Բաժիններ՝

Թատերական գործիչների միության նախագահ Հակոբ Ղազանչյանը տիկնոջ հետ հայտնվել է ֆինանսական սկանդալի կենտրոնում

Այսօր մամուլում տեղեկություններ տարածվեցին այն մասին, որ Հայաստանի Թատերական գործիչների միությունը սնանկ է ճանաչվել, իսկ միության շենքը գրավի տակ է: Ըստ տարածված լուրերի՝ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վճիռն օրինական ուժի մեջ է մտել ընթացիկ տարվա հուլիսի 17-ին: Պարտատերերի առաջին ժողովը նշանակված է սեպտեմբերի 20-ին՝ նույն դատարանի շենքում:

168.am-ը հեռախոսազրույց ունեցավ ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ Հարություն Ղարիբյանի հետ, ով մեզ հետ զրույցում հաստատեց լուրերն այն մասին, որ Հայաստանի Թատերական գործիչների միության նախագահ Հակոբ Ղազանչյանի կինը՝ Լարիսա Ղևոնդյանը, բնակարան գնելու նպատակով «Առէքսիմբանկից» 80.000 դոլար արժողությամբ վարկ է վերցրել և վճարում չի կատարել:

Այս պահի դրությամբ չվճարված պարտքի գումարը կազմում է 130.000 դոլար, որի արդյունքում վերոհիշյալ բանկը դատական հայց է ներկայացրել Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան՝ պահանջելով սնանկ ճանաչել պարտապաններին՝ Հակոբ Ղազանչյանին, վերջինիս տիկնոջը՝ Լարիսա Ղևոնդյանին, ինչպես նաև՝ «ՀԳԹՄ թատրոն» ՍՊԸ-ին: ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ Հարություն Ղարիբյանը մեզ հետ զրույցի ընթացքում տեղեկացրեց, որ վարկային պարտավորությունների դիմաց երաշխավորներ են կանգնել ինչպես՝ Թատերական գործիչների միության նախագահ Հակոբ Ղազանչյանը, այնպես էլ «ՀԳԹՄ թատրոն» ՍՊԸ-ն, վարկի դիմաց գրավադրվել է Ղազանչյանի տիկնոջը պատկանող բնակարանը:

Ղարիբյանը նշեց նաև, որ այս պահի դրությամբ Երևանի Կենտրոն և Նորք- Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վճռով սնանկ է ճանաչվել միայն «ՀԳԹՄ թատրոն» ՍՊԸ-ն, իսկ միության նախագահ Հակոբ Ղազանչյանի և նրա տիկնոջ նկատմամբ «Առէքսիմբանկի» կողմից սնանկ ճանաչման պահանջի դեմ վերջիններիս իրավապաշտպան Վ. Ասատրյանի կողմից առարկություն է ներկայացվել:

Կարդացեք նաև

168.am-ի թղթակցին Հայաստանի Թատերական գործիչների միությունից հայտնեցին, որ միության նախագահ Հակոբ Ղազանչյանն այս պահի դրությամբ տիկնոջ հետ հյուրախաղերով գտնվում է Մակեդոնիայի Հանրապետությունում: Փոխարենը՝ մեզ ընդունեց Թատերական գործիչների միության նախագահի տեղակալ Ռուբեն Հարությունյանը, տեղեկացրեց, որ անձամբ իրեն ու միության աշխատակիցներին անակնկալի են բերել մամուլում շրջանառված լուրերն այն մասին, թե Թատերական գործիչների միության շենքը գրավադրված է.

– Պարոն Հարությունյան, Դուք տեղյա՞կ եք, որ Հայաստանի Թատերական գործիչների միությունը սնանկ է ճանաչվել, իսկ միության շենքը գրավի տակ է: Որքանո՞վ են հավաստի այս լուրերը:

– Թատերական գործիչների միության շենքը չի կարող գրավի տակ լինել, որովհետև միության տնօրեն Հակոբ Ղազանչյանը չէր կարող կառույցը միանձնա գրավի տակ դնել, որովհետև կառույցի գրավադրման, վաճառքի կամ օտարման համար անհրաժեշտ է հատուկ համագումարի որոշումը, իսկ այդպիսի համագումար մեզ մոտ՝ Թատերական գործիչների միությունում, չի եղել:

 – Այդ դեպքում որտեղի՞ց են լուրերն այն մասին, որ միությունը սնանկ է ճանաչվել:

– Գիտեք, ես վաղուց հրաժարվել եմ միությունում այդպիսի հարցերին խառնվելուց: 50 տարուց ավելի է՝ աշխատում եմ այստեղ, որից վերջին 20 տարին եղել եմ նախագահի տեղակալ: Աշխատել եմ Հրաչյա Ղափլանյանի, Խորեն Աբրահամյանի, Երվանդ Ղազանչյանի և հիմա արդեն՝ նրա որդու՝ Հակոբի հետ: Բաներ կան, որ ինքը՝ Հակոբն արել է՝ առանց ինձ հետ խորհրդակցելու, ու ես երբեք ինձ թույլ չեմ տվել ասել՝ ինչո՞ւ է նա այդպես վարվել: Իր գործն է, ինչ ուզում է՝ թող անի: Հետևաբար, ես որտեղի՞ց պետք է իմանամ, թե նա կնոջ հետ գնացել է՝ բանկերից գումար է վերցրել և որոշակի նպատակների համար է օգտագործել: Երեկ մամուլից եմ իմացել ու անակնկալի եկել և չգիտեմ՝ հիմա լրագրողները եկել, ինձնից ի՞նչ են ուզում իմանալ:

 – Բայց հստակ գիտե՞ք, որ վարկի երաշխավորը Թատերական գործիչների միության շենքը չէ:

– Չեմ կարող հաստատ ասել, որովհետև երեկ հարցով հետաքրքրված լրագրողներից մեկն ինձ ասաց, որ դատարանի որոշման մեջ գրված է, թե «ՀԳԹՄ թատրոն» ՍՊԸ-ի հիմնադիրը Հայաստանի Թատերական գործիչների միությունն է: Հիմա սրանք որքանո՞վ են իրար հետ առնչվում բանկային այս անհասկանալի գործընթացում՝ ես չեմ կարող ասել: Գուցե բաներ կան, որոնցից ես տեղյակ չեմ, չգիտեմ: Գիտեմ միայն, որ «Վ. Փափազյանի անվան Շեքսպիրյան միջազգային փառատոն» ընկերությունը Հակոբը հիմնել է մինչև իր միության նախագահ դառնալը, ու դա հանդիսանում է իր սեփական բիզնեսը:

 – Ասում եք, որ «ՀԳԹՄ թատրոն» ՍՊԸ-ի հիմնադիրը Հայաստանի Թատերական գործիչների միությունն է: Դուք տեղյակ չե՞ք եղել, որ այդպիսի ՍՊԸ է բացվում, ու հիմնադիրը միությունն է: Արդյո՞ք միության նախագահը պարտավոր չէր հատուկ կանոնակարգով այդ մասին տեղյակ պահել միության նախագահությանը:

– Դրա համար գոյություն ունի կոլեկտիվ ղեկավարման մարմին, ու նախագահության որոշում է պետք նման գործընթաց իրականացնելու համար:

 – Այսի՞նքն, Դուք, լինելով Թատերական գործիչների միության փոխտնօրեն՝ նախագահության անդամ չե՞ք:

– Անդամ եմ:

 – Ու չե՞ք իմացել այն մասին, որ Հայաստանի Թատերական գործիչների միությունը հիմնադիր է դառնում «ՀԳԹՄ թատրոն» ՍՊԸ-ի:

– Ոչ, չեմ իմացել: Նախագահության որոշումը պետք է լիներ:

– Պարոն Հարությունյան, Դուք ասում եք՝ պետք է լիներ… ուրեմն չի՞ եղել:

– Ուրեմն չի եղել, որ ես չգիտեմ էլի… վայ…: Միայն այն եմ իմացել, որ նա այդպիսի ՍՊԸ է հիմնադրել, որի ծավալած գործունեությունը պետք է կապվեր միության ֆինանսական վիճակի հետ:

 – Այո… միությունը ֆինանսական հարցեր ունի լուծելու…

– Գիտե՞ք, Հակոբի հոր նախագահության տարիներից նամակներ ենք գրում Երևանի քաղաքապետարանին՝ այն մասին, որ մենք միության բակում համապատասխան տարածք ունենք, որտեղ կարող ենք թատերական սրճարան հիմնել, ու այդտեղից եկած եկամտով միության ծախսերը որոշակիորեն հոգալ, բայց մեզ անընդհատ մերժում են:

 – Տարօրինակ է: Երևանում օր օրի այնքան մեծ թվով սրճարաններ են բացվում, որ առնվազն հասկանալի չէ, թե ինչո՞ւ են հատկապես ձեր դիմումը մերժում: Պատճառը չգիտե՞ք:

– Դե հիմա… ես շատ բան գիտեմ, բայց հո ամեն ինչ բարձրաձայն չե՞մ ասելու:

Նյութի հետքերով 168.am-ը կապ հաստատեց նաև Ղազանչյան ամուսինների իրավապաշտպան Վ. Ասատրյանի հետ, ով հրաժարվեց զրուցել մեզ հետ՝ մերժումը հիմնավորելով այսպես.

– Երբ կստանամ իմ վստահորդներ հանդիսացող Ղազանչյան ամուսինների համաձայնությունը, այդ դեպքում մեծ սիրով պարզաբանումներ կտամ ու կպատասխանեմ Ձեր որոշակի հարցերին: Այս պահին ես դրա իրավունքը չունեմ և ոչ էլ դրա անհրաժեշտությունն եմ տեսնում:

– Ներեցեք, այն պարագայում, երբ մամուլում ինֆորմացիա է տարածվում այն մասին, որ Հայաստանի Թատերական գործիչների միության շենքը գրավադրված է, ապա անհրաժեշտությունն այս պարագայում անխուսափելի է:

– Ես պաշտոնապես հայտարարում եմ, որ վարկի տակ դրված որևէ գույք չկա:

– Ինչպե՞ս չկա, եթե այսօր ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ Հարություն Ղարիբյանը մեզ հետ ունեցած հեռախոսազրույցում հաստատեց լուրն այն մասին, որ վարկի դիմաց գրավադրվել է Հակոբ Ղազանչյանի տիկնոջը պատկանող բնակարանը: Դա այդպե՞ս է, թե՞ ոչ:

– Այո, այդպես է:

– Ուրեմն, ինչպե՞ս եք ասում, որ գրավադրված գույք առհասարակ չկա:

– Թատերական միությանը պատկանող գույք չկա գրավադրված: Զրույցը կշարունակենք իմ վստահորդների համաձայնությունից հետո միայն:

Այսքանով ավարտվեց Ղազանչյան ամուսինների իրավապաշտպան Վ. Ասատրյանի հետ մեր զրույցը:

Տեղեկացնենք նաև, որ նախօրեին Թատերական միության շուրջ մամուլում տարածված տեղեկություններին արձագանքել է նաև այս պահին թատերական շրջագայություններով Մակեդոնիայում գտնվող՝ միության նախագահ Հակոբ Ղազանչյանը: Նրա պատասխանը տեղ է գտել Թատերական գործիչների միության պաշտոնական կայքում, որտեղ միության նախագահի կողմից պարզաբանվում է հետևյալը.

«Արտերկրում փառատոնի մասնակցության ժամանակ սկսեցին հրապարակումներ լինել այն մասին, որ ես անձնական բանկային գործարքներում գրավ եմ դրել ՀԹԳՄ շենքը: Հարգելի բարեկամներ, ըստ երևույթին, ոմանց շփոթության մեջ է գցել սնանկ ճանաչված ընկերություններից մեկի անունը` «ՀԹԳՄ թատրոն» ՍՊԸ-ն: Նշված ՍՊԸ-ի սեփականատերը ես եմ, և այն ոչ մի կապ չունի Թատերական գործիչների միության, առավել ևս, նրա շենքի հետ: Խնդրում եմ, նման նյութեր հրապարակելուց առաջ մի քիչ մտածեք: ՀԹԳՄ շենքն առանց համագումարի որոշման չի կարող որևէ գործարքի առարկա դառնալ: Մնացածն իմ անձնական կյանքն է, և որևէ մեկին, ինձանից բացի, չպետք է հետաքրքրի, քանզի ես քաղաքական մարդ չեմ, ոչ մեկից կախում չունեմ, այլ խոսքով` ազատ եմ: Ընդ որում, իմ խնդիրը, արդեն մեկ տարի է, բոլորը գիտեն, ու ես դա չեմ թաքցրել: Ավելին, փորձել եմ այնպես անել, որ այն չազդի ամենօրյա աշխատանքիս վրա: Հարգանքով` Հ. Ղազանչյան»:

 

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս