Երեխայի մահվան գործով ինքնաբացարկի միջնորդությունը մերժվեց

Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր, «Արաբկիր» բժշկական կենտրոնում մահացած Լիա Միսակյանի գործով, դատավոր Լևոն Ավետիսյանը մերժեց երկու ամբաստանյալների պաշտպանների ներկայացրած ինքնաբացարկի միջնորդությունը:

Գործով ամբաստանյալներ Լիլիթ Վարդանյանի և Զարինե Այվազյանի պաշտպաններ Գիվի Հովհաննիսյանն ու Երեմ Սարգսյանն իրենց միջնորդության մեջ նշել էին, որ իրենց պաշտպանյալներին առաջադրված մեղադրանքի հիմքում դրված է կրկնակի հանձնաժողովային դատաբժշկական փորձաքննության եզրակացությունը, որը պաշտպանական կողմը նախաքննության և դատաքննության ողջ ընթացքում վիճարկել է. «Այսինքն՝ պաշտպանական կողմը, ի հակառակը վերը նշված եզրակացության հետևությունների մասում առկա տեղեկությունների, այն համոզմունքին է, որ Լիլիթ Վարդանյանի կողմից կատարվել է ճիշտ ախտորոշում, բուժումը՝ համապատասխան ախտորոշմանը, և ողջ աշխատանքի ընթացքում ամբաստանյալների կողմից չի դրսևորվել որևէ անփույթ կամ անբարեխիղճ վերաբերմունք: Սակայն, ինչպես հայտնի է, դատարանի կողմից անտեսվել է նշված հանգամանքը, և դատաքննության ընթացքում մենք ականատես ենք եղել դատարանի կողմից կանխակալ և կողմնակալ վերաբերմունքի դրսևորմանը մեղարանքի կողմին, որի մասին պաշտպանական կողմը բազմաթիվ անգամ արձագանքել է»,- նշված է փաստաբանների միջնորդության մեջ:

Ամբաստանյալների պաշտպանները միջնորդության մեջ նշել էին, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի համապատասխան հոդվածի համաձայն՝ ինքնաբացարկի հիմքերը ներառում են նաև այն դեպքերը, երբ դատավորը կանխակալ վերաբերմունք ունի որպես կողմ հանդես եկող անձի, նրա ներկայացուցչի, պաշտպանի, դատավարության այլ մասնակիցների նկատմամբ, և ներկայացրել, իրենց կարծիքով, դատարանի կողմից կանխակալ և կողմնակալ վերաբերմունքի դրսևորման մի քանի դեպքեր: Փաստաբանների կործիքով՝դատարանի կողմից անհիմն մերժվել են իրենց ներկայացրած մի քանի միջնորդություններ, խախտվել է մրցակցության սկզբունքը: Երկու ամբաստանյալների պաշտպանները նշել էին, որ դատավորի նախագահությամբ այս գործի դատական քննությունը շարունակելու դեպքում կայացվելու է մեղադրական դատավճիռ:

Ամբաստանյալ Զարինե Այվազյանի պաշտպան Երեմ Սարգսյանը հայտնեց, որ պաշտպանական կողմին չեն տրամադրվել դատարանի կայացրած մի քանի որոշումներ, դրանք անհրաժեշտ են պաշտպանական ճառին նախապատրաստվելու համար: Դատարանը տրամադրեց որոշումները և հետաձգեց դատական նիստը մինչև մայիսի 14-ը:

 

 

Տեսանյութեր

Լրահոս