«Իմ հաջորդ վեպը, որ դեռ ստեղծման ընթացքի մեջ է, պատմում է Գյումրու երկրաշարժի մասին». Քրիս Բոհջալյան

Ամենամյա «Գրական Տապան 2015» միջազգային փառատոնի շրջանակներում Հայաստանում է ամերիկահայ վիպասան, 18 գրքերի հեղինակ (այդ թվում` «Մանկաբարձուհիներ» և «Ավազամրոցի աղջիկներ» բեստսելերների), գրող Քրիս Բոհջալյանը, ում վեպերն ամբողջ աշխարհում վաճառվում են միլիոնավոր օրինակներով և թարգմանվում ավելի քան 30 լեզուներով։ Նրա «Մանկաբարձուհիներ» (Midwives) վեպը դարձել է New York Times-ի թիվ մեկ բեստսելեր, ընդգրկվել Օփրայի գրքերի ակումբի (Oprah’s Book Club) ընտրված գրքերի ցանկում, ներառվել Նոր Անգլիայի գրավաճառների ասոցիացիայի նորությունների ընտրանու մեջ։ Նրա վերջին՝ «Աչքերը փակեք, բռնեք ձեռքերը» (Close Your Eyes, Hold Hands) վեպը հրատարակվել է 2014թ. հուլիսին, իսկ մյուսը՝ «Հյուրասենյակը» (The Guest Room), սպասվում է 2016թ. հունվարին։ Վերջինիս հիմնական գործողությունները ծավալվում են Երևանում ու Գյումրիում։

168.am-ը, չնայած հայտնի գրողի հայաստանյան խիստ հագեցած գրաֆիկին, հանդիպեց և զրուցեց նրա հետ:

–  Պարոն Բոհջալյան, ճի՞շտ է այն, որ Ցեղասպանության մասին Ձեր ավագ պապի՝ դերձակ Նազարեթի վկայություններին Դուք ծանոթացել եք միայն վերջերս:

–  Այո, այդ մասին ես իմացել եմ վերջերս, երբ հորաքույրս ինձ փոխանցեց Կեսարիայի հայերի մասին պատմող մի հին հատոր: Այստեղից ես ինձ համար բացահայտեցի, որ իմ մեծ պապը շատ ավելի պոետ էր, քան հասարակ դերձակ: Իրականում նա կայացած աշուղ էր, բանաստեղծություններ ու երգեր ուներ գրած, թեև ինչ-որ ժամանակներից սկսած՝ նրա գրվածքների բովանդակությունը փոխվել է, դարձել մռայլ ու անգույն, և դա, ինչպես ես ինձ համար բացահայտեցի, տեղի է ունեցել Աբդուլ Համիդի կոտորածներից հետո:

Կարդացեք նաև

–  Ինչպե՞ս պատահեց, որ Դուք այդ մասին իմացաք այդքան ուշ:

–  Պարզապես ընդունված չէր այդ մասին բարձրաձայն խոսել: Իմ պապն ու տատը, ովքեր նույնպես այդ արհավիրքի կրողներն էին, միշտ լուռ էին: Նրանցից մենք գրեթե ոչինչ չէինք լսում այդ մասին: Երևի, որովհետև այդպիսի ցավ տեսած մարդիկ չէին ուզում խոսել, պատմել և վերապրել այդ ամենը: Իրականում դա այնքան էլ հեշտ չէ:

–  Ձեր կենսագրական տվյալներից ինձ հայտնի է, որ Դուք 1980-ականների կեսերից Նյու Յորքում աշխատել եք՝ որպես Ջ. Վալտեր Թոմսոնի գովազդային գործակալության ֆինանսական ներկայացուցիչ: Ինչպե՞ս եղավ Ձեր մասնագիտական անցումը՝ գրական գործակալից՝ գրականություն:

–  Պարզապես ես երբեք էլ չեմ ցանկացել աշխատել որպես գրական գործակալ և այդ աշխատանքին անցա միայն գրքերիս տպագրության համար գումար վաստակելու նպատակով: Որոշ ժամանակ անց ես ու կինս տեղափոխվեցինք Լինքոլն, որտեղ ես սկսեցի տեղական թերթում սյունակ վարել, և այդպես տևեց երկար տարիներ, իսկ կինս սկսեց զբաղվել իր սիրելի լուսանկարչությամբ:

Nvard-nyut (4)

–  Ընդհանրապես, ի՞նչը կարող է Ձեզ համար մեծ գրականության թեմա դառնալ:

–  Այն, ինչ կարող է մարդկությանը հուզել, ինձ համար թեմա կդառնա՝ լինի գրականությա՞ն, թե՞ ժամանակին՝ մամուլի համար, մեկ է: Հիմքում մարդկային կյանքն է, հույզերը:

–  Կարծես սերը նույնպես առանցքային դեր ու նշանակություն ունի Ձեր ստեղծած գրականության հիմքում: Համենայնդեպս, Դուք այդ մասին մեկ անգամ չէ, որ ասել եք Ձեր հրապարակային զրույցներում:

–  Առհասարակ ես շատ եմ սիրում սիրային պատմություններ և մեծ տեղ եմ տալիս դրանց, օրինակ՝ այնպիսին, ինչպիսին «Անգլիացի հաճախորդն» է: Եվ հիմա պետք է խոստովանեմ, որ հենց այս գործն է ոգեշնչման աղբյուր հանդիսացել, որպեսզի ես գրեմ «Ավազե ամրոցի աղջիկները» վեպը: Չեմ կարծում, որ այս գործը հաջողություն գրանցեր, եթե ընթերցողն ինքն ընթերցանության ընթացքում չսիրահարվեր հենց վեպի հերոսներին: Սա պատմություն է՝ սիրո մասին և, այո´, ես այդ մասին բազմիցս բարձրաձայնել եմ:

Nvard-nyut (2)

–  Սիրո պատմություն՝ Ցեղասպանության ֆոնին…

–  Դուք ճիշտ եք, վեպը Ցեղասպանության ֆոնին ներկայացված սիրո պատմություն է: Այս երկու համադրությունն է պատճառը, որ այս վեպն այսքան հուզել է ընթերցողներին և հաջողություններ գրանցել: Գիտե՞ք, եթե ես այստեղ միայն սիրո պատմություն ներկայացնեի, առանց մյուս թեմատիկ զարգացման, որը Դուք ընդգծեցիք, ապա, կարծում եմ, հաջողությունը կտուժեր:

– Այսինքն՝ այս համադրությո՞ւնն եք Դուք համարում վեպի հաջողության գաղտնիքը:

– Այո:

– Ո՞րն է գլխավոր ուղերձը մի գրական աշխատանքի, որտեղ նկարագրված է միաժամանակ և´ գեղեցիկ սիրո պատմություն, և´ աննախադեպ ոճիր:

– Երկու ուղերձ կա վեպում: Ոճիրը, որը Դուք բնորոշեցիք՝ որպես աննախադեպ, իրականում տեղի է ունեցել, և մարդիկ պետք է այս մասին իմանան, բայց սերը, որը նույնպես առկա է՝ ոճիրին զուգահեռ, վերապրում ու անգամ հաղթում է այդ դաժան իրականությանը:

– Հայոց ցեղասպանության մաին պատմող ֆիլմեր և´ նկարահանվել են, և´ շարունակում են նկարահանվել, ու բացի Ձեր գրական ստեղծագործությունից՝ «Ավազե ամրոցի աղջիկները» վեպից, գրականության մեջ այս թեման նույնպես արծարծվել է: Ըստ Ձեզ՝ ինչպե՞ս պետք է դրանք արվեն, որպեսզի այս ոճրից 100 տարի անց ազդեցություն թողնի, ասելիքը տեղ հասցնի ու գուցե հարցի լուծման ճանապարհին բանալիներ առաջարկի:

– Ցանկացած արվեստի գործ, որ անդրադառնում է այս կամ այն թեմային (և ուզում եմ շեշտել՝ հատկապես այս) պետք է ունենա և ներկայացնի, այսպես ասած, հարուստ հերոս, էմոցիոնալ և ասելիքի առումով հարուստ հերոս: Եվ սա դեռ բավական չէ: Պետք է գտնել այս երկուսն իրականության հետ ճիշտ համադրելու ուղին, որպեսզի այս բնագավառում հաջողություն գրանցենք: Դա պետք է լինի ոչ միայն պատմություն, նույնիսկ, եթե այն շատ հետաքրքիր կամ հուզիչ պատմություն է, այլև՝ արվեստի գործ: Այստեղ այլ չափանիշեր են ենթադրվում, իսկ արվեստի ցանկացած դրսևորում՝ լինի կինո, գրականություն, երաժշտություն և այլն, ունի սրան հասնելու իր սպեցիֆիկ կողմերը:

– Այս տարի Հայաստանում և Սփյուռքում ամենատարբեր ձևաչափերով նշվեց Ցեղասպանության 100-ամյա տարելիցը: Ինչպե՞ս եք Դուք գնահատում այն աշխատանքները, որ արվեցին այս ուղղությամբ, կամ ի՞նչ սպասելիքներ դեռ ունեք:

– Առաջին հերթին՝ ես, որպես ազգությամբ հայ և աշխարհով մեկ սփռված հայության ներկայացուցիչ, պետք է փաստեմ, որ մենք բոլորս համակարգված աշխատանքներ տարանք այս հարցը 100 տարի անց պատշաճ մակարդակով աշխարհին ներկայացնելու համար: Խնդրի հանրայնացման և PR ոլորտում մենք, անկասկած, մեծ հաղթանակներ գրանցեցինք այս տարի: Իհարկե, դեռ շատ երկար ճանապարհ ունենք անցնելու՝ ոչ միայն ճանաչման գործընթացի, այլև պատմական հողերի փոխհատուցման տեսանկյունից նույնպես: Փոխհատուցումը խնդրի վերաբերյալ իմ երկրորդ առանցքային կետերից մեկն է՝ հանրայնացումից հետո:

– Դուք կարծում եք, որ փոխհատուցման խնդիրն այս պահին օրակարգային հա՞րց է:

– Իհա՛րկե օրակարգային է, և այդպես էլ պետք է մնա այնքան ժամանակ, մինչև խնդիրն իր լուծումը չգտնի: Եվ ահա երրորդ կետն իմ պատկերացմամբ՝ պետք է ոչ միայն ճանաչվեն այն մարդիկ, ովքեր զոհ գնացին այդ արհավիրքին, այլև նրանց իրավահաջորդները, ովքեր պահանջատեր պետք է լինեն:

Nvard-nyut (1)

– Հայտնի ռուս լրագրող Վլադիմիր Պոզները հիացական է արտահայտվել «Ավազե ամրոցի աղջիկները» վեպի մասին: Դուք տեղյա՞կ եք նրա արձագանքին:

– Գիտեմ միայն, որ դրական արձագանք է տվել, բայց չգիտեմ, թե մասնավորապես ի՞նչ է ասել: Դուք ավելի՞ն գիտեք:

– Նրա արձագանքից գիտեմ այսքանը. «Քրիս Բոհջալյանի վեպը` «Ավազե ամրոցի աղջիկները», գիրք-բացահայտում է։ Ես խորապես համոզված եմ, որ այդ գիրքն անպայման պետք է կարդալ` անկախ տարիքից, հավատից, հավատի բացակայությունից, ազգային պատկանելությունից, և այլն»:

– Спасибо… (ժպտում է.- Ն.Մ.)

– Խնդրեմ: Տեղյակ եմ, որ որոշ ժամանակ առաջ Նորին Սրբություն Արամ Ա-ի հետ հանդիպում եք ունեցել, որի ընթացքում չափազանց ուշագրավ քննարկում է ծավալվել հայ մշակույթի պահպանության խնդիրների շուրջ։ Չէի՞ք ասի, հատկապես ո՞ր կետերին եք անդրադարձել Դուք և Արամ Ա-ն այս հարցի քննարկման ընթացքում:

– Արամ Ա-ն իմաստուն և վեհ բարոյական արժեքներ կրող անհատ է և, այո´, մենք այդպիսի բովանդակությամբ զրույց ունեցել ենք նրա հետ: Նա չափազանց կարևոր է համարում հայկական մշակույթի անաղարտ պահպանման խնդիրը և այն կարծիքին է, որ դա պետք է սկսել հայկական խոհանոցից: Մենք միակարծիք ենք նաև այն հարցի շուրջ, որ շատ կարևոր է անաղարտությամբ պահպանել նաև հայոց լեզուն և ընդունել ու կարևորությամբ գնահատել այն մշակույթը, որ եղել է մինչ Հայոց ցեղասպանությունը, մինչ 1915 թվականը: Պետք չէ տուրք տալ և կենտրոնանալ միայն Նորագույն շրջանի մշակույթին, իսկ Նորագույն ասելով՝ նկատի ունեմ այն մշակույթը, որ ստեղծվել և ձևավորվել է Ցեղասպանությունից հետո:

Nvard-nyut (5)

– Այսինքն՝ այսօր Դուք մինչև 1915 թ. ստեղծված մշակութային շերտի կորո՞ւստ եք տեսնում:

– Ամեն ժամանակաշրջանի պատմություն և մշակույթ իր կարևորությունն ունի: Գիտե՞ք որն է հետաքրքիր, նկատե՞լ եք, որ այսօր հայաստանաբնակ հայերի կամ հայկական արմատներով մարդկանց կողմից ստեղծված արվեստի հիմքում գրեթե բոլոր բնագավառներում անուղղակի կամ ուղղակի անդրադարձ կա Ցեղասպանության թեմային: Այնինչ, այնքան կարևոր ու հետաքրքիր թեմաներ կան: Դրանք շատ-շատ են: Ահա այս մոտեցումն է պետք փոխել: Ժամանակն է եկել, որ հայերին աշխարհով մեկ այլ թեմաների ու իրադարձությունների ֆոնին ներկայացնենք:

– Օրինակ, Դուք ի՞նչ ակտուալ, կարևոր կամ առավել շահեկան թեմա եք այս պահին տեսնում կամ կառաջարկեիք:

Nvard-nyut (3)– Շատ ավելի հետաքրքիր ու կարևոր է այն, թե ինչպե՞ս է մշակույթի կամ արվեստի տեսակետից Հայաստանն աճելու և ներկայանալու աշխարհին 21-րդ դարում: Ես ընդհանուր մոտեցման բանաձևը տվեցի, որի լուծման տարբերակները բազմաթիվ են, ու պետք է դրանք ուղղակի փնտրել և գտնել: Կոնկրետ իմ պարագայում պատկերը հետևյալն է՝ իմ հաջորդ վեպը, որ դեռ ստեղծման ընթացքի մեջ է, պատմում է Գյումրու երկրաշարժի մասին: Գլխավոր հերոսուհիս մի գեղեցիկ պարուհի է՝ Երևանից:

– Գյումրիում եղե՞լ եք:

– Ոչ:

– Ուրեմն ինչպե՞ս եք վեպ գրում Գյումրու մասին, կամ դեպքերի, որոնք տեղի են ունեցել այնտեղ:

– Ճիշտ այնպես, ինչպես գրում եմ Հալեպի կամ Պրուսիայի մասին, որտեղ նույնպես չեմ եղել:

– Հերոսուհուն ճանաչո՞ւմ եք:

– Ոչ: Ես նրան հնարել եմ:

– Ի՞նչ գիտեք երկրաշարժի մասին:

– Ես բազմաթիվ վկայություններ ունեմ ու զրույցներ եմ անցկացրել այն մարդկանց հետ, ովքեր ապրել են Գյումրու երկրաշարժը: Խոսել եմ բազմաթիվ մարդկանց հետ, այդ թվում՝ մի կնոջ, ով աղետից հետո 11 ժամ մնացել է փլատակների տակ, կամ բազմաթիվ մայրերի, որոնք արհավիրքից րոպեներ այն վազել են դպրոցներ ու մանկապարտեզներ՝ իրենց զավակներին այնտեղ կենդանի գտնելու հույսերով…

– Այսինքն՝ վեպում նկարագրվող բոլոր դեպքերն իրակա՞ն են:

–  Այո, բոլոր դեպքերն իրական են:

– Պարոն Բոհջալյան, հաջող ավարտ եմ մաղթում նոր վեպին ու անհամբեր կսպասեմ՝ կարդալու այն: Լսել եմ՝ «Ավազե ամրոցի աղջիկները» վեպի հիման վրա պատրաստվում է ֆիլմ նկարահանվել: Ես այդ մասին իմացա հենց ֆիլմի ռեժիսոր Էրիկ Նազարյանից: Կպատմե՞ք այդ համագործակցության մասին:

– Ես սիրում եմ Էրիկին: Էրիկն իմ եղբայրն է: Էրիկի հետ ինձ ծանոթացրել է մեր ընդհանուր ընկեր Խաչիկ Մուրադյանը: Էրիկը կարդացել էր գիրքը և Խաչիկին խնդրել էր մեզ անպայման ծանոթացնել: Էրիկի խնդրանքը Խաչիկը, իհարկե, ի կատար ածեց, ինչի համար ես անձամբ շատ երջանիկ եմ: Մի քանի ամիս անց մենք արդեն լավ ընկերներ էինք:

– Գրական հիմքը ո՞վ է սցենարի վերածել:

– Դրանով Էրիկն է զբաղվել, և, ի դեպ, պետք է անպայման նշեմ, որ շատ գեղեցիկ է զբաղվել: Արդյունքն ինձ ուղղակի հիացրեց: Իրականում Էրիկը հենց այն մարդն էր, որ պետք է գրեր սցենարը:

– Իսկ ինչո՞ւ հենց ինքը:

– Մեր հայրենակից հայտնի ռեժիսոր Ատոմ Էգոյանն Էրիկի մասին ինձ ասել է հետևյալը. «Էրիկն իմ ճանաչած այն եզակի հայերից է, ով իր արմատներով գնում է տրադիցիոն հայկական մշակույթի, ֆիլմարվեստի ու երաժշտության հետքերով: Էրիկը մի ոտքով հայկական ազգային մշակույթի կրող է, մյուս ոտքով՝ ամերիկյան, և այդ երկուսի ճշմարիտ ու պրոֆեսիոնալ համադրումով հիանալի արվեստի գործեր է ծնում»: Բացի այս կարծիքից, որն ինձ համար շատ կարևոր ու վճռորոշ նշանակություն ունեցավ համագործակցության հարցում, ուրախ եմ նաև այն բանի համար, որ ես ու Էրիկը միասին ճամփորդություն ունեցանք դեպի Արևմտյան Հայաստան: Այդ ճամփորդությունը, իհարկե, մեծ խթան հանդիսացավ և´ համատեղ համագործակցության, և´ բացահայտելու համար այն, թե ինչպես է Էրիկը պատկերացնում իմ վեպի վրա նկարահանվելիք ապագա ֆիլմը:

Հ.Գ. Առաջիկայում նախատեսվում է հարցազրույց «Ավազե ամրոցի աղջիկները» վեպի հիման վրա նկարահանվող ֆիլմի ռեժիսոր, ամերիկաբնակ Էրիկ Նազարյանի հետ:

Տեսանյութեր

Լրահոս