
Փաշինյանը բանակում չի ծառայել, պատերազմների չի մասնակցել. Սեյրան Օհանյան
Լեռնային Ղարաբաղի հարցը փակված չէ։ Այս մասին 44-օրյա պատերազմի հինգերորդ տարելիցի առթիվ «Եռաբլուր» զինվորական պանթեոն կատարած այցի ժամանակ հայտարարեց ՀՀ պաշտպանության նախկին նախարար, ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։
Նրա կարծիքով՝ Ադրբեջանն իր հանգործողություններով ավելի է սրել հակամարտությունը։
«Հակամարտությունը չի ավարտվել, և այս ցեղասպանության համար Ադրբեջանը միջազգային հարթակներում պետք է պատասխանատվություն կրի»,- ասաց Օհանյանը։
Ինչ վերաբերում է ՀՀ ներկայիս իշխանություններին, ապա տեղի ունեցածի համար նա հենց նրանց է համարում պատասխանատու։
Նրա խոսքով` նրանք վատնեցին տարիների ընթացքում կուտակված բանակցային ռեսուրսները, ինչը հանգեցրեց Լեռնային Ղարաբաղի կորստին։
Սեյրան Օհանյանը նշեց, որ ներկայիս ղեկավարությունը 2019 թվականին մերժեց միջնորդական առաջարկները և իր անհասկանալի հայտարարություններով արագացրեց 44-օրյա պատերազմը։
Նրա խոսքով՝ 5 տարի առաջ Ադրբեջանը, օգտվելով նրանից, որ ՀՀ իշխանություններն իրենց իրարամերժ գործողություններով, հայտարարություններով ոչ ադեկվատ տպավորություն են թողնում, խախտեց այն պայմանավորվածությունները, որոնց հիմքը դրվել էր տարիների ընթացքում՝ բանակցություններով, և Արցախի դեմ սանձազերծեց պատերազմ.
«Ուժի միջոցով Ադրբեջանը կարողացավ Արցախում հասնել հաջողությունների, հետո հասավ ՀՀ սահմաններ և մինչև այսօր 200ք/կմ-ից ավելին գտնվում է Ադրբեջանի տիրապետության տակ, 2023 թվականին էլ «հակաահաբեկչական գործողությունների» ներքո հայաթափեց Արցախը՝ իրականացնելով ցեղասպանություն արցախցիների նկատմամբ։
Սակայն, բոլորս էլ հասկանում ենք, որ Ադրբեջանը, հիմնական հանցագործ լինելով հանդերձ, չէր կարող հասնել հաջողությունների, եթե տարիների բանակցային ամբողջ ներուժը չմսխվեր, բանակցությունները չդադարեին»։
Մանրամասները՝ տեսանյութում: