«Հայաստանում պաշտոնապես արգելված է հրապարակել միայն գաղտնի համարվող տեղեկատվությունը». Սամվել Մարտիրոսյան
Երեկ Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը «Կոնսեսիուս» երիտասարդական հասարակական կազմակերպության հետ համատեղ «Լոֆթ» ինքնազարգացման կենտրոնում «Հակաուտոպիայի իրականացումը» թեմայով թրեյնինգ անցկացրեց: Հաշվի առնելով վերջին օրերի իրադարձությունների զարգացումը՝ որոշում էր կայացվել հանդիպումը լիովին նվիրել տեղեկատվական պատերազմին և դրա իրազեկման խնդիրներին:
Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը երկու ժամ տևողությամբ թրեյնինգի ընթացքում հանգամանալից անդրադարձ կատարեց թեմայի հետ առնչվող մի շարք հարցերի, որից հետո պատասխանեց ներկաների ու օն-լայն տարբերակով ուղարկված հարցերին:
Ի՞նչ է տեղեկատվական պատերազմը կամ տեղեկատվական անվտանգությունը
Այս երևույթն ու տերմինն իրականում դժվար հասկանալի ու բացատրելի մի բան է: Տարբեր երկրներում այն բոլորովին տարբեր նշանակություններ ունի: Օրինակ, եթե ԱՄՆ-ում տեղեկատվական անվտանգություն ասելով՝ մարդիկ անմիջապես հասկանում են, ո՛չ ավել, ո՛չ պակաս, ցանցերի ու կայքերի պաշտպանություն: Չափազանց գաղափարախոսացված տարածաշրջանի բնակիչներ լինելով՝ մեզանում տեղեկատվական անվտանգություն երևույթն իր մեջ ներառում է նաև ինֆորմացիայի բովանդակային մասը: Այսօրվա իրավիճակը թույլ է տալիս վերլուծել ու հասկանալ, թե որոնք են այս ոլորտի իրական վտանգները, որոնցից պետք է որոշակի ձևերով պաշտպանվել:
Ի՞նչ ազդեցություն ունի տեղեկատվական անվտանգությունը
Կան հատվածներ, որոնց մասին մենք գրեթե ոչինչ չգիտենք, օրինակ ՌԵՓ-ը, որ ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցներից է: Այս պահին սահմանին լայնորեն կիրառվում են ՌԵՓ-ի միջոցները, որոնք, օրինակ, թույլ են տալիս խլացնել հակառակորդի կապն իրար միջև, որի արդյունքում տարբեր հեռավորությունների վրա գտնվող ստորաբաժանումները կապի բացակայության պայամաններում չեն կարողանում համագործակցել միմյանց հետ: ՌԵՓ-ը թույլ է տալիս խափանել ռազմաօդային կապի միջոցները: ՌԵՓ-ը նաև այն միջոցն է, որը թույլ է տալիս շարքից հանել ԱԹՍ-ները: ՊՆ տարածած պաշտոնական տվյալներից կարելի է հասկանալ, որ մեզ հաջողվել է այս ճանապարհով շարքից հանել թշնամու մի քանի ԱԹՍ:
Այս մասին գրեթե չի բարձրաձայնվում, որովհետև սա իր մեջ պարունակում է առնվազն ռազմական նշանակության գաղտնի ինֆորմացիա: Այս ոլորտի աշխատակիցները նեղ մասնագետներ են, որոնց մասնագիտական պարտքն է՝ չբացահայտել իրենց հասանելի ինֆորմացիաները: Անհերքելի փաստ է, որ սահմանից ներս հեռախոսազրույցները վերահսկվում են, և սա երկկողմանի պատկեր է: Չէի ցանկանա այս պահին շատ մանրամասնել, բայց ես գիտեմ կոնկրետ դեպք, երբ թշնամին հարձակում է գործել՝ օգտագործելով հեռախոսային գաղտնալսված խոսակցությունը՝ իմանալով խոցելի դիրքը:
Կիբերհարձակումներ և կիբերպատերազմներ
Ներքին ցանցերը, կայքերը, էլեկտրոնային հաղորդագրությունները և այլն, պատերազմական իրավիճակներում առաջին խոցելի թիրախներն են: Այս օրերին ադրբեջանական կողմն այս տեսանկյունից լուրջ գրոհներ չի ձեռնարկել, բայց նախորդ ռազմական սրացումների ընթացքում, օրինակ՝ Ռամիլ Սաֆարովի արտահանձնման ժամանակ՝ 2012 թվականին, մեծ կիբերպատերազմ ծավալվեց: Սա երկրորդ ամենամեծ հայ-ադրբեջանական կիբերպատերազմն էր՝ 2000 թվականից հետո: Ի դեպ, 2000 թվականի կիբերբախումը համարվում է առաջին միջպետական կիբերպատերազմը ողջ պատմության ընթացքում: 2005 թվականին ադրբեջանական կողմը միակողմանի կիբերպատերազմի ակտիվություն ցուցաբերեց հայկական կողմի նկատմամբ: Հայ-ադրբեջանական կիբերպատերազմները մեծապես ազդել են ադրբեջանական արժույթի արժեզրկման վրա: Առավել հաճախ ադրբեջանցիները կիբերհարձակումներն իրականացնում են՝ սև շուկայում առկա ռուսական և ուկրաինական կիբերծառայություններից օգտվելով:
Տեղեկատվություն և քարոզչություն
Պատերազմական իրավիճակներում շատ բարդ է կողմնորոշվել՝ ի՞նչն է քարոզչություն, ի՞նչը՝ ոչ: Քարոզչությունը մի ոլորտ է, որ ուղեղն «ուտելու» հատկություն ունի: Փաստացի այն, ինչ օգտագործվում է՝ ազդելու մարդկանց գիտակցության վրա, վերածվում է գործիքների, որոնք պատերազմական իրավիճակներում շատ ակտիվ կերպով կիրառվում են: Վերջին օրերի պատկերին ադրբեջանական կողմն անվերապահորեն օգտագործում է իր մամուլը: Իհարկե, լուրջ տարբերություններ կան հայկական և ադրբեջանական մամուլի միջև: Մեզ մոտ մամուլն ընդգծված խայտաբղետ է: Ադրբեջանում վերջին 3 տարիների ընթացքում մամուլը՝ շնորհիվ իրենց երկրի նախագահի, ամբողջությամբ վերահսկելի է, չկա և գոյություն չունի երկրորդ կարծիք:
Ընդդիմադիր լրոգրողների մի մասին ֆիզիկապես ոչնչացրին՝ սպանեցին, մի մասը փախավ այդ երկրից, մի մասն էլ ադրբեջանական տարբեր բանտերում են: Հետաքրքիրն այն է, որ ապրիլի 2-ի իրենց հարձակումից առաջ, ադրբեջանական կողմը բանտերից դուրս թողեց մի քանի լրագրողների, թեև նրանց ձայնը դեռևս չի լսվում: Չնայած մեզ արդեն հայտնի է, թե ի՞նչ է լինում այդ երկրում բանտերից դուրս եկած լրագրողների հետ: Դրա վառ օրինակը մեզ շատ հայտնի haqqin.az կայքն ու դրա գլխավոր խմբագիր Է. Ֆաթուլաևն է, որ ժամանակին ընդդիմադիր լրագրող էր, ով բանտում հայտնվեց հօգուտ հայերի արված քարոզչության համար՝ Խոջալուի դեպքերի ֆոնին ցույց տալով ադրբեջանական կողմի ռազմական հանցագործությունները: Թե ինչ եղավ նրա հետ բանտից դուրս գալուց հետո, բոլորին պարզ է: Արդեն 3 տարի ադրբեջանական մամուլը հրապարակում է միայն այն, ինչ վերևից է «իջնում»: Այդ էր պատճառը, որ, օրինակ, ապրիլի 2-ի առավոտվանից մինչև կեսօր ադրբեջանական կողմը քար լռություն էր պահպանում, և դա՝ այն պարագայում, երբ նախահարձակ կողմն էր եղել ինքը:
Պատերազմական դրություն, գրաքննություն և լրատվություն
Եթե Հայաստանում պաշտոնապես պատերազմական դրություն հայտարարվի՝ լրատվության վերահսկման մեխանիզմները պաշտոնապես գործի կդրվեն: Կմտնի գրաքննություն, լրագրողների հրապարակումներն առաջին հերթին՝ կանցնեն ՊՆ-ի քարոզչական բաժնով՝ ստանալու են համապատասխան թույլտվություն, որից հետո միայն կհրապարակվեն: Գրաքննությունը ենթադրում է նախնական ընթերցում և նոր միայն՝ հրապարակում: Գրաքաննությունն իրականում սա է: Սա օրենք է՝ սահմանված հստակ գործողությունների շարքով: Պատերազմական իրավիճակներում հստակ գրված է՝ ի՞նչ է կարելի հրապարակել, և ի՞նչը՝ ոչ, թեև կոնկրետ Հայաստանում պաշտոնապես սահմանված և օրենքի ուժ ստացած նման հստակեցում չկա, ինչն անթույլատրելի է: Հայաստանում պաշտոնապես արգելված է հրապարակել միայն գաղտնի համարվող տեղեկատվությունը: Իրականում սա զինվորականների երազանքն է՝ ոչ ոք չխանգարի իրենց պատերազմական իրավիճակներում՝ կատարելու համար աշխատանքը: Այստեղ պետք է նշել, որ Հայաստանում, երևի բարեբախտաբար, ռազմական դրություն չի հայտարարվել նույնիսկ 1990-94 թթ.: Թեև իրականությունն այն է, որ չկա ավելի տխրագույն իրավիճակ, երբ մամուլը ենթարկվում է լայնածավալ վերաքննության:
Գրաքննությունը սոցիալական ցանցերում
Այս հարցի մասին վախենում են մտածել անխտիր բոլոր երկրներում, և ոչ միայն՝ Հայաստանում: Իսկապես պարզ չէ, թե ի՞նչ միջոցներ կարելի է ձեռնարկել պատերազմական դրության ժամանակ սոցիալական ցանցերի միջոցով տարածվող ինֆորմացիայի վերահսկման համար: Կան լուծման մի քանի տարբերակներ, երբ ԱԱԾ-ն ամենավատ մեթոդներով վերահսկում է սոցիալական ցանցերի օգտատերերին, ինչը կատարվում էր, օրինակ, Թեհրանում՝ 2009 թվականի նախագահական ընտրություններից հետո սկիզբ առած խռովությունների ընթացքում: Թեև այս պարագայում էլ պարզվեց, որ կան օգտատերեր, ովքեր կարող են թաքցնել իրենց ինքնությունը, և նրանց բացահայտելն այնքան էլ հեշտ գործ չէր:
Կա Եգիպտոսի փորձը՝ 2011-12 թթ., երբ Եգիպտոսի կառավարությունն իսպառ, ուղղակի անջատեց ինտերնետ կապը: Ի վերջո, պարզվեց, որ այս մեթոդը ևս ամենաապահովներից չէ: Վերջերս Ռուսաստանում կիբերզորավարժություններ կատարվեցին՝ մարզերից մեկն ամբողջովին զրկելով ինտերնետ կապի հնարավորությունից: Արդյունքում պարզ դարձավ, որ ինտերնետի հոսքը չդադարեց՝ ինչ-որ մեկի տանը սատերիտ էր դրված, մյուսը հասավ մարզի սահմանային մաս ու սկսեց օգտվել հարևան մարզի WIFI ինտերնետի աղբյուրից, և այլն: Էլ չասենք, որ ինտերնետի մասսայական անջատումը ռիսկային խնդիր է նաև այն անջատողի համար. չէ՞ որ այդ նույն գրաքննություն մտցնողին էլ է անհրաժեշտ ինտերնետ կապը:
Տեղեկատվություն-ապատեղեկատվություն՝ ճակատից
Պարզ է, որ այս օրերին ողջ ինֆորմացիան անբողջական ծավալով և միանգամից չէր կարող հրապարակվել: Դրա համար ժամանակ է պետք: Թեև Հայաստանում հնարավոր չէ որևէ լուրջ ինֆորմացիա ամբողջական ծավալով թաքցնել: Մեր փոքր հասարակության մեջ դա ուղղակի անհնար բան է: Թվերի մեջ տատանումներ կարող են լինել միայն հետևյալ կերպ՝ եթե զոհվածների կամ վիրավորների ցուցակներում որևէ տեսակի վրիպում կամ շփոթություն տեղի ունեցած լինի: Սա նաև հանրության վրա միանգամից և ամբողջ ուժով հոգեբանական ճնշումները կանխելու համար է: