«Չափազանց վտանգավոր կարող է լինել Թուրքիայի վրայից պատասխանատվության փոխանցումը՝ նրա «հանցակից» Գերմանիան»
«Ինչ որ առումով Բունդեստագում Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձևի ընդունումն անակնկալ էր մեզ համար ոչ միայն այն տեսանկյունից, որ գերմանական Բունդեստագը կողմ քվեարկեց, այլ, որ այս կարգի համերաշխություն դրսևորեցին բոլոր քաղաքական ուժերը, որոնք ներկայացված էին գերմանական խորհրդարանում»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում այս մասին նշեց Սահմանադրական դատարանի միջազգային իրավունքի փորձագետ Վլադիմիր Վարդանյանը՝ ընդգծելով, որ բանաձևի ընդունմամբ Եվրոպայում էապես ընդլայնվում է Ցեղասպանության ճանաչման աշխարհագրությունը, ինչն ըստ նրա՝ լուրջ գործոն է, սակայն սա չի նշանակում, որ պետք է հայ ժողովուրդն էյֆորիայի մեջ ընկնի:
Իրավական տեսանկյունից նա կարևորեց այն հանգամանքը, որ, ի վերջո, գերմանական խորհրդարանը իրավական փաստաթղթով այդ արարքները որակեց՝ Ցեղասպանություն. «Ինչ որ առումով սա պատասխան էր Եվրոպական դատարանի այդ կասկածամիտ դիրքորոշմանը, որ արտահայտվել էր մինչև Մեծ պալատի որոշումը, որտեղ կասկածի տակ էր դրվել Հայոց ցեղասպանության եղելության փաստը»:
Ըստ նրա՝ չափազանց վտանգավոր կարող է լինել Թուրքիայի վրայից պատասխանատվության փոխանցումը՝ նրա «հանցակից» Գերմանիան.
«Սա կա կարող է կանխել հետագա ճանաչումների գործընթացը: Չպետք է թերագնահատել կամ գերագնահատել Բունդեստագի բանաձևը»:
Փորձագետն ընդգծեց, որ փաստաթուղթն իրավական հետևանք Թուրքիայի վրա չի ունենալու. «Իրավական տեսանկյունից դա Գերմանիայի օրենսդրության բաղկացուցիչ մաս է, բայց ճանաչումների գործընթացը չափազանց կարևոր իրավաքաղաքական ֆոն է ստեղծում, որի միջոցով իրավական դաշտում կարելի է հաջողության հասնել թե՛ Թուրքիայում, թե՛ միջազգային տարբեր ատյաններում: Սա հերթական բանաձևերից մեկն է, որ ընդունել է աշխարհի հզոր տնտեսություն ունեցող երկրներից մեկը, ինչը չի կարող անտեսվել»: