Էլէներգիայի թանկացման հետաձգման ֆինանսական ճեղքը կծածկվի «Որոտանի» վաճառքից ստացվող գումարներով. «ՀԺ»
«Հայկական ժամանակը» թերթը գրում է. «Մեր ունեցած տեղեկությունների համաձայն, կառավարությունն արդեն որոշել է էլեկտրաէներգիայի թանկացումը հետաձգելու պատճառով առաջանալիք ֆինանսական ճեղքվածքը ծածկել «Որոտանի» կասկադի վաճառքից ստացվող գումարներով:
Մինչև ՀԷՑ-ում իրականացվելիք աուդիտի ավարտը, կառավարությունը յուրաքանչյուր կվտ ժամ էլէներգիայի դիմաց ՀԷՑ-ին պետք է վճարի 7 դրամ: Ամսական դա կկազմի 2.5-3 մլրդ դրամ: Ուշագրավն այն է, որ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը մի քանի անգամ հայտարարել է, թե այդ գումարները բյուջեից չեն վճարվելու: Բայց «Որոտանի» կասկադի վաճառքից ստացվելիք 180 միլիոն դոլարը հենց բյուջետային միջոց է, քանի որ այն ամբողջությամբ պետք է ուղղվեր ՀՀ պետական բյուջե: Փաստորեն մեր կառավարությունը հետաքրքիր պատկերացումներ ունի բյուջեի մասին»:
Օգոստոսի 1-ից ուժի մեջ է մտնում Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշումը էլեկտրաէներգիայի սակագինը բարձրացնելու վերաբերյալ։ Մինչ այժմ, սակայն, որեւէ պաշտոնական տեղեկատվություն չի եղել, թե ինչ միջոցներից է վճարվելու բարձրացված էլէներգիայի գումարը։
Բաղրամյան պողոտայում մեկնարկած բողոքի շուրջօրյա ցույցերի օրերին Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ այդ գումարը սպառողը չի վճարի, այլ կառավարությունն իր վրա կվերցնի սակագնի բարձրացման ամբողջ բեռը մինչեւ ՀԷՑ-ի աուդիտի ավարտը։
«Անշու՛շտ, մենք ընթացող ծրագրերին կամ սոցիալական ծախսերին չենք դիպչի, այլ գումարներ կգտնենք անվտանգության հետագա ամրապնդման համար նախատեսվող միջոցներից»,- ասել էր Սարգսյանը։ Այդ օրերին իշխանական կոլոսներում քննարկվում էր, թե հավելյալ գումարը վճարվելու է սպասվող 200 մլն դոլար ռուսական վարկից։ Բայց ավելի ուշ պարզ դարձավ, որ ցածր տոկոսով այդ վարկը գումարային տեսքով ՀՀ-ում չի հայտնվելու, այլ միանգամից ուղղվելու է ռուսական այն ընկերություններին, որոնք պիտի զենք մատակարարեն ՀՀ։ Ուստի՝ Սերժ Սարգսյանի հայտարարությունից հետո վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտարարեց, որ էլեկտրաէներգիայի սակագնի հավելյալ գումարը պետական միջոցներից չի ներգրավվի։
Կարդացեք թերթի այսօրվա համարում: