«Չեմ կասկածում, որ Հայաստանում որևէ մի լուրջ իշխանության հավակնող ՌԴ-ի կողմից դաբրո չի ստանում». Ազատ Արշակյանը՝ Արա Աբրահամյանի՝ ստեղծվելիք կուսակցության մասին
«Պարոն Աբրահամյանը, դեռ չգիտենք՝ ինչ ծրագրեր ունի»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսելով Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի երեկ արած այն հայտարարության մասին, թե պատրաստվում է կուսակցություն հիմնել և մասնակցել 2017 թվականի խորհրդարանական ընտրություններին՝ ասաց Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը:
Լրագրողներից մեկի այն դիտարկմանը, թե, փաստորեն, Ա. Աբրահամյանը գալիս է որոշակի խաղաքարտեր խառնելու, Ա. Արշակյանն այսպես արձագանքեց. «Չգիտեի, որ պարոն Աբրահամյանը խառնելու է ինչ-որ խաղաքարտեր»:
Ա. Արշակյանի խոսքով՝ Ա. Աբրահամյանը հայտ չի ներկայացնում մեր բանասիրական ֆակուլտետն ընդունվելու համար. «Նա ասում է՝ սպասենք մինչև գարուն, ու սպասենք, թե ինչ քաղաքական ծրագիր պետք է լինի: Կարևոր է, թե ովքեր են այդ ծրագիրն իրականացնելու: Ընդհանրապես կարելի է ասել, որ Հայաստանը խոպան է քաղաքական առումով, սեպտեմբերի 3-ից ու այդ քվեարկությունից հետո իշխանությունը հայատարարել է իր բանկրոտ լինելու մասին, որովհետև ինքնակամ հրաժարվել է իշխանությունից ու դարձել դրածոներ: Արա Աբրահամյանի հայտը ես համարում եմ բնական, մարդն առաջինը իր տեղը զբաղեցնում է, ու ասում է՝ ես կամ, ուրիշ հայտեր էլ կլինեն: Սա նախընտրական քարոզարշավ է, նորերի համար շատ հարմար է, քանի որ Հայաստանի քաղաքական դաշտն ամայացված է»:
Հարցին էլ՝ կարծում եք՝ Ա. Աբրահամյանը Ռուսաստանի՞, թե՞ Ս. Սարգսյանի դաբրոն է ստացել Հայաստանի քաղաքական դաշտ մտնելու համար, Ա. Արշակյանն այսպես պատասխանեց. «Ես չեմ կասկածում, որ Հայաստանում որևէ մի լուրջ իշխանության հավակնող Ռուսաստանի կողմից դաբրո չի ստանում, այլապես նրանք կհալածվեին: Ռուսաստանը շատ խանդոտ է, Հայաստանը համարում է իր ազդեցության գոտին»: