«Պետք է արագ միջազգային մակարդակում մեծ աղմուկ բարձրացնել». Ստեփան Գրիգորյան
Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի նախագահ Ստեփան Գրիգորյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ այս իրավիճակում պետք է արագ միջազգային մակարդակում մեծ աղմուկ բարձրացնել:
Ադրբեջանի այս պահվածքը նա բացատրեց միջազգային ասպարեզում նրանց հեղինակազրկմամբ.
«Ես կարծում եմ՝ դա կապված է նրա հետ, որ ադրբեջանցիք Վաշինգտոնում հասկացան, որ իրենց ջանքերը ոչ մի արդյունք չեն տալիս: Ալիևն իրոք հոգեվարքի մեջ է, շատ էմոցիոնալ վիճակում է, ինքը գնաց, հարցը բարձրացրեց, նորից բան չստացվեց, դա է պատճառը, որ այդ սրացումը հիմա բավական մեծ ծավալի ռազմական գործողությունների վերաճեց»:
Իսկ ԵԱՀԿ ՄԽ-ի մասով նշեց, որ համանախագահների վերջին հայտարարություններում հավասարության նշանն ինչ-որ չափով փոխվել է, և, ըստ նրա՝ դա է պատճառը, որ վերջին շրջանում Ալիևը և Ադրբեջանը քննադատական հայտարարություններ արեցին ՄԽ գործունեության վերաբերյալ. «ՄԽ-ն վերջին ժամանակներս, երբ ասում է՝ դիպուկահարներին պետք է դուրս բերել, Ադրբեջանը պետք է դրա հետ համաձայնի, ինչ-որ չափով հավասարակշռությունը խախտում է, հենց դա է, որ Ադրբեջանը դժգոհ է և հոգեվարքի մեջ է: Ստացվում է այնպես, որ միջազգային հանրությունում իրենց վարկանիշն ընկնում է, ՄԽ-ն իրենց ուղղում է ինչ-որ առաջարկներ, դա էլ է ազդել, որ այսօր իրենք իրոք շատ լարված են»:
Ս. Գրիգորյանն ընդգծեց՝ Հայաստանն այս պահին անպայման պետք է դիմի Մինսկի խմբին, ՄԱԿ-ին, գերտերություններին, միջազգային հանրությանը. «Պետք է մեծ աղմուկ բարձրացնենք, որ զարգացող այս վտանգավոր պրոցեսը կանխեն: Պարբերաբար շատ է սրվում իրավիճակը, բայց հիմա այդ սովորական պատմությունը չէ, նոր երանգներ կան, Ադրբեջանը հասկանում է, որ աշխարհում ինքը մեկուսացվում է՝ տարբեր հարցերի պատճառով: Նավթի գինն ընկնում է, իրենց թափն ընկնում է, իրենք այդ նավթադոլարներով շատ ու շատ հարցեր էին լուծում: Հիմա այդ գործոնը չկա, դա էլ թուլացնում է իրենց լծակները, հնարավորությունները՝ ազդել միջազգային քաղաքականության վրա»:
Հարցին՝ այս ռազմական գործողությունները պատերազմի կվերաճե՞ն, նա պատասխանեց.
«Այն, ինչ կատարվում է այս պահին, լուրջ է շատ: Այո, հավանականությունը կա, քանի որ Ալիևն էմոցիաների տակ է, դա սառնասիրտ որոշում չէ, դա էմոցիաների տակ կայացրած որոշում է. Վաշինգտոնում ինքն իրեն վատ զգաց, հասկացավ, որ իր խոսքը չազդեց: Եթե նախկինում ինչ-որ մեկն իրեն աջակցում էր, կրկնում էր իր բառերը, հիմա ոչ ոք չկա, նույնիսկ Թուրքիան զբաղված է իր խնդիրներով, այդ ամբողջն իրենք հասկանում են: Լայնամասշտաբ ռազմական գործողությունների հավանականությունը կա, ու դա է պատճառը, որ ասում եմ՝ պետք է աղմուկն արագ բարձրացնել, ոչ թե սպասել, որ ինքն իրեն կհանգի»: