Բաժիններ՝

Հայերն այժմ պետք է հետապնդեն օրինական պահանջներ՝ Ցեղասպանության հավելյալ ճանաչման փոխարեն

Հայ ժողովուրդն անցյալ շաբաթ անմոռանալի օրեր անցկացրեց Հայոց ցեղասպանության հարյուրամյակի ոգեկոչման արարողությունների ժամանակ: «Ցունամին», որից այդքան սարսափում էին թուրք ժխտողականները, շատ առումներով իրականություն դարձավ… Մինչ աշխարհասփյուռ հայությունը վերջին տարիներին զբաղված էր ոգեկոչման միջոցառումների կազմակերպմամբ, նրա ջանքերը կրկնապատկվեցին շնորհիվ որոշ անսպասելի զարգացումների, այդ թվում՝ Թուրքիայի նախագահ Էրդողանի անմիտ հռետորության և հակազդեցության:

Տարին սկսվեց Էրդողանի մանկամիտ խորամանկություններով. Գալիպոլիի պատերազմի հարյուրամյակի հիշատակի օրվա տեղափոխումը ապրիլի 24-ին նպատակ էր հետապնդում տապալել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչման արարողությունները: Միջազգային լրատվամիջոցներն արագորեն բացահայտեցին Թուրքիայի նախագահի հնարքը՝ լայն հրապարակայնություն ապահովելով Ցեղասպանության առաջիկա տարելիցի համար:

Ապրիլի սկզբին Քարդաշյանների այցը Հայաստան հազարավոր հոդվածների, հեռուստահաղորդումների և սոցիալական լրատվամիջոցների միլիոնավոր հաղորդագրությունների նյութ դարձավ: Մի քանի օր անց Հռոմի Ֆրանցիսոկոս պապը իր «ցունամին» առաջացրեց՝ համարձակ խոսքեր ասելով Հայոց ցեղասպանության վերաբերյալ: Մեկ անգամ ևս Էրդողանը ավելի սրեց իրավիճակը՝ վիրավորելով ոչ միայն Հռոմի պապին, այլև մեկ միլիարդ կաթոլիկների և Պապի ծննդավայր Արգենտինային: Դրանից կարճ ժամանակ անց Եվրախորհրդարանը բանաձև ընդունեց Հայոց ցեղասպանության վերաբերյալ՝ ավելի լայն լուսաբանում ապահովելով լրատվամիջոցներում:

Առաջին անգամ ապրիլի 24-ին և Հարյուրամյակի առիթով Հայաստանում լինելը շատ հուզիչ էր: Հայաստանի կառավարությունը վիթխարի աշխատանք էր տարել հրավիրելով հազարից ավելի բարձրաստիճան անձանց աշխարհի 60 երկրներից, ներառյալ նշանավոր մտավորականների, իրավագետների, քաղաքական գործիչների, 30 երկրների խորհրդարանակաների և այլ ցեղասպանությունների վերապրածների: Ապրիլի 22-23-ին ականավոր հյուրերը մասնակցեցին «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» միջազգային ֆորումին, որտեղ ես հանդես եկա կարճ ելույթով՝ քննադատելով նախագահ Օբամայի կողմից Հայոց ցեղասպանություն եզրն օգտագործելու խոստման դրժումը: Ես բացատրեցի, որ չնայած լայնորեն տարածված թյուրիմացության, Միացյալ Նահանգները բազմիցս ճանաչել է Հայոց ցեղասպանությունը:

Ապրիլի 23-ին Ավստրիայի խորհրդարանում ներկայացված բոլոր վեց կուսակցությունները հանդես եկան Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ համատեղ հայտարարությամբ: Ինչպես և սպասվում էր, Թուրքիան շատ բուռն արձագանքեց դրան՝ հետ կանչելով իր դեսպանին Վիեննայից: Սա երկրորդ թուրք դեսպանն է, որ այս ամսվա ընթացքում հետ է կանչվում Անկարայի կողմից: Քանի որ գնալով ավելանում է այն երկրների թիվը, որոնք ճանաչում են Հայոց ցեղասպանությունը, ապա շուտով Թուրքիան կարող է շատ ավելի քիչ դեսպաններ ունենալ, դրանով իսկ իրեն մեկուսացնելով աշխարհի մեծ մասից…

Ապրիլի 23-ին նաև Գերմանիայի նախագահ Յոահիմ Գաուկը փայլուն ելույթ ունեցավ Ցեղասպանության զոհերի հիշատակի պատարագի ժամանակ Բեռլինում՝ ճանաչելով ոչ միայն Հայոց ցեղասպանությունը, այլև Գերմանիայի մեղսակցությունը թուրք-օսմանյան ցեղասպանական արշավին: Չնայած Թուրքիայի ուժեղ ճնշումներին՝ ակնկալվում է, որ Գերմանիայի Բունդեստագը նույնաբովանդակ մի բանաձև կորդեգրի, որը հարվածային ալիքներ կուղարկի Էրդողանի նորակառույց պալատի հազար սենյակներով մեկ, քանի որ Գերմանիան Թուրքիայի դաշնակիցն էր 1915 թվականին և մինչ օրս շարունակում է իր սերտ հարաբերությունները…

Ապրիլի 23-ի երեկոյան Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի և Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսի համատեղ նախագահությամբ Էջմիածնում տեղի ունեցավ սրբադասման պատմական արարողություն՝ Հայոց ցեղասպանության զոհերին սրբերի կարգը դասելով: Այս հուզիչ ծիսակատարությունից հետո, հենց ժամը 19:15-ին, աշխարհի բոլոր եկեղեցիները սկսեցին 100 անգամ հնչեցնել իրենց զանգերի ղողանջները: Այդ օրը երեկոյան System of a Down խումբը անվճար համերգ տվեց Երևանի Հանրապետության հրապարակում, որին մեծ խանդավառությամբ ներկա էին հազարավոր երիտասարդներ՝ չնայած տեղատարափ անձրևին: Համերգը հեռարձակվում էր ուղիղ եթերով՝ Ցեղասպանության մասին ռոք խմբի ուղերձը տարածելով ամբողջ աշխարհում միլիոնավոր մարդկանց շրջանում:

Ապրիլի 24-ին ոգեկոչման արարողություն տեղի ունեցավ Ծիծեռնակաբերդի բարձունքում՝ Հայոց ցեղասպանության հուշահամալիրում, որին մասնակցում էին հարյուրավոր կրոնական առաջնորդներ, դեսպաններ, պաշտոնատարներ, և Ռուսաստանի, Ֆրանսիայի, Կիպրոսի ու Սերբիայի նախագահները: Մինչ երկու գերտերությունների ղեկավարները ապրիլի 24-ին ժամանել էին Երևան, Թուրքիային, չնայած իր գործադրած ջանքերին, չէր հաջողվել նույն տրամաչափի ղեկավարներ ներգրավել Գալիպոլիի միջոցառմանը: Շատ տեղին էր, որ այս մեծաշուք առիթով Երևանի հուշահամալիրում հավաքված ականավոր հյուրերը մի քանի ժամ անցկացրեցին գաղթականների նման ծածկոցներով փաթաթված՝ ցուրտ եղանակին անձրևից պատսպարվելով մեծ ծածկի տակ:

Անցյալ շաբաթվա առավել շշմեցուցիչ զարգացումներից էր Թուրքիայի վարչապետ Դավութօղլուի հայտարարությունը, որ հայերի «տեղահանությունը մարդկության դեմ հանցագործություն էր», որը միջազգային իրավունքի համաձայն հավասարազոր է Հայոց ցեղասպանության ճանաչմանը: Չպետք է զարմանալ, եթե հանկարծ Էրդողանը հեռացնի Դավութօղլուին հունիսին կայանալիք խորհրդարանական ընտրություններից հետո:

Այժմ, երբ Հարյուրամյակը մնաց հետևում, ժամանակն է, որ հայերը շրջեն Հայոց ցեղասպանության ճանաչման էջը և սկսեն համակարգված կերպով հետապնդել իրենց պահանջները Թուրքիայից միջազգային, տարածաշրջանային և տեղական դատարաններում:

Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր
www.TheCaliforniaCourier.com
Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի 

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս