Կաթի մթերման ցածր գինը շարունակում է մնալ որպես օրակարգային պրոբլեմ
Վերջին ժամանակաշրջանում ակտիվ շրջանառվում է կաթի մթերման գնի նվազման խնդիրը, ինչի հետևանքով անասնապահությանը կարող են հասցվել լուրջ վնասներ: Ազատ շուկայական հարաբերությունների, գյուղացի-մթերող իրավահարաբերությունների կարգավորման նպատակով` որպես գործողությունների հաջորդականություն, նշվել էր, որ առաջին հերթին պետք է ապահովել ՀՀ կառավարության 2006 թվականի դեկտեմբերի 21-ի N 1925-Ն «Կաթին, կաթնամթերքին և դրանց արտադրությանը ներկայացվող պահանջների տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» որոշման պահանջները` հիմնավորմամբ, որ չոր կաթի զանգվածային մասի մակնշումը կապահովեր մթերքի տեսակավորում, ինչն իր հերթին կարժևորեր անարատ կաթը: Որպես պրոբլեմ նշվել էր նաև, որ ՀՀ տարածք կաթի փոշի ներկրվում է ավելի շատ, քան հարկավոր է: Այս առնչությամբ հայտարարությամբ է հանդես եկել ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը` նշելով. «Հաշվի առնելով վերջին օրերին մամուլում շրջանառվող լուրերը կաթի փոշու ներկրման ծավալների ավելացման մասին և կաթի մթերման գնի նվազումը դրանով պայմանավորելու փորձերը տեղեկացնում ենք, որ 2015 թ.-ի ընթացքում հանրապետություն կաթի փոշու ներկրման ծավալը նվազել է. 2014 թ. հինգ ամիսներին (հունվար-մայիս) ներմուծվել է 726.950 տոննա կաթի փոշի, 2015 թ. համադրելի ցուցանիշը 688.325 է, այսինքն՝ շուրջ 38 տոննայով պակաս»:
Նշյալ հաղորդագրությամբ պատասխանատուներն ուղղակի հաստատել են, որ չեն պատկերացնում ոլորտը: Համագործակցության կոչ անող կառույցը, առանց առերես լսելու ընդդիմախոսների կարծիքն ու հիմնավորումները, իր` «փորձ է արվում կապել» հեգնական ոճով ուղղակի ապացուցում է, որ անգամ չի հասկանում, որ չի հասկացել այն, ինչ հրապարակվել է: Մասնավորապես, հաղորդագրությամբ չանդրադառնալով ամենակարևորին` մթերքի տեսակավորմանը, ինչի ապահովումն ուղղակի չի վերահսկվում ծառայության կողմից, նշվում է, որ կաթի փոշու ներկրման ծավալները նվազել են:
Համաձայն պաշտոնական տեղեկատվության` արտադրվող կաթի ինքնաբավության տոկոսը 2011 թ.-ին կազմել է ավելի քան 80 % (աղբյուրը` ՀՀ գյուղատնտեսության նախարարության պաշտոնական կայք)`
Առաջանահերթ անհրաժեշտ պարենամթերքների ինքնաբավության մակարդակը 2011-2012թթ. տվյալներով
Հրապարակված են 2011-12 թթ.-ի տվյալները, քանզի բացակայում է 2013-14 թթ.-ի վիճակագրությունը, սակայն համաձայն նույն պաշտոնական տվյալների գրանցվել է արտադրվող կաթի ծավալի կայուն դինամիկ աճ` էականորեն աճելով 2014-2015 թթ.-ին (աղբյուրը` ՀՀ գյուղատնտեսության նախարարության պաշտոնական կայք)`
Անասնաբուծական մթերքների արտադրությունը հանրապետությունում ըստ ՀՀ մարզերի և Երևան քաղաքի
Ներկրումն ըստ էության իրականացվում է բացը լրացնելու և հնարավորության պարագայում արտահանում իրականացնելու նպատակով: Ստացվում է, որ արտադրվող կաթի ծավալները վերջին տարվա կտրվածքով աճել են ավելի քան 6.6 %-ով:
100 միավորի հաշվարկով կունենանք հետևյալ պատկերը`
100 միավոր ինքնաբավություն = 85 միավոր ինքնաբավություն + 15 միավոր ներկրումից:
Համաձայն պաշտոնական տեղեկատվության` 85 միավոր ինքնաբավությունն աճել է 6.6 %-ով, հետևաբար ինքնաբավությունը մոտ է 90.6 միավորի (85 միավոր+6.6. % աճ):
Հաշվի առնելով, որ նույն պաշտոնական տեղեկատվության համաձայն կաթնամթերքի արտահանման ծավալները նվազել են` ներկրվող խմբաքանակը արտահանման նպատակով ունի նվազման միտում, և հետևաբար ներկրված քանակը չի կարող գերազանցել 100-90.6=9.4 միավորը: Հետևաբար ներկրումը պետք է կազմեր առնվազն 5.6 միավոր կամ նույնն է, թե 37 % ավելի պակաս: Ինչու առնվազն. քանզի հաշվարկում հաշվի առնված չեն արտահանման ծավալների անկման տոկոսը և ազգաբնակչության թվի նվազումը:
Մինչդեռ ՍԱՊԾ պաշտոնական տեղեկատվության համաձայն կաթի ներկրման ծավալը նվազել է ընդամենը 5.2 %-ով 37 %-ի փոխարեն:
Այսքանից հետո կարծում ենք ավելորդ է որևէ գնահատական տալ հաղորդագրության հեղինակներին, ովքեր փորձ են կատարել ներկայացնել, թե կաթի մթերման գնի նվազումը չի կարող կապ ունենալ ներկրվող կաթի փոշու ծավալների հետ:
Հ.Գ. Իրականության հետ կապ չունեցող տեղեկատվություն հրապարակելու փոխարեն հորդորում ենք ի վերջո ապահովել կաթի տեսակավորման խնդիրն ու հավասարակշռել տեղական արտադրանքի և ներկրման ծավալների հարաբերակցությունը, ինչը հնարավորություն կընձեռի լուծելու կաթի մթերման գնի խնդիրը: Պատրաստակամ ենք աջակից լինել մասնագիտական խորհրդատվության հարցում:
«Իրազեկ և պաշտպանված սպառող» հասարակական կազմակերպություն