«Այո՛, Բաքուն սպառազինվելու չեմպիոն է դարձել». Շավարշ Քոչարյանի հարցազրույցը «Die Presse»-ին
ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանի հարցազրույցը ավստրիական «Die Presse» օրաթերթին
– Պատրա՞ստ եք Ադրբեջանի հետ բանակցություններին:
– Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ բանակցությունները շարունակելու համար անհրաժեշտ է ամրապնդել զինադադարի ռեժիմը: Երբ շարունակում են կրակոցները, հնարավոր չէ բանակցել:
– Տեսականորեն գործում է զինադադարը: Ինչո՞ւ այն չի պահպանվում:
– Զինադադարը հաստատված է 1994թ. կնքված զինրադադարի մասին եռակողմ (Լեռնային Ղարաբաղ, Հայաստան, Ադրբեջան) պայմանագրով: Չնայած պարբերաբար խախտումներին՝ այն առ այսօր գործում է: Ապրիլի 2-ին Ադրբեջանը խախտեց այդ պայմանագիրը՝ ծավալելով ռազմական գործողություններ: Ապրիլի 5-ին՝ համաձայն բանավոր պայմանավորվածության, վերականգնվեց 1994թ. պայմանագրի գործողությունը: Ադրբեջանը փորձում է տապալել Մինսկի գործընթացը: Այժմ կարևոր է, որ զինադադարի ռեժիմն ամրապնդվի: Մեզ մոտ զինվորները ապրիլի 5-ից հետո էլ են զոհվել:
– Մյուս կողմում էլ նույնն է, հայտնում են Բաքվից:
– Չեմ կարող դա բացառել, քանի որ Լեռնային Ղարաբաղի բանակը ստիպված է պատասխանել կրակոցներին:
– Ինչո՞ւ դա տեղի ունեցավ հենց այս ժամանակ:
– Սա Բաքվին ուղղվելիք հարց է: Տարբեր պատճառներ կարող են լինել: Բաքվի քաղաքականությունն է՝ այս հակամարտությունը բռնի ճանապարհով լուծել: Ակնհայտորեն, խաբկանք ունեին՝ բլիցկրիգ իրականացնելու: Դա չհաջողվեց: Երկրում մեծ դժգոհություն կա՝ կապված կոռումպացված ռեժիմի հետ: Պատերազմի միջոցով կարելի է ուշադրությունը շեղել:
– Միգուցե, սա փորձնական քայլ էր: Կարո՞ղ են Հայաստանն ու Ղարաբաղն իրենց քաղաքացիներին ընդհանրապես պաշտպանել:
– Պատերազմը վտանգ է բոլորիս համար՝ թե՛ հայերի, թե՛ ադրբեջանցիների: Իրենք ցույց տվեցին, որ իրենք այդ պայմանավորվածություններին չեն հետևում: Երբ խոսքը գնում է զինտեխնիկային, պետք է նշել, որ, այո՛, Բաքուն սպառազինվելու չեմպիոն է դարձել: Բայց դա չօգնեց իրեն ծրագրված բլիցկրիգն իրականացնելու հարցում:
– Ի՞նչ ելք կա այս չափազանց վտանգավոր իրավիճակից:
– Միջազգային միջնորդները պետք է Բաքվի հարձակումները հստակ դատապարտեն, այլևս չի կարելի աչք փակել: Բաքուն ամբողջ ընթացքում պահանջում է վերադարձնել «գրավյալ» տարածքները, սակայն լռում է այն մասին, որ նաև կան Լեռնային Ղարաբաղի շրջաններ, որոնք գտնվում են ադրբեջանական հսկողության տակ: Մադրիդյան սկզբունքներում խոսվում է Ղարաբաղի ինքնորոշման և Ադրբեջանի տարածքային ամբողջականության մասին՝ այստեղ փոխզիջման հնարավորություն կա:
– Դուք պատրա՞ստ եք դրան:
– Միակողմանի փոխզիջում չի լինելու: Անհրաժեշտ է գիտակցել, որ կան հարցեր, որոնք Հայաստանի իրավասության մեջ չեն գտնվում: Երևանը չի կարող ասել՝ մենք պատրաստ ենք հանձնել տարածքներ, այն դեպքում, երբ դա վերաբերում է Լեռնային Ղարաբաղին: Երևանը չի կարող Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի մասին որոշում կայացնել: Դա իրենք` ԼՂ-ն, պետք է որոշեն: Մենք չենք ճանաչում Լեռնային Ղարաբաղը, որպեսզի պահպանվի բանակցային գործընթացը:
– Ներկայումս քննարկումներ են ընթանում Հայաստանի կողմից ճանաչման շուրջ:
– Ինչպես հայտարարել է Նախագահ Սերժ Սարգսյանը, եթե Ադրբեջանը լայնամասշտաբ ագրեսիա ծավալի, դա կհանգեցնի Հայաստանի կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչմանը:
– Ռուսաստանը սկսել է միջնորդական նոր նախաձեռնություն: Արդյո՞ք Մոսկվան իրոք ձեր դաշնակիցն է:
– Ռուսաստանը միջնորդ է հակամարտություան մեջ, նա պետք է հավասարակշռվածությունը պահպանի: Պայմանագրերի համաձայն՝ Մոսկվան Հայաստանի նկատմամբ պարտավորություններ ունի: Սակայն Ռուսաստանը նաև շատ սերտ տնտեսական կապեր ունի Բաքվի հետ: Նա մեր դաշնակիցն է, սակայն նաև իր սեփական շահերն ունի՝ Ադրբեջանի հետ կապված: Հարավային Կովկասում՝ իր շահերի գոտում, նա միշտ հակված է լինելու բալանսը պահելուն:
– Հայկական հասարակությունում սուր քննադատություն է հնչում Ռուսաստանի դերի առնչությամբ: Հիմնական խնդիրը՝ երկու կողմերին էլ զենքի վաճառքն է:
– Հայկական կողմը շարունակաբար բարձրաձայնում է այդ հարցը, այդ թվում՝ մեր Նախագահի մակարդակով: Մենք հասկանում ենք՝ ինչ է տեղի ունենում, և մենք ունենք բոլոր հիմքերը՝ դժգոհ լինելու: Ռուսաստանն ասում է, որ եթե ինքը այն չվաճառի, դա կանի մեկ ուրիշը: Ես կողմ եմ տարածաշրջանում բոլոր հակամարտող կողմերի համար զենքի ամբողջական էմբարգոյին: Մինսկի խմբի երեք համանախագահ երկրները՝ ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան, կարող են հասնել դրան ՄԱԿ ԱԽ-ում: Դա ճիշտ կլիներ:
– Բայց դա նաև Ձեզ կվերաբերեր:
– Բնականաբար: Դա միայն կախված է եռանախագահների հեղինակությունից: