«Այդ պահին ոչ թե խաղում էի, այլ իսկապես զգում էի». Ելենա Բորիսենկոն՝ «Որոգայթի» նկարահանումների մասին
Այսօր «Մոսկվա» կինոթատրոնում տեղի ունեցավ «Շանթ» հեռուստաընկերության «Որոգայթ» սերիալի հիման վրա նկարահանված համանուն գեղարվեստական ֆիլմի պրեմիերան: Ֆիլմի ռեժիսորը Ռոման Մուշեղյանն է, իսկ սցենարի հեղինակը՝ Հարություն Ղուկասյանը: Ֆիլմի ինչպես՝ գլխավոր, այնպես էլ՝ երկրորդ պլանի դերերում նկարահանվել են հայկական հեռուստաեթերի ու կինոարտադրության ամենահայտնի ներկայացուցիչները՝ Հարություն Մովսիսյան, Սարգիս Գրիգորյան, Սոս Ջանիբեկյան, Ալեքսանդր Խաչատրյան, Ելենա Բորիսենկո, Գրիգոր Աղախանյան, Ստեփան Ղամբարյան, Մարջան Ավետիսյան, Արմեն Մարգարյան, Արփինե Գաբրիելյան, Սաթենիկ Հախնազարյան և ուրիշներ:
Ֆիլմի ռեժիսորը լրագրողների հետ զրույցում նշեց, որ սա քրեական դրամա է: «Սա գեղարվեստական ֆորմատի մեջ ֆիլմի խտացված տարբերակն է, կերպարներ կան, որ նույնն են, բայց այլ ֆիլմ է: Ասելիքը հիմնականում նույնն է, ներկայացվում է մի անձի պատմություն, ով ճակատագրի բերումով հայտնվում է որոգայթում, այնտեղից դուրս գալու փորձեր է անում, բայց ինչքան փորձում է, այնքան խճճվում է: Հավատարիմ ենք մնացել գեղարվեստական ֆիլմի բոլոր կանոններին, փորձել ենք ճշմարտացի ներկայացնել, քանի որ քրեական աշխարհի մասին է, չէինք կարող խուսափել որոշակի բառերի կիրառումից: Դաստիարակչական շատ թեմաներ կան՝ ընտանիքի, սիրո, ընկերության գաղափարներն են շոշափվում ֆիլմում»,- նշեց Ռ. Մուշեղյանը:
168.am-ի հետ զրույցում դերասանուհի Ելենա Բորիսենկոն պատասխանելով հարցին, թե ո՞րն էր նկարահանման ժամանակ ամենահուզիչ պահն իր համար, նշեց, որ դա վերջին տեսարանն էր. «Թվում է, թե դերասանական ամենահուզիչ խաղը պետք է լիներ այն, երբ Անահիտը գալիս է Հովիկի մոտ, բայց ինձ համար ամենահուզիչը վերջին տեսարանն է, որը նկարահանվել է հիվանդանոցում. երեխա էր ծնվել, որին նույնիսկ դեռ մայրը չէր տեսել, որովհետև բարդ ծնունդ էր եղել, ծնունդից երկու ժամ անց բուժքույրը երեխային բերեց ինձ մոտ ու գնաց: Ես այդ երեխային գրկել եմ, պուճուր է, լույսերն իրեն խանգարում են, ոչ ոք ուշադրություն չի դարձնում, ինքը լացում է, Ռոմանն իր գործով է զբաղված, Հարություն Մովսիսյանը խնդիր է բացատրում, իսկ ես դա չեմ լսում, քանի որ խնդիրն արդեն լուծված է, այդ երեխան իմ գրկում է: Այդ պահին ոչ թե խաղում էի, այլ իսկապես զգում էի, ես նրան պաշտպանում էի լույսից, որ աչքերին չընկնի, քանի որ հենց լույսն ընկնում էր, ինքը լաց էր լինում: Այդ զգացողությունը բնական էր, ու պետք չէր խաղալ: Ես հետո երկար ժամանակ դրա մասին էի մտածում»: