«Ռուսաստանի նոր՝ արգելված գոտին. Հարավային Կովկաս». The National Interest

The National Interest-ում գրած հոդվածում Սևծովյան տարածաշրջանի անվտանգության, ՆԱՏՕ-ի ռազմավարության հարցերով փորձագետ, Մեծ Բրիտանիայի Լեսթերի համալսարանի հետախուզության, անվտանգության ու ռազմավարության բաժնի գիտաշխատող, վաշինգտոնյան Կենտրոնական Ասիայի և Կովկասի ինստիտուտի տարածաշրջանային անվտանգության հարցերով վերլուծաբան, պ․գ․թ․ էդուարդ Աբրահամյանն անդրադարձել է Հայաստանի և Ռուսաստանի համագործակցությանը հակաօդային պաշտպանության ոլորտում:

Ըստ հոդվածագրի՝ մինչ ՆԱՏՕ-ն վճռական է իր ջանքերում՝ զսպել Ռուսաստանի հավակնություններն արևելյան ճակատում, Ռուսաստանը որոշել է Հայաստանի հետ միասնական տարածաշրջանային, հակաօդային պաշտպանության համակարգ ստեղծել՝ որպես պատասխան Հյուսիսատլանտյան դաշինքի սևծովյան արևելյան շրջաններում ակտիվության:

Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանի ՀՕՊ միացյալ տարածաշրջանային համակարգի մասին համաձայնագիրը նպատակ ունի բարձրացնել Ռուսաստանի վերահսկողությունը տարածաշրջանում:

Թեև ֆինանսական և տեխնոլոգիական դժվարություններն ակնհայտորեն սահմանափակում են Ռուսաստանի՝ ՆԱՏՕ-ի պաշտպանության և զսպման ռազմավարությանը պատասխանելու հնարավորությունը, առկա են նաև օբյեկտիվ քաղաքական խոչընդոտներ, որոնց բախվում է Ռուսաստանը: Պատճառներից մեկը Վրաստանի ձգտումն է՝ ինտեգրվել Եվրաատլանտյան դաշինքին: Դա իրենից ենթադրում է աշխարհագրական արգելքներ Սև ծովի հյուսիսարևելյան հատվածում Ռուսաստանի ռազմաքաղաքական գերիշխանության դեմ:

Կարդացեք նաև

Այս պայմաններում Մոսկվան ձգտում է համաձայնեցված ռազմական գործողությունների մեջ ներքաշել ՀԱՊԿ անդամ Հայաստանին:

Ռուսաստանի հետ անվտանգության կապերը Հայաստանն ամրագրել է երկկողմ համաձայնագրերով, որոնք Մոսկվայի հետ կնքվել են 1995 թվականին: Դրա համաձայն են Հայաստանում՝ Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազան և Երևանին կից տեղակայված ավիաբազան:

Անդրադառնալով այս համատեքստում Վրաստանին՝ հոդվածագիրը կարծում է, որ Մոսկվայի նախաձեռնությունը՝ կլանել Հայաստանի հակաօդային պաշտպանության համակարգը, դրան գումարած՝ Ռուսատանի ռազմական ներկայությունը տարածաշրջանում, Թբիլիսիում կարող է հարուցել հավելյալ մտավախություններ:

Ըստ Հայաստանի և Ռուսաստանի միջև համաձայնության՝ հոդվածագիրը նշում է, որ դրանով իսկ Ռուսաստանը կկարողանա «վերահսկողության համակարգ» սահմանել Հարավային Կովկասի օդային տարածքում։

Նախաձեռնությունը, որը սկզբնավորվել է 2015թ. վերջին Մոսկվայում, Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հայտարարել էր, թե միասնական հակաօդային պաշտպանության համակարգը հիմնվում է հիերարխիկ սկզբունքների վրա:

Գտնվելով Արևմուտքի և Ռուսաստանի միջև՝ Հայաստանն ավելի է մեկուսանում՝ գտնվելով Մոսկվայի անընդհատ շարունակվող ճնշման ներքո՝ լքելու ՆԱՏՕ-ի և ԵՄ-ի հետ ինտեգրացիոն կուրսը։ Դրա հետևանքով՝ խախտվել է ՆԱՏՕ-ի հետ համագործակցության կայունությունը, իսկ Եվրամիության հետ հարաբերությունները ճգնաժամ են ապրում։

Հայաստանում կան երկիր-օդ դասի մի շարք հրթիռային համակարգեր, ներառյալ՝ S-300PS մի քանի գումարտակներ (ՆԱՏՕ-ն դրանց տալիս է SA-10 Grumble անունը), որոնք նաև գտնվում են Լեռնային Ղարաբաղի տարածքում:

Ի հավելումն, 2014թ. վերջին Ռուսաստանը տեղակայել է նաև S-300B գումարտակ իր ռուսական 102-րդ ռազմաբազայում, որը նաև ռիսկեր է պարունակում Հայաստանի և Վրաստանի համար:

Օդային համակարգի «վերահսկման համակարգեր» են ստեղծվում նաև Ղրիմում, Աբխազիայում, Հարավային Օսիայում և Հայաստանում:

Ռուսաստանի կողմից ձեռնարկվող այս բոլոր միջոցառումները դրամատիկորեն փոխել են իրավիճակն անվտանգության պլանում՝ ԱՄՆ-ի ու ՆԱՏՕ-ի համար ստեղծելով զգալի դժվարություններ տարածաշրջանում իշխանության հետագա նախագծման համար։

Կրեմլի՝ Հայաստանի հակաօդային պաշտպանության կարողությունները ստորադասելու նախաձեռնությունը կարող է բարձրացնել ռիսկերը սևծովյան անվտանգության միջավայրում։

էդուարդ Աբրահամյանը, համադրելով փաստերը, գրում է, թե թվում է՝ Հայաստանի կառավարությունն այնքան էլ հակված չէ վավերացնել Ռուսաստանի հետ համաձայնագիրը:

Այդուհանդերձ, որոշ հայ խորհրդարանականներ ակնարկում են, թե դրա ձգձգման պարագայում Մոսկվան կարող է ճնշում գործադրել Երևանի վրա՝ ուշացնելով Հայաստանին խոստացած ռազմական տեխնիկան:

Տեսանյութեր

Լրահոս