Վրաստանի նախագահը Երևանին և Բաքվին կոչ է արել ԼՂ հակամարտությունը լուծել խաղաղ ճանապարհով
Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին կոչ է արել Հայաստանին և Ադրբեջանին Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը լուծել խաղաղ ճանապարհով: Այս մասին տեղեկացնում է Վրաստանի նախագահի մամուլի ծառայությունը:
Թբիլիսիում անցկացված ՆԱՏՕ-Վրաստան ժողովրդական դիվանագիտության միջազգային ֆորումի ժամանակ Մարգվելաշվիլին հայտարարել է, թե նախագահի ադմինիստացիան, կապված Լեռնային Ղարաբաղում շփման գծում ստեղծված լարվածության հետ, մշտական կոորդինացման մեջ է Վրաստանի կառավարության և միջազգային առաքելությունների հետ:
Վրաստանի նախագահի խոսքով՝ Վրաստանը գործադրում է բոլոր ջանքերը՝ ապասառեցնելու տարածաշրջանում իրավիճակը:
«Ցանկանում եմ կոչ անել տարածաշրջանի մեր հարևաններին՝ գործադրել որքան հնարավոր է շատ ջանքեր՝ ստեղծված իրավիճակի խաղաղ լուծման համար, որը տեղի է ունենում այստեղից մի քանի հարյուր կիլոմետր հեռավորության վրա»,- նշել է Մարգվելաշվիլին: