«Ակոս»-ի բաց նամակը Արամ արքեպսիկոպոս Աթեշյանին

Ստամբուլի հայկական «Ակոս» պարբերականը բաց նամակ է հրապարակել` ուղղված Պոլսո Հայոց պատրիարքական փոխանորդ Արամ արքեպսիկոպոս Աթեշյանին` կապված վերջինիս կողմից Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին ուղղված նամակի հետ: «Ակոս»-ի խմբագրակազմը հայտնել է, որ իրենք մեծ բարկությամբ են ընթերցել Աթեշյանի նամակը, որտեղ պատրիարքական փոխանորդը Էրդողանին հայտնել էր, թե իբր Թուրքիայի հայ համայնքը Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունման փաստը մեծ ցավով է ընդունել:

«Ընդունեք այս նամակը որպես այդ համայնքի անդամը հանդիսացողների, սակայն Ձեր տեսակետները և ձևակերպումները չընդունողների ձայնը: Մի երկրի կողմից սեփական քաղաքացի համարվող ժողովրդին իրենց իսկ բնակեցրած տարածքներից գրեթե ամբողջությամբ ոչնչացմանը ձեր կողմից տրված «Առաջին աշխարհամարտի տարիների ողբերգական ժամանակաշրջանում տեղի ունեցած դեպքեր» ձևակերպումը վիրավորանք է զոհերի և ողջ մնացածների հասցեին»,- ասվում է «Ակոս»-ի բաց նամակում:

Պարբերականի խմբագրակազմի դիտարկմամբ` հայերը ականատեսն են եղել նրա, որ թե’ 1915 թվականից հետո, թե’ 1942 թվականի «Ունեցվածքի հարկի» ժամանակահատվածում, թե’ 1955 թվականի սեպտեմբերի 6-7-ի կոտորածների ընթացքում, թե’ կիպրական հարցի թեժացման փուլում քաղաքական դաշտի լարումը հանգեցրել է իրենց դեմ խտրական, ֆաշիստական և հրապարակային սպառնալիքների քաղաքականության: Իսկ 2007 թվականի հունվարի 19-ին հայերն ականտես եղան սեփական անձը հայ և թուրք ժողովուրդների հաշտեցմանը նվիրած անձի` Հրանտ Դինքի սպանությանը:

«Ասելով, թե «որպես պատրիարքական փոխանորդ շարունակելու եք աղոթել Թուրքիայի ու Հայաստանի բարեկամության և բարիդրացիական հարաբերությունների համար»` ինչպե՞ս կմեկնաբանեք ինքներդ Ձեզ և Ձեր խղճի առաջ, որ այն անձը, ում դիմել եք նամակում` նախագահ Էրդողանը, ինչպես ամեն հարմար առիթի դեպքում, այնպես էլ դեռևս երկու օր առաջ` բանաձևի ընդունումից հետո, որպես հակազդեցություն սպառնաց Թուրքիայում գտնվող Հայաստանի քաղաքացիներին»,- նշել են «Ակոս»-ից` մեջբերելով Էրդողանի խոսքերը:

«Հայոց ցեղասպանությունը` որպես մարդկության դեմ իրականացված հանցագործություն, բացի հայերից ողջ մարդկության խնդիրն է»,- ասվում է նամակում` ընդգծելով, որ երկու ժողովուրդների համատեղ ապագան, որի համար խոստացել էր աղոթել Աթեշյանը, հնարավոր է միայն առերեսման և ճնշումների դադարեցման պարագայում:

«Հարգելի արքեպիսկոպոս, ասացիք, թե «հայ ժողովրդի շրջանում տրավմա առաջացրած այս ցավը միջազգային քաղաքական դաշտում օգտագործելն իրականում դարձել է տխրելու և ցավելու աղբյուր»: Ճիշտ է, այս նամակը գրելու համար Ձեզ վրա արված ճնշումը մեզ համար տխրելու և ցավելու աղբյուր է: Թուրքիայի հայկական համայնքը վիրավորվել է ոչ թե այս բանաձևի ընդունումից (Գերմանիայի Բունդեսթագի բանաձևը-խմբ.), ինչպես նշել եք Դուք, այլ` Ձեր այս տողերից»,- նշել է «Ակոս»-ի խմբագրակազմը` ընդգծելով, որ Էրդողանին ուղղված նամակում արված գրառումն այն մասին, թե «հա յ ժողովուրդը օգտագործվում է իմպերիալիստական ուժերի կողմից», ընկալվում է, որպես ժխտողականության դրսևորում: «Մոտ ապագայում կտեսնենք, թե ինչպես են ոմանք ծափողջույններով ընդունում ձեր այդ ձևակերպումը»,- ասվում է «Ակոս»-ի բաց նամակում:

Տեսանյութեր

Լրահոս