«Ջոկատը մի քանի խմբերի բաժանեցինք, մեկնեցինք սահման…»
hayzinvor.am-ը գրում է. «Հայոց մեծ եղեռնի 100-ամյա տարելիցի օրերին Ասլանյան գերդաստանի պատմությունը ևս մեկ անգամ վկայում-հավաստում է, որ անհնար է արմատախիլ անել մի ժողովուրդ, որն ապրելու ձգտում ունի, ունի կամք ու վճռականություն:
Ասլանյան գերդաստանից փրկվեց միայն Սեդրակը, որն իր հնգամյա որդու` Արամի ձեռքը բռնած եկավ, հաստատվեց Արևելյան Հայաստանում: Արդեն տարիքն առած հայրը վախով ու գուրգուրանքով պահեց-մեծացրեց-ամուսնացրեց իր միակ զավակին, տեսավ իր թոռներին և հիմա խաղաղված հոգով ննջում է գյուղի հանգստարանում:
Այսօր Սեդրակ մեծ պապի թոռները ու ծոռները անցնում են հիսունից: Սեդրակ մեծ պապը Շատախից իր հետ բերեց իր նախնիների Ասլանյան ազգանունը և իր զավակներին փոխանցեց աշխարհի ամենաարդար գործը` մեղվապահությունը: Արամ որդուց հետո այսօր մեղվապահությամբ են զբաղվում նրա որդիները` Վարդգեսն ու Սամվելը, որոնք դուրս եկան ազգային ազատագրական պայքարի, որովհետև իրենց նախնիների ճակատագրերը նրանց սովորեցրել են, որ արդարությունը պետք է պաշտպանել զենքով: Նրանք բոլորն էլ կրում են Շատախից շարունակվող` չընդհատված Ասլանյան ազգանունը: Եվ արդյոք դա չէ՞ մեր ժողովրդի հավերժության գաղտնիքը…
Սամվելը եղել է «Շատախ» ջոկատի հրամանատարը: «Տղաները, երբ որևէ հանձնարարություն էին մեկնում կատարելու, մինչև նրանց վերադարձը միայն ինձ ու մեկ էլ Աստծուն է հայտնի իմ ապրումները, սպասումները: Ու ամեն վերադարձի ես միշտ ասում էի. «Հերոսը պետք է ապրի, տեսնի իր կատարած քաջագործությունը, հերոսը չպետք է զոհվի այդ ճանապարհին: Պահպանեք ձեզ»:
Մանկության տարիներից հիշում եմ Սամվելին՝ զենքը ուսին, հատուկ ցեղատեսակի որսաշներով հաճախ էր բարձրանում լեռները: Ավագ եղբոր` Վարդգեսի, որսորդ Ավետիսի, Մնիկի, Հովեի հետ դատարկաձեռն չէին իջնում գյուղ:
-Ալոճի մի տեսակ կա՝ ընկույզի մեծությամբ, միայն մի ծառ է ինձ պատահել,- ու ձեռքը մեկնելով Սուրբ Կարապետի ուղղությամբ՝ ասում է. -Սրբի ձորի ափին է: Կորիզները ցանել եմ, որ աճեն: Սրտի համար իսկական դեղ է, բայց ամենալավը մուգ կարմիր, փոքրիկ հատիկներով ալոճն է՝ այ սա,- ու ցույց է տալիս վառվռուն հատիկներով ծածկված ալոճի ծառը:
Հետաքրքիր զրուցակիցներ են Վարդգեսն ու Սամվելը՝ չնայած չեմ հանդիպել մի մարդու, որը ճանաչի, սիրի բնությունն ու իր պատմություններով չգրավի դիմացինին: Վարդգեսը քչախոս է, լռակյաց, իսկ Սամվելն ինձ հիշեցնում է Ավետիք Իսահակյանի «Համբերանքի չիբուխը» պատմվածքի ծերունուն: Արցախյան պատերազմից հետո, երբ գարունը բացվում է, Սամվելն իր տիկնոջ՝ Հռիփսիմեի հետ բարձրանում է գյուղի վերին մասի իր փոքրիկ տնակը: Գյուղ է իջնում, երբ առաջին ձյունը նստում է Եղնիկի հայացք (Մարալ բախան) կոչվող Ուրցի լեռների ամենաբարձր գագաթին:
Սամվելի ու Հռիփսիմեի սերը շատ-շատ վաղուց է գալիս՝ մանկության այն տարիներից, երբ ամեն ինչ հրաշալի էր ու երազային: Եվ այդպիսին էլ նրանց կյանքում մնաց սերը՝ հավատարիմ ու անբաժան: Այդպես է նաև Վարդգեսի ու Գոհարի սերը: Ինչպես ժողովուրդն է ասում` նրանք երկուսն էլ «ճիպոտն իրենց անտառից են կտրել»:
-Երբ Երասխում սկսվեցին ընդհարումները՝ Շաղափ գյուղի երիտասարդությունն էլ ոտքի կանգնեց: Եվ զարմանալին ու ոգևորողն այն էր, որ համարյա նույնքան տնտեսություն ունեցող փոքրիկ գյուղից նույնքան էլ ազատամարտիկներ գրվեցին՝ 120 հոգի: Սպարապետ Վազգեն Սարգսյանը մի անգամ ասաց.
-Շաղափի ազատամարտիկները ավելի շատ են, քան գյուղի տնտեսությունները: Այս խոսքերում ճշմարտություն կար, որից մենք հպարտություն էինք ապրում: Ջոկատին անդամագրվել էին ոչ միայն երիտասարդները, այլ նաև 60-ն անց մարդիկ՝ Սամսոնը, դարբին Անդրանիկը, Լադիկը, Թորգոմը, Մուրադը, Հովհաննեսը, Արտուշը: Զենք-զինամթերք չկար: Ջոկատը մի քանի խմբերի բաժանեցինք, և որքան բավարարում էր որսորդական հրացաններն ու պապերից մնացած մոսինները՝ իրար փոխարինելով մեկնեցինք սահման: Ավագ եղբայրս՝ Վարդգեսը, նույնպես մեզ հետ էր:
…Վարդգեսը բնավորությամբ մեղմ է, համբերատար, Սամվելը՝ բռնկուն: Երբ Երասխում Վազգեն Սարգսյանը սահմանին ադրբեջանցիների հետ բանակցում էր՝ իր հետ վերցնում էր Վարդգեսին: Երբ Սամվելը ցանկություն էր հայտնում նրանց միանալու Վազգենը ժպիտով ասում էր. «Մի՛ նեղացիր, Սամվե՛լ, Վարդգեսը համբերատար է, գիտի, երբ կռվի, երբ խոսի, իսկ դու, երբ հանդիպես ադրբեջանցու, վերջը կռիվ է»:
-Մի օր էլ, երբ Սպարապետը նոր էր վերադարձել Գորիսից, շտապ ինձ իր մոտ կանչեց: Ես էլ մի շաբաթ էր, ինչ վերադարձել էի Գորիսից: Մեր գյուղի Արտուշի հետ օգնություն էինք տարել բաժանելու, երբ հանդիպեցինք Համլետ Մկրտչյանին, որն էլ ասաց, թե շտապ պետք է օգնության հասնել տղաներին, որոնք Կոռնիձորում ընկել էին շրջափակման մեջ: Այդ կռվի մասին պատմել էին Սպարապետին՝ մանրամասն նկարագրելով, թե ես ինչպես հաշվեհարդար եղա թշնամիներից: Երբ Վազգենն ինձ իր մոտ կանչեց և հարցրեց, թե՝ ճիշտ է այն, ինչ լսել է Գորիսում, ես պատասխանեցի.
«Եղեռնին մեր ամբողջ գերդաստանից միայն հայրս է փրկվել: Իսկ այդպիսի քանի-քանի տոհմ ու գերդաստան ոչնչացան, և քանիսից հրաշքով միայն մի ծիլ մնաց՝ ինչպես հայրս, որին գուրգուրանքով պահեցին, որ ազգը շարունակվի: Հիմա՞ էլ հավատանք, որ թուրքը կգնահատի մեր մարդասիրությունը, կհասկանա, թե ինչ է բարոյական հաղթանակը: Չէ, էս անգամ էդպես չի լինի:
Ինչ պատմել են՝ ճիշտ է, Սպարապե՛տ,- ասացի ու լուռ սպասեցի:
Հետո պատմեցի այն, ինչը լսել էի մեր մեծերից:
-Նախնիներիս ծննդավայրը եղել է Վանի Ներքին Տարենց գյուղը: Սեդրակ պապս եղբայրների՝ Միրզայի ու Մարտոյի հետ մի մեծ գերդաստան են եղել՝ Ասլանյան գերդաստանը: Միրզան ու Սեդրակը անհնազանդ, կռվարար բնավորություն են ունեցել: Շատախի լեռներում իրենց նման ազատություն սիրող հայերի հետ շրջել են զենքով, կռվել ասկյարների դեմ: Իսկ Մարտոն հազարավոր ոչխարներ է ունեցել: Եղբայրները հաճախ են նրան համոզել, որ զենք գնի, իսկ նա իր մահակը ցույց տալով՝ ասել է. «Իմ մահակն իմ զենքն է»: Գաղթի ժամանակ էլ ոչխարի հոտը դեմը տված քշել է՝ թե. «Անհավատին չեմ թողնի իմ հարստությունը»: Ու մինչ օրս գալիս ու տեղ չի հասնում իմ Մարտո պապը: Իսկ Միրզա պապս զոհվել է զենքը ձեռքին՝ հերոսաբար: Եվ այդ մեծ գերդաստանից փրկվել է միայն Սեդրակ պապս, որն Արամ հորս ձեռքից բռնած՝ անցել է Արաքսից այս կողմ: «Եթիմ, որբ Արամ» են ասել հորս, որին գուրգուրանքով, սիրով ու միևնույն ժամանակ վախով է պահել-մեծացրել պապս, որ շարունակվի Ասլո ցեղը:
Հինգ եղբայր ենք, մեկ քույր՝ Լևոն, Կառլեն, Սեդրակ, Վարդգես, Սամվել, Գոհար: «Հավատս գտա: Վստահ եմ, որ արդեն կշարունակվի Ասլանյան գերդաստանը»: Սրանք են եղել Սեդրակ պապիս վերջին խոսքերը:
Զրույցին ներկա Վարդգես եղբայրը շարունակում է.
-Իսկ մեր մորական Սիմոն պապը Սեբաստիայից էր՝ ազնվական ու կիրթ: Երբ սուրճ էր ուզում խմել՝ պոլսեցի Մարթա տատիս ասում էր. «Գավաթ մը սուրճ եփե՝ վայելենք»: Չէր ասում խմենք, ասում էր՝ վայելենք:
Սիմոն պապս եղել էր Անդրանիկ զորավարի թիկնապահներից: Զորավարը նրան շատ էր վստահել, տվել կարևոր հանձնարարականներ: Մի անգամ Անդրանիկը Սիմոն պապիս ուղարկում է Էրզրում՝ կարևոր լուրերի համար: Սիմոն պապս վարսավիրի իր գործիքները տեղավորելով պայուսակում՝ մտնում է Էրզրում: Մի օր էլ մի հաղթանդամ թուրք է գալիս ու սկսում է պատմել իր «քաջագործություններից»՝ քանի հայ է մորթել, քանի մանկահասակ երեխա պղծել… Սիմոն պապս գովեստի խոսքերով այս մարդու հերթը միշտ ետ է գցում, ու սա էլ ոգևորված՝ որպես հերոս պատմում է, պատմում: Արդեն ուշ ժամի, երբ վարսավիրանոցում էլ մարդ չի մնում, մեծահոգաբար նստեցնում է թուրք «հերոսին». «Քանի՞ հայ մորթեցիր, քանի՞ աղջիկ պղծեցիր», ու երբ թուրքը հպարտորեն ուզում է պատասխանել՝ ածելիով կտրում է պարանոցը՝ դուռը փակելով գիշերով դուրս է գալիս քաղաքից ու հասնում է Զորավարին:
Օրն իր ավարտին էր մոտենում, երբ հրաժեշտ տվեցի եղբայրներին: Հանգստարան տանող ճանապարհին փոշու ամպ բարձրացնելով՝ մի ձիավոր պատանի էր սլանում: Շուտով նա պիտի հասներ ինձ ու քամու պես էլ անցներ: Եվ մինչ հասնելը, ես ձայնեցի՝ «Ո՞ւմ տղան ես» և հեռացող սլացքի հետ լսեցի՝ Սիմոնի: Սիմոն անունը գեղեցիկ, անմոռաց հուշեր արթնացրեց. «Սեբաստացի Սիմոն պապի թոռն է կամ ծոռը»: Եվ հայացքս գյուղի հանգստարանին՝ փնտրեցի Սիմոն պապի և Մարթա տատի տապանաքարերը: Փնտրեցի ինչպես նրանց, այնպես էլ Սեդրակ պապի տապանաքարը, որ ասեմ՝ «Դուք ապրում եք»»: