Սերգեյ Փարաջանովի վերջին ծննդյան օրը՝ Թբիլիսիում
Այս լուսանկարը համաշխարհային կինոյի մեծագույն Վարպետի վերջին ծննդյան օրվա վկայությունն է՝ արված 1990 թվականի հունվարի 9-ին՝ Թբիլիսիի իր տան առաջ: Լուսանկարում Սերգեյ Փարաջանովի հետ իր սիրելի կինն է՝ Սվետլանա Շչերբատյուկը, ում հետ ռեժիսորը ծանոթացել էր դեռևս 1950-ականների կեսերին՝ Կիևում ապրած տարիներին: Ընտանիքին մոտ կանգնած ընկերները հետագայում իրենց հուշերում պատմում էին, որ Սերգեյին շատ դժվար էր ապրել ընտանիքում։ Նա անկանխատեսելի, տարօրինակ մարդ էր։ Երբ սկսվում էին նրա խենթությունները, Թբիլիսիի հարևաններն ասում էին․ «Խենթն ազատության մեջ է»։ Նա կնոջը ևս ստիպում էր մասնակցել իր խենթություններին՝ պահանջելով, որ վերջինս խնձորները մաքրի, կոտլետներն ափսեի մեջ դասավորի, բաժակը սեղանին դնի յուրահատուկ ձևով… Այդպես էլ չկարողանալով հարմարվել ամուսնու խենթություններին, Սվետլանա Շչերբատյուկը 1961 թվականին վերցնելով որդուն՝ հեռանում է տնից: Թեև պաշտոնական բաժանումից տարիներ անց նրանց պարբերաբար հանդիպումների մասին ևս վկայություններ կան: Այդպիսի հանդիպումներ եղել են նաև Սերգեյ Փարաջանովի անազատության տարիներին՝ Վորոշիլովգրադի, այնուհետև՝ Վիննիցայի բանտերում եղած ժամանակահատվածում՝ կարճատև տեսակցությունների հնարավորությամբ:
Ինչպես ստեղծագործական, այնպես էլ կենցաղային հարցերում Սերգեյ Փարաջանովը երբեք չի դադարել լինել ոչ ոքի չնմանվող՝ յուրօրինակ լուծումներ փնտրող ու գտնող անհատականություն: Պատմում են, որ նրա նախաձեռնությամբ ու մասնակցությամբ յուրաքանչյուր խնջույք անմոռանալի իրականություն էր դառնում հյուրերի համար:
Հատկապես այդպես էր անցնում ռեժիսորի ծննդյան օրը՝ հունվարի 9-ը, թեև Վարպետի վաղեմի ընկեր ու բարեկամ, այսօր՝ նրա անունը կրող տուն-թանգարանի տնօրեն Զավեն Սարգսյանը «168 Ժամի» հետ զրույցում ասաց, որ նա սովորաբար իր ծնունդը նշում էր որդու՝ Սուրեն Փարաջանովի ծննդյան օրը՝ նոյեմբերի 9-ին:
Լուսանկարիչը` Զավեն Սարգսյանը, «168 Ժամին» տրամադրեց նաև դեռևս անտիպ այս վկայությունը. «Այս լուսանկարն արեցի Վարպետի վերջին ծննդյան օրը՝ 1990 թվականի հունվարի 9-ին՝ Թբիլիսիի իր տան առաջ՝ կնոջ հետ: Այսօրվա պես հիշում եմ այդ օրը, և հիշում են Թբիլիսիի իր տանը եղած այդ օրվա բոլոր հյուրերը: Ինքն արդեն վատառողջ էր, և մենք՝ ընկերներով, նրան տարանք իր սիրած հայկական տոլման»,- պատմում է Զավեն Սարգսյանը:
Ցավոք, վերջին ծննդյան օրվանից ամիսներ անց բժիշկները ռեժիսորի մոտ ախտորոշում են թոքի քաղցկեղ։ Հոկտեմբերին նրան տեղափոխում են Մոսկվա՝ ստացիոնար բուժման՝ Պիրոգովկա հիվանդանոցում։ Ախտորոշումից հետո թեև որոշում է կայացվում վիրահատել և հեռացնել նրա հիվանդ թոքը, սակայն առողջական վիճակը դրանից չի բարելավվում: 1990 թվականի հուլիսի 17-ին Փարաջանովը վերադառնում է Երևան, իսկ երեք օր անց մահանում է:
Անտիպ լուսանկարը՝ Զավեն Սարգսյանի, 1990 թ. հունվարի 9, Թբիլիսի: