Որքանո՞վ է հավանական ԵՏՄ-ում միասնական արտարժույթի անցնելը
«Բացառված է, որ ԵՏՄ-ն կառաջադրի միասնական արժույթ, քանի որ մինչև հիմա ԵՏՄ-ում բոլոր առևտուրները տեղի են ունենում դոլարային համարժեքով»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ արձագանքելով լրագրողներից մեկի հարցին՝ որքանո՞վ եք հավանական համարում ԵՏՄ-ում միասնական արժույթի անցնելը, նման տեսակետ հայտեց «Ազատ դեմոկրատներ» կուսակցության փոխնախագահ Անուշ Սեդրակյանը:
Ըստ նրա՝ ռուսական ռուբլին և՛ սանկցիաների, և՛ սանկցիաների սպառնալիքի հետևանքով միասնական արտարժույթ դարձնելը բոլոր երկրների տնտեսությունների համար ինքնասպանության նման մի բան է. «Միասնական արժույթի մասին խոսակցությունները բարոյական ոգին բարձր պահելու և հույս ներշնչելու խոսակցություններ են, տնտեսապես դա հնարավոր չէ մոտական հինգ տարում»:
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտակ Դավթյանն էլ ասաց, որ ինքն այս հարցի պատասխանը տեսնում է ՌԴ նախագահի հայտարարության մեջ. «Նա ասում է՝ եկեք մտածենք միասնական դրամական քաղաքականություն վարելու մասին: Առայժմ խոսքը գնում է միայն միասական դրամական քաղաքականություն վարելու մասին: Եվ այն, ինչի մասին խոսում ենք, դա տնտեսական ինտեգրացիայի բավականին լուրջ և բարձր մակարդակ է ենթադրում, ինչը առաջիկա մի քանի տարիների ընթացքում կմնա զուտ խոսակցական մակարդակի վրա»: