«Հայաստանը որպես տարանցիկ երկիր շատ կարևոր դեր պետք է ստանձնի». Էսհաղ Ջահանգիրի
«Հայաստանի և Իրանի քաղաքական հարաբերություններն օրինակելի են, զարգացում են ապրում, գտնվում են լավագույն մակարդակում և որևէ սահմանափակում դրա համար չունենք: Սակայն առևտրատնտեսական հարաբերությունների վերաբերյալ չեմ կարող գոհունակություն հայտնել: Պետք է ջանանք այս խնդիրը լուծել»,- այսօր հայ-իրանական գործարար համաժողովի ժամանակ հայտարարեց Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի առաջին տեղակալ Էսհաղ Ջահանգիրին:
Ըստ նրա՝ ՀՀ-ն Իրանի կողմից դիտվում է որպես միակ հարևան երկիր, որ ԵՏՄ-ի անդամ է և կարող է հարմար հարթակ դառնալ, որպեսզի իրանական արտադրանքն արտահանվի դեպի ԵՏՄ: Է. Ջահանգիրիի խոսքով՝ դա հնարավորություն կստեղծի, որպեսզի իրանցի արտադրողներն իրենց արտադրության մի մասն իրականացնեն Իրանում, մի մասը՝ Հայաստանում, և արտահանեն ԵՏՄ շուկաներ:
«Հայաստանը որպես տարանցիկ երկիր շատ կարևոր դեր պետք է ստանձնի»,- ասաց Ջահանգիրին՝ այս համատեքստում կարևորելով Հյուսիս-հարավ մայրուղին և երկաթուղին, որոնք, ըստ նրա, ոչ միայն երկկողմանի, այլև կարող են տարածաշրջանային ազդեցություն ունենալ: Նա մեծ պատրաստակամություն հայտնեց աջակցել դրանց իրագործմանը:
Նկատելով, որ իրանցիները դժվարություններ ունեին բանկերից իրենց գումաները ստանալու, Ջահանգիրին նշեց, որ Իրանն օգնեց ՀՀ-ին բարձրաոլտ երրորդ գծի կառուցման հարցում և դա կնպաստի երկկողմ հարաբերությունների զարգացմանը: Նա նշեց, որ պետք է ջանան առկա խոչընդոտները վերացնել և պետք է ստորագրեն համապատասխան փաստաթղթեր, որի համար երկկողմ հանձնաժողով կտեղծվի: