Ազատության հրապարակում մեկնարկեց «Շնորհակալ եմ քեզ, հայ զինվոր» ակցիան
Ազատության հրապարակում մեկնարկեց Civil Voice հ/կ-ի կազմակերպած` արդեն ավանդական դարձած «Շնորհակալ եմ քեզ, հայ զինվոր» միջոցառումը: Civil Voice հ/կ-ի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի պատասխանատու Բաբկեն Հարությունյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ սա արդեն թվով 4-րդ ակցիան է, որի նպատակն է` ամրապնդել բանակ-քաղաքացի կապը.
«Սա ևս մեկ առիթ է, որպեսզի սահմանում ծառայող մեր եղբայրներն աջակցություն ու ջերմություն զգան քաղաքացիներից: Ակցիայից հետո հավաքված նվերների վրա մեր կազմակերպությունը ևս հսկայածավալ նվերներ է ավելացնում, ու տանում ենք որևէ զորամաս:
Ակցիայի ավարտից հետո Պաշտպանության նախարարության հետ համաձայնեցնում ենք զորամասի ընտրությունը, նվերները տանում ենք զինվորներին, միջոցառում կազմակերպում: Ակցիաների իրականացումից հետո ներկայացնում ենք հանրային հաշվետվություն, որպեսզի մարդիկ տեսնեն, որ իրենց ցուցաբերած աջակցությունը տեղ է հասել:
Բոլոր այն քաղաքացիները, որոնք ցանկանում են իրենց կողմից որևէ նվեր ուղարկել զինվորներին, կարող են այսօր մինչև ժամը 17:00-ն այցելել Ազատության հրապարակ, մոտենալ ակցիայի կազմակերպիչներին ու համապատասխան արկղի մեջ թողնել նվերը: Բաբկեն Հարությունյանը նշեց, որ բացի գումարից՝ յուրաքանչյուր իր, որն անհրաժեշտ է զինվորին, քաղաքացիները կարող են տրամադրել (հիգիենայի պարագաներ, քաղցրավենիք և այլն):