Բաժիններ՝

Գյուղապետերի թանկարժեք մեքենաներն ու ՎՊ-ի բացահայտումներն Արմավիրի մարզում

Վերահսկիչ պալատն անցած տարի ստուգումներ է իրականացրել Արմավիրի մարզի 20 համայնքներում՝ Արգավանդ, Մյասնիկյան, Մայիսյան, Գետաշեն, Լեռնագոգ, Արմավիր, Փշատավան, Այգեվան, Երվանդաշատ, Քարակերտ, Նալբանդյան, Գեղակերտ, Դողս, Ջրարբի, Նոր Կեսարիա, Ակնալիճ, Ամբերդ, Հովտամեջ, Ծաղկալանջ, Գայ: Ստուգվել են բյուջետային միջոցների օգտագործման, բյուջետային մուտքերի ապահովման, ինչպես նաև համայնքային սեփականության կառավարման և օգտագործման հետ կապված ծախսերը:

ՎՊ հաշվետվության համաձայն՝ ՏԻՄ-երը կուտակել են հողի հարկի և գույքահարկի ապառքներ՝ շուրջ 64 մլն դրամի: Հողի հարկի և գույքահարկի բազաներից դուրս են մնացել կազմակերպություններ, որոնց հողի և գույքահարկի գումարը կազմում է 265.3 հազար դրամ, բացի այդ թվով 10 հասարակական օբյեկտների /խանութ/ պատկանող շենք, շինությունների գործառնական նշանակությունը փոխված չէ /բնակելի նշանակության է/, որի արդյունքում համայնքի բյուջեն զրկված է լրացուցիչ եկամուտից, /գույքահարկից/, ինչպես նաև Մայիսյան համայնքում 83.76հա հողատարածք, որոնց վրա շենք-շինություններ են կառուցված, պետական գրանցում չեն ստացել համապատասխան մարմինների կողմից և չեն դարձել համայնքի բյուջեի գույքահարկ և հողի հարկ վճարողներ:

Պայմանագրային պարտավորությունների խախտումների դիմաց հաշվարկվել և ստուգմամբ արձանագրվել են 23 մլն 649.6 հազար դրամի ապառքի և տույժի գումար, որը ենթակա է վճարման համայնքների բյուջե: Տեղական տուրքերի և վճարների գծով խախտումների հետևանքով մարզի առանձին համայնքներում չի գանձվել 2 մլն 139.8 հազար դրամ տեղական տուրք: Մարզի առանձին համայնքներում պակաս են հավաքագրվել աղբահանության վարձավճարները՝ 1 մլն 518.4 հազար դրամի չափով:

Ֆիզիկական անձանց հետ աշխատանքային պայմանագրեր կնքելիս ՀՀ պետական բյուջե չի վճարվել 372.2 հազար դրամ եկամտային հարկ: 11մլն դրամից ավելի պակաս են հավաքագրվել ջրի վարձավճարները: Արգավանդ համայնքում ինքնակամ կառուցված 3 շինությունների օրինականացման դեպքում համայնքի բյուջեն կունենա 795.4 հազ. դրամի եկամուտ:

Կարդացեք նաև

Ուշագրավ են 2013թ. տրանսպորտային սարքավորումների ձեռքբերման վերաբերյալ ՎՊ բացահայտումները: Այսպես՝ Գեղակերտ համայնքում այս նպատակով նախատեսվել է 11.3 մլն դրամի ծախս: Այդ գումարով գյուղապետարանը «Մուրան» ՍՊԸ-ից ձեռք է բերել 2013թ. արտադրության Nissan Sentra 1.8 SL մակնիշի ավտոմեքենա:

Նոր Կեսարիա համայնքի գյուղապետարանը 2013թ-ին 5 մլն դրամով ձեռք է բերել 2008թ. արտադրության Hundai Elantra 1.6 մակնիշի ավտոմեքենա: Մայիսյանի գյուղապետարանը ձեռք է բերել 2013թ. արտադրության «ՎԱԶ 21214» մակնիշի ավտոմեքենա՝ 5.5 մլն դրամով: Գայի գյուղապետը նախընտրել և գնել է «TOYOTA RUNNER» մակնիշի ավտոմեքենա՝ 14.95 մլն դրամով:

ՎՊ-ն ՀՀ կառավարությանն առաջարկել է, հաշվի առնելով համայնքների կողմից տարբեր գների և մակնիշների մեքենաների ձեռք բերման փաստերը, քննարկել համայնքներին ծառայողական ավտոմեքենաների առանձին չափորոշիչներ հաստատելու մասին հարցը: Արմավիրի մարզպետին առաջարկվել է վարչական հսկողություն իրականացնել ՏԻՄ-երի լիազորությունների նկատմամբ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս