Բաժիններ՝

Բնագիտական և ինժեներական մասնագիտությունները պահանջարկված չեն. Ալեքսանդր Գրիգորյան. Tert.am

Tert.am-ի հետ զրույցում Երևանի պետական համալսարանի պրոռեկտոր Ալեքսանդր Գրիգորյանն ասել է, որ գոհ են այս տարվա ԵՊՀ ընդունելության քննությունների արդյունքներից, քանի որ բուհ ընդունվել է միասնական համակարգով քննություններ հանձնող դիմորդների 31 տոկոսը: Նա նշել է, որ այս տարի ևս պահանջարկված չեն բնագիտական և ինժեներական մասնագիտությունները:

– Պարո՛ն Գրիգորյան, ԵՊՀ-ն հայտարարեց, որ թափուր տեղերի համար լրացուցիչ մրցույթ է լինելու և հարյուրավոր թափուր տեղեր կան…

– Դա ԵՊՀ-ում չէ միայն, այլ բոլոր պետական ու ոչ պետական բուհերի թափուր տեղերն են: 2010 թվականից գործում է հետևյալ կարգը. ինչպես գիտեք՝ մեր մոտ ընդունելությունը միասնական է և միասնական ընդունելության կարգով, որը հաստատվել է կառավարության կողմից, թափուր մնացած տեղերի վրա հայտարարվում է մրցույթ: Ժամկետը մինչև ամսի 20-ի 18:00 է: Եվ համալսարանը պարզապես իր կայքում տեղեկացրել է այդ կարգի մասին:

-Իսկ համալսարանի թափուր տեղերը ընդհանուրի մեջ որքա՞ն են:

-Նորից եմ կրկնում, դա վերաբերում է ոչ միայն համալսարանին, այլ բոլոր ոչ պետական ու պետական բուհերին, որոնք ընդունելություն իրականացնում են միասնական կարգով:

– Ըստ այդ ցուցակի կարդում ենք, որ ակտուարական և ֆինանսական մաթեմատիկա բաժիններում կա 79 թափուր տեղ: Նախկինում և՞ս այդ քանակությամբ թափուր տեղեր եղել են:

– Կոնկրետ համալսարանն ընդունվել է 3003 դիմորդ, որը մոտ 31 տոկոսն է ողջ Հայաստանում միասնական ընդունելության: Մենք շատ նորմալ ենք գնահատում, առաջանում են նաև թափուր տեղեր, դրան էլ ենք նորմալ վերաբերում, որովհետև և՛ դիմորդների թիվն է տարեցտարի նվազում, և՛ մրցակցությունն է: Շատ նորմալ ենք նայում և մեր ընդունելության արդյունքներից, ընդհանուր առմամբ գոհ ենք:

– Հասկանալի է, սակայն արդեն շատ թափուր տեղեր կան նաև «տնտեսագիտության տեսություն», սոցիլոգիա և այլ առարկաների դեպքում, այսինքն՝ մասնագիտությունների, որոնց դեպքում նման բան նախկինում չկար:

-«Ակտուարական և ֆինանսական մաթեմատիկան» դասավանդվում է մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետում և այստեղ պատճառը մասնագիտական կողմնորոշման է, որ ունեն դիմորդները: Այսօրվա դրությամբ նախապատվությունները տարբեր են, և եթե մեկն ուզում է իրավաբան դառնալ, բժիշկ և ոչ ոք չի կարող ստիպել, որ պարտադիր դառնան մաթեմատիկոսներ և ֆիզիկոսներ:

Դիմորդն է ընտրում՝ որ մասնագիտությամբ է ուզում ուսանող դառնալ: Սա, իհարկե, մտահոգիչ է, բազմիցս այդ հարցը բարձրաձայնել ենք, որ բնագիտական առարկաների գծով դիմորդների քանակը մեծ չէ: Կան նաև այլ մտահոգություններ, որ որոշ հումանիտար մասնագիտությունների գծով էլ դիմորդների թիվը մեծ չէ: Իմ կարծիքով՝ այստեղ պետական ծրագրի անհրաժեշտություն կա և կա բազմաթիվ երկրների փորձը, որտեղ պետությունն իրեն անհրաժեշտ մասնագիտությունների նկատմամբ ուշադրություն հատկացնում է կամ ֆինանսական աջակցության, կամ հեշտացված ընդունելության միջոցով:

Ինչ վերաբերում է սոցիոլոգիային, Ձեր հիշատակած ակտուարական և ֆինասնական մաթեմատիկան ընդհանուր բլոկ է, որտեղ դիմորդները հանձնում են հայոց լեզու, օտար լեզու և մաթեմատիկա: Այդ բլոկով ընդհանուր դիմորդերի թիվը այս տարի նվազել է: Եվ եթե նախկինում նշված առարկաները, այդ թվում նաև ոչ առաջին հայտերով էին համալրվում, այս տարի այդ ոչ առաջին հայտերն այնտեղ պարզապես չհասան: Եվ ընդհանուր բլոկում դիմորդների թիվը պակասեց, դա է պատճառը, որովհետև մինչև 10 հայտեր լրացվել էին՝ 2 անվճար հիմունքներով, 8՝ վճարովի:

-Բայց միևնույն է, դա չի՞ նշանակում, որ այդ մասնագիտությունները պահանջարկված չեն:

-Ո՛չ, այսօրվա դրությամբ նշածս հայտնի պայմաններում, երբ կարելի է ընդունվել 10-րդ հայտով: Իսկ պահանջարկը շատ ավելի բացահայտ երևում է առաջին և երկրորդ հայտերով: Մենք կատարել ենք ոչ միայն առաջին, այլև երկրորդ հայտերի ուսումնասիրություն: Եվ կարող եմ որպես միտում նշել, որ դրանք պահպանվում են՝ բնագիտական մասնագիտությունները պահանջարկված չեն: Նաև ինժեներական մասնագիտությունները: Եվ հաշվի առնելով այս մասնագիտությունների ռազմավարական նշանակությունը ցանկացած երկրի համար, ըստ իս, կարիք կա պետական համապատասխան ծրագրի:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս