է ունենում «Ով մեզ հետ չի՝ մեր դեմ է» կարգախոսի կիրառումը։ Ակտիվ փոքրամասնությունը թելադրում է իրավիճակ։
Ավելին, տեղի է ունենում յուրօրինակ պրոցես՝ ոմանք սկսում են արժեզրկել պատանդների կյանքը։ Պատանդների հանդեպ խոշտագումների բացակայությունը սկսում են դիտարկել՝ որպես բարության նշան, մինչդեռ զենքի սպառնալիքով են նրանք այնտեղ պահվում։ Սա վտանգավոր սիմպտոմն է, երբ «նպատակն արդարացնում է միջոցը»։

Ու, ինչպես արդեն նշեցի, սրան նպաստում է Ոստիկանությունը, որը բռնություններ իրականացնելով ու անօրինական բերման ենթարկելով ցուցարարների կամ պատահական անցորդների՝ նպաստում է նման ընկալումներին, արդարացնում ու հիմնավորում է դրանք։

– Փակուղի՞ է, թե՞ ելքեր կան, և ինչպիսի՞ քայլեր պետք է անեն իշխանությունները, զինված խումբը և քաղաքական ուժերը:

– Իրավիճակը թվում է փակուղային, հատկապես՝ սպանված ոստիկանի առկայության պարագայում։ Ամենադժվարը հասկանալն է, որ այս մեթոդով անհնար է արդյունքի հասնել։ Պետք է անուրջներից իջնել իրականություն ու հասկանալ, թե ինչն է իրատեսական, ինչը՝ ոչ։ Ոչ իրատեսական նպատակի հետևից տանելով ու տանուլ տալով՝ ավելի ես վնասելու նպատակներիդ։ Ու սա բոլորին է վերաբերում. զինված ապստամբները մտածում էին, որ զենքով ու անձնազոհությամբ հնարավոր կլիներ հասնել իրենց նպատակին, Ոստիկանությանը թվում էր, որ մարդկանց վախեցնելով՝ կզսպեն հնարավոր աջակիցների ելքը փողոցներ, իսկ իշխանություններին էլ թվում է, որ սա հերթական միջադեպն է, որից հետո կարելի է նույն կերպ շարունակել կառավարել երկիրը։ Հավելեմ մեծ հավակնություններ ունեցող բազմաթիվ այլ քաղաքական կուսակցությունների, որոնց թվում է, որ կրավորական դիրքով հնարավոր է «առաջնորդել» մարդկանց։ Ահա այս բոլոր կողմերը միմյանց հետ հաղորդակցելու ու բանակցելու շատ թեմաներ ունեն։ Խնդիրների միախառնումն է պատային նաև դարձնում իրավիճակը՝ մի մասը՝ շատ երկարաժամկետ խնդիրներ, իսկ մի մասը՝ մասնավորապես, պատանդների հետ կապված խնդիրը, հրատապ լուծում պահանջող։

Քանի որ տարբեր խնդիրներ խառնվել են իրար, ապա առնվազն պետք է ճիշտ ազդակներ տալ։ Սխալ ազդակներ տալով, մասնավորապես՝ քաջալերելով բռնությունը կամ էլ անօրինականությունը, մենք կստեղծենք ապագա ավելի լուրջ ճգնաժամային իրավիճակ։ Այս պահին կան ինչպես՝ լավ սցենարներ, այնպես էլ՝ վատ ու վատագույն սցենարներ։

Ինձ իրավունք չեմ վերապահի ասել, թե ով ինչ անի, ամեն մեկն ինքնուրույն է դա որոշում, սակայն ասելիքը, ազդակը պետք է հստակ ու իրատեսական լինի, ոչ թե լղոզված ու ոչինչ չասող, բայց ականջ շոյող։ Պատասխանատվությունը պակասում է մեր քաղաքական մշակույթում։ Անձամբ ես առաջին օրվանից ասել եմ. լավագույն լուծումը զենքերը վայր դնել ու հանձնվելն է։ Հնչում է պարտվողական, բայց ես սա համարում եմ իրատեսական, քանի որ ցանկացած այլ ելք հղի է ավելի լուրջ հետևանքներով ու ավելի վնասակար է լինելու հանրության համար, թեկուզ հենց լարվածության խորացումն ու արտակարգ իրավիճակի հայտարարումը՝ հետագա ավտորիտարիզմի խորացման հնարավոր սցենարով։ Իսկ իշխանություններին էլ ասում եմ, որ եթե միջադեպից հետո կամ հենց հիմա չվերանայեն բևեռացման ու օտարացման հանգեցրած տարիների կառավարումը, հստակ չսկսեն սխալների շտկումը, ապա ճգնաժամը շարունակվելու է, ու հաջորդ ընտրություններին ավելի լարված իրավիճակ կարող է լինել։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս