«Պահածոների» ժամանակն անցել է. «Առավոտ»

«Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանն իր այսօրվա խմբագրականում գրում է. «Երեկ նշվեց ուսուցչի օրը: Հավուր պատշաճի շատ բաներ ասվեցին: Ուսուցիչներին գովեցին, ծաղիկներ նվիրեցին: Ինչ խոսք, նրանք արժանի են ամենաբարձր գովասանքների՝ նաեւ, իհարկե, ավելի բարձր աշխատավարձի: Բայց, ինչպես եւ ցանկացած միջոցառում, այն մեկ օրվա նշանակություն ունի եւ չի կարող ստվերել այն հանգամանքը, որ ուսուցչի դերն այսօր փոխվել է, եւ այնպես, ինչպես դաս էին տալիս ինձ, այլեւս հնարավոր չէ դաս տալ իմ երեխաներին եւ, մանավանդ, թոռներին: Եվ այդ խնդիրը կա ոչ միայն Հայաստանում, այլեւ ամբողջ աշխարհում:

Ամեն ինչ գալիս է այն նախապաշարումից, որ գիտելիք մի պահածո էր, որն ամեն օր ուսուցիչը բերում է իր հետ դասարան եւ հմտորեն բացում ու մատուցում է աշակերտներին:

Ցանկացած աշակերտ կամ, առավել եւս, ուսանող հնարավորություն ունի օգտվելու այդ «պահածոյից» համացանցի միջոցով, եւ հաճախ դա կարող է անել ավելի արագ, քան նրա ուսուցիչը: Եթե դիմենք մի փոքր այլաբանության, ապա կարելի է ասել, որ ուսուցիչը նրա համար չէ, որ դասարանում հայտնի, թե որքան կլինի երկու անգամ երկուսը, այլ նրա համար, որպեսզի հուշի, թե ինչ բան է բազմապատկելը, ինչպես է դա արվում եւ ինչի համար է դա պետք: Youtub-ում բազմաթիվ ոգեւորիչ տեսանյութեր կան, թե, օրինակ, ինչպես են երեխաները սովորում ֆիզիկայի օրենքները ոչ թե թղթի վրա գրված բանաձեւեր սերտելով, այլ, ասենք, հեծանիվ հավաքելով: Ցավոք, աշխարհի ոչ մի դպրոցում նման մոտեցումն առօրյա չի դարձել:

Ջրի բանաձեւը կամ «Վարդանանքի» համառոտ շարադրանքը համացանցում կա՝ դրանք մտապահելու, անգիր սովորելու խնդիր աշակերտն այլեւս չունի: Համացանցում չկան գիտելիքի, տվյալ առարկայի կամ տվյալ գեղարվեստական ստեղծագործության «համն ու հոտը», սովորելու «հավեսը», մարդկային շփումների հաճույքը»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Առավոտ» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս