Պետք է ենթադրել, որ իր՝ ԱԳ նախարար լինելու ժամանակ ժողովրդավարության բարձրակետը մարտի 1-ն էր. «Առավոտ»
«Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանն իր այսօրվա խմբագրականում գրում է. «Ընդդիմադիր քաղաքական ուժերի եւ նրանց ներկայացուցիչների արձագանքը Մոսկվա-Երեւան ավտոբուսի վթարին եւս մեկ անգամ վկայում է, որ Հայաստանում «քաղաքականություն» հասկացությունը պետք է հիմնովին վերանայվի: (Եվ ինչո՞ւ միայն Հայաստանում՝ ամբողջ աշխարհում): Արձագանքը մոտավորապես հետեւյալն է. մեր ժամանակ ավտոբուսները չէին վթարվում, մինչեւ ռեժիմը չփոխվի, վթարները շարունակվելու են: Մարդկային պարզ մոտեցումները՝ վիշտը, կարեկցանքը, նրբանկատությունը, մեր քաղաքականությանը հակացուցված են: Եթե մարդկային կյանքեր խլած աղետի նկատմամբ է վերաբերմունքն այդպիսին, ապա սահմանադրական փոփոխությունների նման բարոյական առումով չեզոք խնդրի մասին կարելի է ասել ամեն ինչ:
Շատերը, երեւի, կհամաձայնեն, որ կիսանախագահական համակարգը ներկայիս Հայաստանի համար ամենաօպտիմալն է, եւ այն մոտակա տասնամյակի ընթացքում, իմ կարծիքով, չպիտի փոխվի: Բայց դրա մասին չի խոսվում, որովհետեւ դա բոցաշունչ ճառերի առիթ չի տալիս: Փոխարենը ասվում են տարօրինակ բաներ: Ազգային ժողովի պատգամավոր Վարդան Օսկանյանն, օրինակ, մտահոգություն է հայտնում, որ սահմանադրական փոփոխությունները վտանգում են Հայաստանում արդեն իսկ «փխրուն ժողովրդավարությունը»: Պետք է ենթադրել, որ իր՝ արտգործնախարար լինելու ժամանակ ժողովրդավարությունը փխրուն չէր, շատ ամուր էր, եւ այդ ամուր ժողովրդավարության բարձրակետը մարտի 1-ն էր: Այդպիսին է քաղաքականությունը՝ հայաստանյան աշխարհընկալմամբ. «մենք լավն էինք», «բա մեր վախտ էդ ձե՞ւ էր», «այ, որ մենք գանք, էլի լավ կլինի»: Պետք է հստակորեն գիտակցել, որ ամբողջ երկու տասնամյակ էլ «էդ ձեւ է», եւ այս ընթացքի վերաբերյալ ոչ «նախկինները», «ոչ ներկաները» գլուխ գովելու տեղ չունեն: Եվ քանի որ 20 տարի «մի ձեւ» է, դրանից կարելի է պարզ հետեւություն ունել. քաղաքականությունը չպիտի լինի պայքար հանուն նրա, որ փոխվի առաջին կամ որեւէ այլ դեմքի անուն-ազգանունը՝ դա որեւէ իմաստ, որեւէ նշանակություն չունի»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Առավոտ» թերթի այսօրվա համարում: