Ադրբեջանը «սադրիչ գործունեության» պատճառով արտաքսել է LifeNews-ի լրագրողներին
Ռուսական LifeNews հեռուստաալիքի լրագրողներին վռնդել են Ադրբեջանից, հայտնում է Interfax-ը: Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ հղում կատարելով Ադրբեջանի ԱԳՆ-ի մամուլի ծառայության ղեկավար Հիքմեթ Գաջիևին:
Նա հայտարարել է, որ լրագրողներն Ադրբեջանի տարածքում են աշխատել առանց հավատարմագրման: Գաջիևի խոսքով՝ վերջիններս LifeNews-ի ռեպորտաժներում խեղաթյուրել են իրական վիճակը՝ ներկայացնելով ոչ օբյեկտիվ տեղեկություն:
«Ադրբեջանական կողմը LifeNews-ի աշխատակիցների նկատմամբ ցուցաբերել է բարի մտադրություններ, սակայն նրանք շարունակել են իրենց սադրիչ գործունեությունը»,- ասել է Գաջիևը:
«Հաշվի առնելով դա՝ նպատակահարմար չի եղել նրանց գտնվելն Ադրբեջանում»,- հավելել է նա:
Պաշտոնական Բաքվին զայրացրել է, թե ինչպես է LifeNews-ը ներկայացրել իրավիճակն ադրբեջանական Թարթառ քաղաքում: Լրագրողը հայտնել էր, որ տեղացիները վախեցած են, խուճապի մեջ են և ստիպված են գիշերել մեքենաների մեջ:
https://www.youtube.com/watch?v=zbYNxNlDSDQ