Տաքսի-տաքսի. Դեպի «մինիմալ» շահույթ

Կիրակի օրը ֆեյսբուքահայության քննարկման գլխավոր թեման ոչ թե՝ ֆուտբոլն էր, այլ «gg» տաքսի ծառայության համահիմնադիր Խաչատուր Գրիգորյանի ելույթը Barcamp Yerevan-ի ժամանակ։

Ֆեյսբուքահայությունը բաժանվել էր 2 մասի՝ մի մասը գտնում էր, որ ելույթը և պրեզենտացիան խիստ անհաջող էր՝ պարտվողին բնորոշ մուննաթախառն անընդունելի տոնով, ինչի հետևանքով «gg»-ից օգտվողների թիվը նվազելու է։ Մյուս մասը՝ հակառակը՝ գտնում էր, որ թեկուզ էմոցիոնալ ելույթն արդարացված էր և չի կարելի թույլ տալ, որ Yandex-Taxi-ն գնային դեմպինգի միջոցով սնանկացնի շուկայի մյուս խաղացողներին ու դառնա մոնոպոլիստ։ Սակայն ամեն ինչ՝ հերթով։

Ապրիլի սկզբին հայտնի դարձավ, որ առաջիկայում հայաստանյան օնլայն տաքսի ծառայությունների շուկա մուտք կգործի նոր ընկերություն` ի դեմս «Яндекс.Такси»-ի։ Վերջինս Ռուսաստանի խոշորագույն օնլայն տաքսի ծառայությունն է, աշխատում է ՌԴ 15 քաղաքներում և Մինսկում։ Այն ակտիվորեն ընդլայնում է իր աշխարհագրությունը` ուշադրության կենտրոնում պահելով նաև ԱՊՀ երկրները։ Ընկերության PR նախագծերի ղեկավար Էլինա Ստավիսկայան դեռ այն ժամանակ ասել էր, որ սկզբնական շրջանում իրենց ծառայությունը կգործի միայն Երևանում, իսկ հետագայում նախատեսում են ներառել այլ քաղաքներ ևս։ Ավելին՝ ընկերության ներկայացուցիչը նշել էր, որ դիտարկում են տեղական շուկայում գործող օնլայն ծառայությունները գնելու հնարավորությունը։ Հայաստանյան շուկայում գործող ընկերությունները, բնականաբար, ոգևորված չէին շուկայի նոր խաղացողի մուտքով, սակայն անհանգստությունն այդքան ակնհայտ չէր երևում։

TAXI-01

Շաբաթ օրը Yandex Taxi-ի ներկայացուցիչ Դանիլ Շուլեյկոն Barcamp Yerevan-ի ժամանակ որոշ փակագծեր բացեց՝ նշելով, որ ծառայությունը կմեկնարկի արդեն հուլիսի 1-ից։ Իսկ ամենաքննարկվող կետը դարձավ Yandex Taxi-ի կողմից առաջարկվող սակագինը։ Հայաստանյան տաքսի ծառայությունների շուկայում վաղուց հաստատված 500-600 դրամ նվազագույն վճարի կամ, ինչպես ընդունված է ասել, «մինիմալի» փոխարեն՝ այս ընկերությունն առաջարկում է 100 դրամ «մինիմալ»։ Այսինքն՝ առաջին 2 կմ-ի համար ուղևորը վճարում է 100 դրամ (ամեն կմ-ի համար՝ 50 դրամ), իսկ դրան հաջորդող յուրաքանչյուր կմ-ի համար՝ ևս 100 դրամ։ Սա արդեն մարտահրավեր է։

Ու զարմանալի չէր, որ շատերն անմիջապես ենթադրեցին՝ Yandex-ն իր մեծության ու ռեսուրսների շնորհիվ՝ գնային դեմպինգի է գնում։ Այսինքն՝ ողջամիտից ցածր գին առաջարկելով՝ սնանկացնելու է շուկայի տեղական խաղացողներին, դառնա մոնոպոլիստ և բարձրացնի գները։ Ու Yandex-ի ագրեսիվ մուտքը շուկա, բնականաբար, դեր խաղաց, որ հաջորդ օրը ելույթ ունեցող «gg»-ի ներկայացուցչի ելույթը բավականին զգացմունքային ստացվեր։ Գլխավոր շեշտը հայրենասիրությունն էր, որ չի կարելի մեկ-երկու կոպեկի համար թույլ տալ, որ ռուսական ընկերությունը կուլ տա տեղական բիզնեսը։

«gg»-ի համահիմնադրի այս ելույթն ավելի շատ քննարկվեց, քան Yandex Taxi-ինը՝ սկսած բովանդակությունից, վերջացրած ձևակերպումներով ու տոնայնությամբ։ Օնլայն տաքսի ծառայությունների մյուս խոշոր ընկերությունը՝ MobiTaxi-ն, դեռևս այս հարցով հրապարակային տեսակետ չի հայտնել, սակայն դժվար չէ ենթադրել, որ այնտեղ նույնպես ռիսկեր են տեսնում։

Գլխավոր պատճառներից մեկը տաքսի ծառայությունների շուկայի փոքրացումն է, որտեղ խաղացողների համար գնալով ավելի ու ավելի քիչ տեղ է մնում։

Որքա՞ն է այդ շուկայի մեծությունը։ Yandex-ի ներկայացուցիչը, օրինակ, իր ելույթում նշեց, որ Հայաստանում գործում է մոտ 25 հազար տաքսի, որոնց կեսը որևէ կերպ գրանցված չէ։ Սա, իհարկե, իրենց ուսումնասիրության արդյունքն է, և դժվար է ասել՝ որքանով է մոտ իրականությանը։

Տաքսիների շուկայի մասին որոշակի տվյալներ հրապարակում է նաև պաշտոնական վիճակագրությունը։ Մասնավորապես, Ազգային վիճակագրական ծառայությունը պարբերաբար հրապարակում է տրանսպորտին վերաբերող տվյալներ, որտեղ երևում է նաև տաքսիների միջոցով իրականացված ուղևորափոխադրումների ծավալը (քանի ուղևոր են տեղափոխել տաքսիները)։ Մենք դուրս ենք բերել վերջին 9 տարիների վիճակագրությունը (2007-2015թթ.), ու ստացված գրաֆիկին նայելով՝ միանգամից հասկանալի է դառնում, թե տաքսի շուկայի խաղացողներն ինչու են այդքան զգայուն նոր մրցակիցների մուտքի նկատմամբ։

Ինչպես տեսնում եք, 2015-ի ընթացքում տաքսիների միջոցով ուղևորափոխադրումների ծավալը կազմել է 10.3 մլն մարդ։ Նախորդ տարի՝ 2014 թվականին, տաքսիների ուղևորների թիվը 12.7 մլն էր, իսկ դրանից առաջ՝ ավելի շատ։ 2010-ին տաքսիների ուղևորների թիվը հասել է առավելագույնին՝ ավելի քան 18 մլն, ու դրանից հետո կայուն կերպով նվազել է։ Ընդ որում, նվազման միտումը շարունակվում է նաև 2016 թվականին` 23.8 մլն ուղևոր-կմ, ինչը մեկ քառորդով պակաս է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից։

Իհարկե, շատ դժվար է հասկանալ, թե ԱՎԾ-ի այս թիվը որքանով է արտացոլում իրականությունը (հաշվի առնելով ստվերը), սակայն փոփոխությունները տեսնելուն դա չի խանգարում։ Պատճառները տարբեր են՝ արտագաղթ, գնողունակության անկում, կամ սեփական մեքենա շահագործողների քանակի ավելացում։ Փաստն այն է, որ վերջին տարիներին շուկան գնալով փոքրացել է։ Ու ԱՎԾ-ի թվերը հիմք ընդունելով՝ կարելի է մոտավոր հաշվել, որ տաքսի ծառայությունների շուկայի տարեկան ծավալը 9.5-10 մլրդ դրամ է (20-21 մլն դոլար)։

Երկրորդ փաստն այն է, որ շուկայի փոքրացմանը զուգահեռ՝ ավելացել է շուկայի մասնակիցների թիվը (տաքսիների քանակը)։ Ավելացել է՝ հիմնականում անհատ տաքսի վարորդների հաշվին։ Այսինքն՝ մրցակցությունը թեժացել է։ Մյուս կողմից՝ այս ամենին զուգահեռ, զգալիորեն աճել է օնլայն-տաքսիներին բաժին ընկնող մասը։

Օնլայն տաքսիները սեփական ավտոպարկ չունեն և աշխատում են սեփական մեքենա ունեցող անհատ վարորդների հետ։ Ու ստացվում է՝ շուկայի փոքրացման ու մրցակցության թեժացման արդյունքում՝ ամենից շատ տուժել են ավանդական տաքսի-ծառայությունները։
Օնլայն-տաքսիներին հաջողվել է նորարարական մոտեցման շնորհիվ գրավել շուկայի մի զգալի մասը, քանի որ մրցակիցները եղել են լճացած։ Ու հիմա եկել է էվոլյուցիայի երրորդ փուլը՝ շուկա է մտնում նոր՝ հզոր մրցակից, որը «Գայուշ-Ստյոպ» տաքսի ծառայությունը չէ, այլ ունի լուրջ հմտություններ, թիմ, փորձ և ռեսուրսներ։ Նա գալիս է, որ պոկի փոքրացող տորթից իր բաժինը։ Ու պոկելու է ոչ թե անհատ տաքսու վարորդներից ու ավանդական «սերվիսներից», այլ օնլայն տաքսի ծառայություններից։

Ինչպե՞ս է պետք սրա դեմ պայքարել։ Իհարկե, մրցակցելով՝ առաջարկելով ավելի լայն ու որակյալ ծառայություններ։ Սակայն կոնկրետ «gg»-ի համահիմնադրի ելույթից այնպիսի տպավորություն ստեղծվեց, որ նրանք շեշտը դնում են ուղևորների հայրենասիրական զգացմունքների վրա՝ օգտվեք մեր ծառայությունից, քանի որ այն հայկական է։ Այս հարցը քաղաքական, բարոյական ու հայրենասիրական դաշտ տեղափոխելը շատերը կարող են ընկալել՝ որպես թուլության անուղղակի խոստովանություն։

Բացի այդ, եթե ընկերությունը նպատակ ունի դուրս գալ այլ երկրների շուկա, ապա ռազմահայրենասիրական ասպեկտի մասին պետք է մոռանա, քանի որ մեկ այլ երկրում դա կարող է օգտագործվել իր դեմ։ Չի բացառվում նաև, որ «gg»-ի այս քայլը մարքետինգային հնարք է՝ ցույց տալ, որ թույլ ես, որ անհանգիստ ես ու ցայտնոտի մեջ ես, սակայն իրականում նախապատրաստվել մրցակցությանն ու նոր որակի գործիքակազմով անակնկալի բերել նոր մրցակցին։ Ի վերջո, «gg»-ի պատմությունը վկայում է, որ այստեղ հավաքված է կրեատիվ ու նպատակասլաց թիմ, որը 2 ամսից ավելի ժամանակ ուներ մարտահրավերներին պատրաստվելու համար։

Այնպես որ, դժվար է ասել՝ ընկերություններից ո՞վ է շահելու կամ կորցնելու թեժացող մրցակցության մեջ։ Միակ կողմը, որ հաստատ կշահի մրցակցությունից, ուղևորն է, որովհետև մրցակցությունը բերում է ավելի խելամիտ գներ և ավելի որակյալ ծառայություններ։

Տեսանյութեր

Լրահոս