Բաժիններ՝

Վլադիմիր Պուտինը չի զանգահարել Էլթոն Ջոնին. Պեսկով

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը չի զանգահարել բրիտանացի երգիչ Էլթոն Ջոնին, հայտարարել է Պուտինի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Դա չի համապատասխանում իրականությանը: Ոչ մի խոսակցություն չի եղել»,- հայտարարել է Պեսկովը լրագրողներին:

Հիշեցնենք, որ ավելի վաղ երգիչը Instagram-ի իր էջում տեղադրել էր Պուտինի լուսանկարն ու կատարել հետևյալ գրառումը:
«Շնորհակալություն նախագահ Վլադիմիր Պուտինին այն բանի համար, որ նա այսօր ինձ զանգահարեց ու խոսեց հեռախոսով: Սպասում եմ ձեզ հետ դեմ առ դեմ հանդիպմանը, որպեսզի քննարկենք ԼԳԲՏ-ներկայացուցիչների հավասարության հարցերը»,- գրել էր երգիչը:
Այլ մանրամասներ Էլթոն Ջոնը չէր հայտնել:

Պեսկովը կասկած է հայտնել, որ այն օգտահաշիվը, որտեղ հայտնվել է այդ գրառումը, իրոք պատկանում է երգչին:
Երգչի ներկայացուցիչները ավելի վաղ BBC-ին հայտնել էին, որ Ռուսաստանի նախագահը զանգահարել է երգչին:

Ավելի վաղ Էլթոն Ջոնը հայտարարել է, որ կցանկանար հանդիպել Պուտինի հետ՝ քննարկելու Ռուսաստանում միասեռականների իրավունքների հարցերը:
«Ես կցանկանայի հանդիպել Պուտինի հետ: Դա, հավանաբար, ուտոպիստական գաղափար է: Նա կարող է ծիծաղել իմ մեջքի հետևում, երբ իմ հետևից կփակի դուռը ու ինձ կատարյալ ապուշ կանվանի, սակայն ես գոնե կիմանամ, որ փորձել եմ»,- ասել էր սըր Էլթոն Ջոնը BBC-ի թղթակից Բրիջիտ Քենդալին տված հարցազրույցում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս