«Վաղը ընդդիմությունն իշխանության հետ պատասխանատվություն է կրելու»

«Ներկայումս կարելի է գնահատել, որ աստիճանաբար ընկղմվում ենք քաղաքական դեբատների փուլ. և՛ կողմ, և՛ դեմ արտահայտվողները հնարավորություն ունեն իրենց կարծիքները հայտնել ու նախապատրաստել ժողովրդին հանրաքվեին»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսելով սահմանադրական բարեփոխումների գործընթացի մասին՝ նման տեսակետ հայտնեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանը:

Նա նկատեց, որ հաճախ հնչում է այն թեզը, թե սահմանադրական բարեփոխումները պահանջարկված չեն հանրության կողմից, բայց, ըստ նրա՝ որևէ երկրում սահմանադրական բարեփոխումների անխուսափելիությունը չի ծնվում հանրության կողմից, դա հիմնականում ձևավորվում է քաղաքական կամ մերձքաղաքական շրջանակներում. «Մեր շատ ու շատ քաղաքացիներ անգամ պատկերացում չունեն դրա մասին, իրենց հոգսերն էլ շատ են: Ես տեղին չեմ համարում խոսել այն մասին, որ հանրության կողմից պահանջարկված չէր»:

Խ. Հարությունյանի գնահատմամբ՝ սահմանադրական բարեփոխումների գործընթացն ապրել է բնական էվոլյուցիա. «Այս սահմանադրական բարփոխումներն ադեկվատ են այդ զարգացումներին»:

Ըստ պատգամավորի՝ այսօր գործող համակարգը որևէ հնարավորություն չի տալիս կենսունակ ընդդիմություն ձևավորելու համար, իսկ այս նոր Սահմանադրությունը, նրա խոսքով, առաջարկում է կարևորագույն օրենքները, պաշտոններն ընտրել ԱԺ-ում պատգամավորների 3/5-ով. «Սա քաղաքական կոմպրոմիսների, պատասխանատու ընդդիմություն ձևավորելու հնարավորություն է: Այսօր ընդդիմությունը ոչ մի բանի հարցում պատասխանատու չէ, իսկ վաղն ընդդիմությունն իշխանության հետ պատասխանատվություն է կրելու»:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս