«Կենտրոնը միշտ բաց է եղել ակտիվ երիտասարդների համար, բայց կարծում ենք, երիտասարդությունը ոչ թե տարիք է, այլ հոգեվիճակ»

Դիլիջան քաղաքում գործունեությունն է սկսել համայնքային կենտրոնը (Dilijan Community Centre), որի նպատակը տեղի բնակչության ներգրավմամբ համայնքային կյանքի ակտիվացմանն ուղղված տարբեր ծրագրեր իրականացնելն է:

Համայնքային կենտրոնը վերակազմավորվել է 2014 թվականից գործող Դիլիջանի երիտասարդական կենտրոնի հիմքի վրա, որը տեղաբնակ ակտիվ երիտասարդությանը համախմբելու, օգտակար գիտելիքներ եւ հմտություններ ձեռք բերելու հնարավորություն ընձեռելու ու նրանց նախաձեռնություններին աջակցելու առաքելություն ուներ: Նոր կառույցը կընդլայնի իր գործունեությունը՝ դառնալով տեղի բնակչության հետ գործակցության կենտրոն:

Կենտրոնի՝ նոր ձեւաչափով գործունեության մեկնարկի մասին ազդարարվեց սեպտեմբերի 27-ին կայացած միջոցառման ժամանակ, որին ներկա էին «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամի ղեկավար Էդգար Մանուկյանը, քաղաքային իշխանությունների ներկայացուցիչներ, հյուրեր, համայնքի բնակիչներ, Երիտասարդական կենտրոնի սաներ:

Community center-opening1 Community center-opening2

Կենտրոն էր այցելել նաեւ IDeA -ի համահիմնադիր Ռուբեն Վարդանյանը՝ ստեղծված պայմաններին ծանոթանալու նպատակով:

«Երիտասարդական կենտրոնն իր գործունեության ընթացքում զգալի հաջողությունների է հասել. շուրջ 300 սան է ուսանել գործող տարբեր խմբակներում, սակայն կարծում ենք, որ հնարավոր է ավելին անել: Մենք ընտրեցինք նոր ձեւաչափ, եւ արդեն Համայնքային կենտրոնի միջոցով եւ Դիլիջան քաղաքում գործունեություն ծավալող մյուս կազմակերպությունների հետ համատեղ մտադիր ենք համայնքային կյանքի ակտիվացմանն ուղղված նոր ծրագրեր իրականացնել՝ ներգրավելով նաեւ քաղաքի բնակիչներին: Ուրախ եմ այստեղ տեսնել եւ փոքրերին, եւ մեծերին: Այսուհետեւ ծնողները երեխաներին բերելով տարբեր խմբակներ, կարող են իրենց համար էլ զբաղմունք գտնել, ծանոթանալ մեր հիմնադրամի նախաձեռնություններին, առաջարկել իրենց նախագծերը, մասնակցել Կետրոնի աշխատանքներին»,-ասաց IDeA հիմնադրամի ղեկավար Էդգար Մանուկյանը:

Community center-opening4 Community center-opening3

Դիլիջան քաղաքի գլխավոր ճարտարապետ Նվեր Դանիելյանը քաղաքապետարանի անունից շնորհակալություն հայտնեց Երիտասարդական կենտրոնի ակտիվ գործունեության համար: «Այն արդեն որոշակի արդյունքների էր հասել: Համոզված եմ, որ նոր կենտրոնը, իր առավել ակտիվ նախաձեռնություններով եւ նոր ծրագրերով խթան կհանդիսանա քաղաքի զարգացման եւ տեղաբնակ երիտասարդության ակտիվ գործունեության համար»,-նշեց նա:

«Կենտրոնը միշտ բաց է եղել ակտիվ երիտասարդների համար, բայց կարծում ենք, երիտասարդությունը ոչ թե տարիք է, այլ հոգեվիճակ, իրավիճակը փոխելու պատրաստակամություն: Սա ոչ միայն նոր տարեշրջանի մեկնարկ է, այլեւ այս միջոցառումը կոչված է ցույց տալու, որ մենք բաց ենք նոր գաղափարների ու նախաձեռնությունների համար: Մենք այստեղ ենք ՝ լինելու ձեզ հետ, գործելու ձեր համար եւ պատրաստ ենք ցանկացած աջակցություն ցուցաբերել: Մեր դռները բաց են բոլորի առջեւ՝ անկախ տարիքից»,-նշեց Համայնքային կենտրոնի ղեկավար Վասիիլի Բարդադիմովը:

Միջոցառման ընթացքում Էդգար Մանուկյանը Երիտասադական կենտրոնի 30 սանի նաեւ վկայագրեր հանձնեց՝ Մարդու իրավունքների եւ ժողովրդավարության ինստիտուտի եւ գերմանական «Bosch» հիմնադրամի «Հմտությունների զարգացման» հնգամսյա դասընթացին մասնակցելու համար, որը կազմակերպվել էր IDeA հիմնադրամի աջակցությամբ:

«Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամի հանրային կապերի բաժին

Տեսանյութեր

Լրահոս