«Հայաստանում տարածված են ճողվածքները, թութքը, խպիպը, նաև քաղցկեղը». Հայտնի վիրաբույժ Ջանի Հադաթը Հայաստանում է

Արդեն 37-րդ անգամ, անվճար վիրահատություններ կատարելու բարեգործական ծրագրով, Հայաստանում է բժշկական գիտությունների դոկտոր, վիրաբույժ, բազմաթիվ բժշկական աշխատությունների հեղինակ, ACMA-ի (Հայկական Քրիստոնեական Բժշկական Ասոցիացիայի) հիմնադիր և նախագահ դոկտոր Ջանի Հադաթը: Տարին 2-3 անգամ սիրիահայ բժիշկը գալիս ու վիրահատություններ է անցկացնում Հայաստանի տարբեր բժշկական հաստատություններում և ԼՂՀ-ում: Այս այցի շրջանակներում` 1 շաբաթվա ընթացքում, նա արդեն զննել կամ վիրահատել է 700 հիվանդի:

Այս անգամ էլ Ջանի Հադաթը 2 օր Գյումրիում էր: Հունիսի 10-ին բժիշկը տարաբնույթ 15 վիրահատություներ է կատարել, իսկ հունիսի 11-ին արդեն նախատեսում է 17 վիրահատություն իրականացնել: Բժիշկը դեռևս 2000 թվականից իր կյանքի սկզբունքն է դարձրել պարբերաբար Հայաստան այցելելով` անվճար վիրահատություններ կատարելն ու բուժօգնություն ցուցաբերելը, բայց արմատներն ու նախապատմությունը բավականին խորն են՝ 1988թ. աղետալի երկրաշարժի ժամանակ բժիշկն աշխատում էր Քուվեյթում: Հենց այդ թվականից էլ սկսել է իմ ծառայությունը. առաջին օգնությունը եղավ տ եխնիկայի և դեղորայքի տեսքով:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց բժիշկը, 2000 թվականից Հայաստանում նա սկսել է բժշկական բարեգործական գործունեություն ծավալել: Առաջին խմբում ընդամենը երկու բժիշկ էր, իսկ հիմա արդեն մեծ խումբ է: Ավելին, Ջանի Հադաթի կողմից վերապատրաստվում են նաև տեղի մասնագետները:

Ինչպես նշում է սիրիահայ բժիշկը, Հայաստանում տարածված են ճողվածքները, թութքը, խպիպը, նաև քաղցկեղը: «Ցավոք, շատերը դիմում են, երբ խնդիրն արդեն շատ բարդացած է, իսկ բուժումը շատ թանկ արժե: Այս ընթացքում մոտ 700 հիվանդի եմ զննել, նրանցից 200-ի մոտ խպիպ էր»,- նշեց Ջանի Հադաթը՝ փաստելով, որ դրա հիմնական պատճառը Հայաստանի լեռնային լինելն է: «Այս ընթացքում նույնիսկ Սիրիայից Հայաստան եկած այն մարդկանց մոտ, ովքեր մինչ այդ չեն ունեցել այս խնդիրը, արդեն նկատվում է դա, դրա համար խորհուրդ եմ տալի շատ օգտագործել յոդացված աղ: Շատ լուրջ են նաև լեղապարկային հիվանդությունները»,- հավելեց Ջանի Հադաթը՝ փաստելով, որ ցանկացած վիրահատություն կատարվում է փոքր բացվածքով, ինչը հնարավորություն է տալիս հիվանդին հենց նույն կամ հաջորդ օրն արդեն դուրս գրվել հիվանդանոցից:

Արմենուհի Մխոյան

Տեսանյութեր

Լրահոս