Փիթեր Բալաքյանը «Օզոնային ամսագիր» բանաստեղծական ժողովածուի համար արժանացել է հեղինակավոր Պուլիցերյան մրցանակի
Ամերիկահայ գրող, բանաստեղծ Փիթեր Բալաքյանը գրական ամենահեղինակավոր՝ Պուլիցերյան մրցանակին ( Pulitzer Prize) է արժանացել պոեզիայի բնագավառում:
Բանաստեղծը մրցանակ է ստացել իր «Օզոնային ամսագիր» (Ozone Journal) բանաստեղծական ժողովածուի համար: Այս մասին տեղեկանում ենք pulitzer.org կայքից:
Հեղինակավոր մրցանակի հաղթողների անունները հայտնի են դարձել երեկ Նյու Յորքի Կոլումբիա համալսարանում տեղի ունեցող արարողության ժամանակ:
Նշվում է, որ մրցանակը Բալաքյանին հանձնվում է «Օզոնային ամսագիր» բանաստեղծական ժողովածուի համար, որում ներառված գործերը վկայություններ են անցյալի կորուստների ու ողբերգությունների մասին, որ ընկած են վտանգի ու անորոշության այս համաշխարհային դարաշրջանի հիմքում:
Բալաքյանի «Օզոնային ամսագիրը» հրատարակվել է Չիկագոյի համալսարանի կողմից:
Բալաքյանը 1980 թվականից դասավանդում է Քոլգեյթ համալսարանում (Նյու Յորք, Համիլթոն)։ Աշխատակցել է «Նեյչըն», «Վիրջինիա քուորթըրլի», «Ռևյու» և այլ պարբերականների։ Ժողովածուներից են՝ «Ֆիշhեյ hայրը» (1979), «Պայծառության տխուր օրեր» (1983)։
Հեղինակ է 7 բանաստեղծական ժողովածուների և 4 արձակ ստեղծագործության: 2003 թվականին լույս տեսած «Այրվող Տիգրիս. Հայոց ցեղասպանություն և Ամերիկայի արձագանքը» (The Burning Tigris։ The Armenian Genocide and America’s Response, 2003) ծավալուն փաստավավերագրական աշխատությունը «Նյու Յորք Թայմս» թերթի կողմից ճանաչվել էր «Տարվա նշանակալից գիրք»։ 1998-ին «Ճակատագրի սև շունը» (Black Dog of Fate, A Memoir) հուշագրությունը ճանաչվել էր «Տարվա լավագույն գիրք»։ 2010 թ. հայերեն լեզվով հրատարակվել է հեղինակի «Լույսի տխուր օրերը» բանաստեղծությունների ժողովածուն։
… հոբոյի և ֆագոտի միջև
գետափին՝ տանիքի տակ,
ծառերի հևքը մեր շնչառության մեջ
ինչ-որ բան կար այն կողմում՝ գետի մյուս ափին,
որ անվերջ ձգում էր մեզ
արմատական կառույցները ջարդված են, պատմությունը գիտություն է այլևս
մենք էլ չենք լինի նույնը, նույնը չենք լինի մենք:
Հատված «Օզոնային ամսագիր» բանաստեղծությունից: Թարգմանությունը՝ Հասմիկ Սիմոնյանի: