Կենսաբանության/բժշկության ոլորտում 2015թ. կատարված հետաքրքիր աշխատանքները. Հովակիմ Զաքարյան
Կենսաբանական գիտությունների թեկնածու, ՀՀ ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի գիտաշխատող Հովակիմ Զաքարյանը ֆեյբուքյան իր էջում գրել է:
Անցնող տարվա ընթացքում պարբերաբար անդրադարձել եմ կենսաբանության/բժշկության ոլորտում կատարված հետաքրքիր աշխատանքներին: Իրոք, տարին առատ էր հետաքրքիր հայտնագործություններով:
Օրինակ, Nature-ի հունվարյան համարում լույս տեսավ մի հոդված, որում նկարագրվում է լրիվ նոր հակաբիոտիկ՝ տեիկսոբակտին անունով, որը պարզվեց սուպերհակաբիոտիկ է, քանի որ սպանում է բազմաթիվ բակտերիաների: Ավելին, հեղինակները չեն գտել որևէ մի բակտերիա, որն ունենա դիմակայունություն նոր հակաբիոտիկի հանդեպ:
Պատճառը կայանում է նրանում, որ տեիկսոբակտինը կապվում է բակտերիաների բջջապատի կոմպոնենտներից մեկի շատ կոնսերվատիվ հատվածի հետ, որն ընդհանուր է տարբեր բակտերիաների մոտ և խոչընդոտում է նոր բջջապատի առաջացմանը: Նման սուպերհակաբիոտիկը կարող է իսկական փրկություն լինել հակաբիոտիկների հանդեպ կայունություն ունեցող բակտերիալ հիվանդությունների բուժման հարցում:
Nature-ի փետրվարյան համարում գիտնականների մի մեծ խումբ հաղորդեց, որ ստեղծել են ունիկալ հակամարմին, որը պարունակում է CD4 և CCR5 ռեցեպտորների հատվածներ: Վարակի ժամանակ ՄԻԱՎ-ը կապվում է այս ռեցեպտորներին՝ բջիջ մտնելու համար:
Հետևաբար, այս ռեցեպտորների ֆրագմենտներից կազմված քիմերային հակամարմինը կարողանում է ամուր կապվել ՄԻԱՎ-ի հետ և չեզոքացնել վիրուսին: Վիրուսային թակարդ է: Կապիկների վրա կատարված փորձերը շատ հաջող արդյունքներ են տվել: Սպասվում է, որ առաջիկա տարիներին կսկսվեն քիմերային հակամարմնի կլինիկական փորձարկումները մարդկանց վրա: Հնարավոր է՝ մոտ ապագայում ՁԻԱՀ-ի խնդիրը կստանա իր վերջնական լուծումը:
Գենոմների խմբագրման տեխնոլոգիաների մասին ես արդեն քանի անգամ գրել եմ: Դրանցից ամենահայտնին և արդյունավետը CRISPR/Cas9 համակարգն է, որը թույլ է տալիս կենդանի բջջի/օրգանիզմի մեջ խմբագրել սխալ գեները, վերացնել մուտացիաները և այլն: Այս տեխնոլոգիայի կիրառումը մարդկանց վրա միայն ժամանակի հարց էր: Եվ ահա Protein and Cell ամսագրի ապրիլյան համարում չինացի գիտնականները տեղեկացրին մարդկային առաջին բեղմնավորված ձվաբջջի մասին, որը ենթարկվել է գենոմային խմբագրման CRISPR/Cas9 համակարգի միջոցով: Չինացիներն օգտագործել էին այնպիսի բեղմնավորված ձվաբջիջներ, որոնք չէին ներարկվելու կնոջ օրգանիզմ:
Նման տեխնոլոգիայի միջոցով չինացիները փորձել են բուժել բետա-թալասեմիան, որը հեմոգլոբինի հետ կապված գենետիկական հիվանդություն է: Չնայած գենոմային խմբագրումը 100% ճշգրտություն չի ունեցել, և խմբագրման ժամանակ ի հայտ են եկել նաև այլ խնդիրներ, ամեն դեպքում սա դեպի գենոմային բժշկություն արված ամենալուրջ քայլերից մեկն է:
Այս և մի շարք այլ հետաքրքիր աշխատանքները ոչ միայն հետաքրքիր են գիտության տեսանկյունից, այլ նաև կարող են մոտ ապագայում ունենալ բժշկական կիրառություն՝ փրկելով մարդկան կյանքեր: Այ դրա համար էլ գիտությունը մնում է մարդկային գործունեության այն բացառիկ ոլորտներից մեկը, որը և շատ հետաքրքիր է, և շատ օգտակար: