«Բարով եկաք». Սամվել Ֆարմանյանը հեգնեց ու քննադատեց Կարեն Անդրեասյանին

Այսօր ԱԺ նիստում ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Ֆարմանյանը խիստ քննադատության ենթարկեց ՄԻՊ անցած տարվա զեկույցը: Նա նշեց, որ 500 էջանոց փաստաթուղթն ամբողջությամբ ընթերցել է, բայց համոզվել է, որ չարժեր դա անել, քանի որ ուսանողները կամ վատ ասպիրանտները դիպլոմային աշխատանք կամ ատենախոսություն ներկայացնելիս փորձում էին այն ծավալուն անել, որպեսզի տպավորություն ստեղծվի, թե ազդեցիկ աշխատանք է: Ս.Ֆարմանյանի բնորոշմամբ՝ ՄԻՊ զեկույցը 500 էջ «ջուրծեծոցի» է ու, եթե Երվանդ Օտյանը, կամ Պարոնյանը տեղեկանային դրա մասին, մեր երգիծական գրականությունը մեծ ձեռքբերումներ կունենար:

Ս.Ֆարմանյանը որոշ ձևակերպումներ թվարկեց զեկույցից. ««Նուբարաշեն» ՔԿՀ-ում միջատները կծել են դատապարտյալի ձեռքերն ու ոտքերը: Գրեիք «հատուկ ուսուցում անցած ճանճերը խանգարել են դատապարտյալի քունը: Կամ՝ «Կոշ» ՔԿՀ-ում մի քանի օր շարունակ ճաշացանկը եղել է նույնը: Եթե Մարթին Լյութեր Քինգը, Նելսոն Մանդելան և այլ ճանաչված մարդու իրավունքի պաշտպան առաքյալներ կենդանի լինեին, ձեր զեկույցից չգիտեմ ինչ տպավորություն կստանային: Կարելի՞ է, միթե, այդքան անլրջացնել ՄԻՊ տարեկան զեկույցը»:

Ս.Ֆարմանյանն էլ ավելի անկեղծացավ ու նշեց, որ եթե օրենքի պարտադրանքով զեկույցը ԱԺ-ում չքննարկվեր, գուցե մեր հասարակությունն ընդհանրապես չիմանար, թե ինչով է զբաղվում ՄԻՊ-ը: Ս.Ֆարմանյանի խոսքով՝ պետբյուջեից որևէ աջակցություն չստացող ՀԿ-ները, այդ թվում՝ Հելսինկյան ասոցիացիան, ավելի լավ հաշվետվություններ են գրում. «Ո՞նց կարող է այդքան անատամ լինել»:

Պատգամավորը նշեց, որ մեթոդոլոգիական առումով հղում է կատարվում մի շարք կազմակերպությունների՝ ԹԻ, Հելսինկյան, Human rights watch և այլն, որոնք իրենք պետք է հղում կատարեն ՄԻՊ-ի կողմից բացահայտված իրողություններին: Նրա խոսքով՝ անգամ անգլերեն տարբերակով աղյուսակներ կան զեկույցում, որը փնթի վերաբերմունք է: Նա հայտարարեց, թե ՄԻՊ ինստիտուտի հեղինակության ոչ թե աճ ունենք, այլ նախկինի մսխում:

Նրա խոսքով՝ բանակի վերաբերյալ ներկայացվել է «ինչ-որ մարդու իրավունքների խախտման տարատեսակ դեպքեր», վերջում էլ մի «աշխարհացունց դիտարկում՝ պետք է առաջին գծում տեղադրել հատուկ սարքավորումներ»:

«Բարով եկաք: Բա դիմեք համապատասխան մարդկանց, կարող է նրանց մտքով չի՞ անցել, թե ո՞նց ա պետք բանակը ղեկավարել»,- հեգնեց Ս.Ֆարմանյանը:

Նա նշեց, որ մեր ուղղաթիռը Ադրբեջանի ԶՈՒ կողմից խփվելու հետ կապված ՄԻՊ-ը նամակով դիմել է Մարդու իրավունքների եվրոպական հանձնակատարին՝ «Ե՞վ, և՞»:

«Ոստիկանությանը մեղադրում եք ցածր պրոֆեսիոնալիզմի մեջ, բայց ոստիկանները ցուցարարների հետ Բաղրամյան պողոտայում խնդիր են ունենում, դուք չկաք: Ոչ թե ֆիզիկապես չկաք, ձեր ինստիտուտը չկա, Գյումրիում չկաք: Ձեր ինստիտուտն եմ ասում, բայց ձեզ է վերաբերվում, պարոն Անդրեասյան: Կարդում ենք՝ 110 հայտարարությամբ է հանդես եկել: Մի հատ էլ գրեիք՝ երազ է տեսել: Որտե՞ղ է ձեր գործողությունների իրական արդյունքը,- ասաց Ս.Ֆարմանյանը ու հավելեց,- Ձեզ հանգիստ չի տալիս ամենաանհաջող կադր լինելու դափնին»:

Ս.Ֆարմանյանը նշեց, որ ՀՀ-ԵՄ խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի նիստ է հրավիրվում, ՄԻՊ-ը չի գալիս ու ասում է՝ զեկույցը կներկայացնի իմ առաջին տեղակալը. «Պարոն Անդրեասյան, դուք մի տեղակալ էլ չկաք, ո՞ւր եք ձեր տեղակալին ուղարկում խորհրդարանական ՀՀ-ԵՄ հանձնաժողովի նիստում մարդու իրավունքների ոլորտում տեսակետ ներկայացնելու համար: Զավեշտ է: Եվ զավեշտներն այնքան շատ են, որ ժամանակը չի բավարում դրանք թվարկել»:

«Դաժան եք, դաժան»,- արձագանքեց ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը:

Տեսանյութեր

Լրահոս