Բաժիններ՝

«16 տարի ծառայի և այսպես հատուցե՞ն… ո՛չ, չեմ ների…». փոխգնդապետ Ա. Առաքելյանի ընտանիքը հրաժարվեց բնակարանից. ԳԱԼԱ

Ապրիլի 2-ին Ջեբրայիլի մարտերում նահատակված 33-ամյա փոխգնդապետ Ալեքսան Առաքելյանի ընտանիքը հրաժարվում է իրենց հատկացված բնակարանից: ՀՀԿ-ական պատգամավոր  Արման Սահակյանի կողմից «SOS Գյումրի» ծրագրին որոշ ժամանակ առաջ նվիրաբերած  բնակարանը որոշվեց հանձնել զինվորականի ընտանիքի, նախընտրել էին փոխգնդապետ Առաքելյանին, ով չունի բնակարան: Կինը, երկու զավակներն ապրում են հայրական փոքրիկ բնակարանում:

Ալեքսան Առաքելյանը դիմել էր նաեւ պաշտպանության նախարարությանը՝ Գյումրիում բնակարան ստանալու ակնկալիքով:

Հերոսի մահով նահատակված փոխգնդապետի ընտանիքին շատ կառույցներ խոստացան, որ բնակարանի խնդիրը կարճ ժամանակահատավածում կլուծվի: Հետո արդեն լրատվամիջոցները հրապարակեցին, որ փոխգնդապետի բնակարանային խնդիրն արդեն լուծված է: Սակայն ընտանիքի անդամները բարձրաձայնում են, որ իրենց է հանձնվել մի բնակարան, որն ունի բազմաթիվ թերություններ, վերանորոգման խիստ անհրաժեշտություն, որն ունի տանիքի վերակառուցման խնդիր, եւ գտնվում է Մուշ-2-ում: Առաքելյանի հայրը նշում է, որ նախ  կցանկանար որդու ընտանիքին հատկցվող բնակարանը լիներ ավելի մոտ իրեն, որ կարողանա հաճախ տեսակցել թոռներին:

«Մի կողմից ցավակցում են, մյուս կողմից ասում են՝ շնորհավոր լինի հերոսի բնակարանը: Այդ բնակարանը ո՞ր հասցեում է, ի՞նչ պայմաններ է: 16 տարի ծառայի եւ այսպես «թուլափայ» տա՞ն, որ ձեզ խաղաղություն պարգեւեց, ինքը գնաց մահի, ազատությունը տվեց մեզ եւ այսպես վերաբերվե՞ն: Ո՛չ, չեմ ների: Ինձ ռեկլամներ պետք չեն, էս ռեկլամներից ես կուշտ եմ: Ալիկը ընտանիքը ինձ հետ է ապրում, Ալիկի որբերը ինձ հետ են ապրում՝ պուճուր սենյակում: Իմ որդին 16 տարի ծառայե, 160.000 դրամանոց ավտոմեքենա չունենա, բայց մարդիկ ավտո կքշեն՝ 70-80 հազար դոլարանոց: Ու՞մ քրտինքն է: Էսպե՞ս եք փոխհատուցում: 200.000 դոլարանոց ավտո քշեք, 5 հարկանի տուն ունեցեք, բայց գնահատեք»,- ԳԱԼԱ-ի հետ զրույցում ասել է Ալեքսան Առաքելյանի հայրը՝ Գեւորգ Առաքելյանը:

Շնորհակալ է այն մարդկանցից, ովքեր ցանկացան այս կերպ իրենց շնորհակալությունը հայտնել հերոսին, սակայն վիրավորանքը մեծ է պետական ատյաններից:

Հերոսին այդպես չեն մեծարում, ասում է  փոխգնդապետ Ալեքսան Առաքելյանի հայրը:

Կարելի էր խորհրդակցել ընտանիքի անդամների հետ, լսել նրանց կարծիքը, հաշվի առնել ցանկությունները: Գոնե այդ հարցում: Սակայն  համարել, որ պետությունը կատարել է իր պարտականությունները եւ այլեւս անելիք չունի, սա չի ընդունում Գեւորգ Առաքելյանը: Եւ համարում է վիրավորանք՝ հասցված իր որդու ընտանիքին:

Որդու թափած արյունն անգին է, անգնահատելի: Չնչին, աննշան գնահատականը պետք է լիներ հերոսի ընտանիքին հերոսին վայել անկյունով ապահովելը, որտեղ իր անկյունը պետք է ունենա նաեւ Ալեքսան Առաքելյանը:

«Չի՛ ներվի, բոլոր ատյաններին դիմելու եմ: Ծնկաչոք ամբողջ սփյուռքը կխառնեմ իրար: Պետք է այս հարցին ճիշտ լուծում տրվի: Այն պահը չէ, որ հա, վերցրա, յոլա գնա: Չէ՛: Այս տղու արյունը դեռ այնտեղ է: Քանի երեխու կյանք փրկեց: ձեռքը ջարդված արդեն, աջ ձեռք չունենալով ПK կվերցնե կկրակե, թուրքին կթափե, ու՞մ համար: Ձեզի համար, որ սպես բան ենե՞ք: Պետք չէ: Ես չեմ ուզե: Եթե կենեք, այնպես արեք խիղճս հանգիստ մի քիչ հանգստանա: Պռոստը իմ բերանը կուզեին փակել: Էսօրվա դրությամբ ասում եմ գերեզմանի հարցն ինչ է լինելու, կսեն էդ հատուկ մարդիկ են գալու պաշտպանության նախարարությունից, որ չափագրեն: Ե՞րբ, տասը տարի հետո՞, որ էդ պանթեոնը լրիվ լցվի: Իրանք էլ, իրանց փողն էլ: Ինձ պետք չէ:  Իմ էրեխուս գերեզմանը ես կսարքեմ: Էդտեղ հրամանատար կա հանգչած: Ինձ պետք չէ իրանց փողը: Թող տանին վայելեն: Թող տանին կազինո, կաֆե, բառ, շոր կառնին, մեբել կառնին, ինչ կենեն, չեն ենե, ինձ պետք չէ: Ես էս տունն էլ կծախեմ, իմ երեխուս գերեզմանը կսարքեմ: Յարեն տիրոջը ցավ կուդա: Էդ յարեն իմ սրտիս մեջն է: Յարեն իմ տղես է, իմ գանձս է, գնացել է….»:

Գեւորգ Առաքելյանը  բազմաթիվ հարցեր ունի, որոնց պատասխանները մեկ առ մեկ պահանջելու է իրավասու մարմիններից:

Հարցերից մեկն այն է, եթե Ջեբրայիլի որոշ դիրքեր արդեն գրավված էին, ինչու՞ իր որդուն գնդապետ Հովիկ Աբրահամյանն ուղարկեց դիրքեր: Ինչու՞ պատշաճ իրազեկված չէին հակառակորդի գործողություններից:

«Ինքը իմ տղուս ուղարկեց մսաղացի  տակ, ինքը պետք է պատասխան տա: Տանկի ակումլյատորներն ո՞վ ծախես կերավ՝ Հովիկ Աբրահամյանը, БМП-ների մեջ որ սալյարկի փոխարեն ջուր էր, ու՞մ շնորհքն է՝ Հովիկ Աբրահամյան: Գումարտակի, գնդի մեջի խոզերն օր ման գուկան, ու՞մ խոզերն են՝ կամանդիրի»:

Հիշեցնենք, Ալեքսան Առաքելյանը 16 տարի ծառայել է: Ինքն է նախընտրել առաջնագծում ծառայել, ամենաթեժ կետերում: Զինվորականը փայլուն ուղի է անցել: Հայրը հորդորում է ուսումնասիրել հերոսի անցած ճանապարհը, ով չփախավ, չվախեցավ, չնահանջեց  կռիվ տվեց մինչեւ վերջին փամփուշտը:

Գեւորգ Առաքելյանը նաեւ վրդովված է, որ Ալեքսան Առաքելյանը չստացավ «Մարդական խաչ»  շքանշան: Նշենք, որ «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանի ասպետների ցանկում տեղ են զբաղեցրել Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը, ԱԱԾ նախկին տնօրեն Գորիկ Հակոբյանը: Փոխգնդապետին սակայն  հետմահու  շնորհվեց Արիության մեդալ, որը հայրը ցանկանում է  հետ  վերադարձնել: Թեկուզ միայն այն բանի համար, որ պաշտպանության նախարարության, պաշտպանության բանակի  որեւէ բարձրաստիճան ներկայացուցիչ հարկ չհամարեց հանձնված պետական պարգեւը անձամբ ներկայացել փոխգնդապեռտի ընտանիքին, գալ նրա հուղարկավորությանը:

ՎՏԲՀայաստան բանկ

SWIFR:ARMJAM22

AMD 16013048596600

USD  16013048596601

EUR  16013048596602

RUR  16013048596603

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս