«Արևմուտքի պասիվությունը ղարաբաղյան իրադարձությունների շուրջ անհանգստացնող է». Գելա Վասաձե

«Հայ-ադրբեջանական հակամարտությունը ռուս-վրացական պատերազմից պակաս վտանգավոր չէ»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց վրացի վերլուծաբան Գելա Վասաձեն՝ անդրադառնալով ԼՂ հակամարտության գոտում ստեղծված իրավիճակին:

Գելա Վասաձեն ողջունեց ժամանակավոր հրադադարը, որը կնքվել է կողմերի միջև, միևնույն ժամանակ՝ նշելով, որ այն պետք է հաստատվի և պետք է դադարեցվեն ռազմական գործողությունները, և այդ հարցում մեծ է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների պատասխանատվությունը:

Անդրադառնալով Արևմուտքի արձագանքին` Վասաձեն ասաց, որ այն ակնհայտորեն բավարար չէր, և աղետալին այն է, որ Արևմուտքն արձագանքում է այն ժամանակ, երբ ամենավատը տեղի է ունեցել արդեն: Նրա համոզմամբ՝ անհրաժեշտ է ՄԱԿ ԱԽ նիստի գումարում և միջազգային բոլոր մեխանիզմների գործարկում:

«2008թ. ռուս-վրացական պատերազմի ընթացքում և՛ ՄԱԿ ԱԽ նիստ հրավիրվեց, և՛ գերտերություններն ակտիվ այցեր էին իրականացնում դեպի հակամարտող երկրներ, բայց դա այսօր չի երևում Լեռնային Ղարաբաղի շուրջ, ինչն անհանգստացնող է: ԵՄ-ն, Սարկոզին ապահովեցին մարտական գործողությունների դադարը 2008թ.՝ մաքոքային դիվանագիտության գործադրմամբ: Այսօր նույնը չեմ տեսնում ԼՂ-ի շուրջ, այնինչ  հայ-ադրբեջանական պատերազմը նույնիսկ ավելի վտանգավոր է, քան ռուս-վրացական պատերազմը, կամ գոնե պակաս վտանգավոր չէ: Քանի որ Հայաստանն ու Ադրբեջանն ԱլԳ անդամներ են, ԵՄ-ն պետք է ակտիվ գործունեություն ծավալի»,- ասաց Վասաձեն:

Կարդացեք նաև

Վերջինիս համոզմամբ՝ Արևմուտքի պասիվությունը կհանգեցնի նրան, որ ողջ Հարավային Կովկասը կհայտնվի կայսերապաշտական Ռուսաստանի ազդեցության տակ: Խոսելով պաշտոնական Թբիլիսիի առաջարկի մասին` բանակցություններ ծավալել Թբիլիսիում, Վասաձեն ասաց, որ այդ առաջարկը տեղին էր, քանի որ հակամարտության դադարեցմամբ ամենահետաքրքրված կողմը Վրաստանն է: «Ես չեմ գերագնահատում, քանի որ այս պատերազմն ուղիղ կերպով սպառնալիք է Վրաստանի ազգային շահերի և ինքնիշխանության համար, ուստի ես կարծում եմ, որ լավ   նախաձեռնություն է, բայց ոչ այնքան իրատեսական: Բայց եթե այն իրականանար, հնարավոր է, որ առաջընթաց արձանագրվեր, քանի որ Վրաստանն անկեղծ շահագրգիռ միջնորդ կարող էր լինել»,- նկատեց Վասաձեն:

Տեսանյութեր

Լրահոս