Բաժիններ՝

Ոտքեր, որոնք չհասան Թումանյանին

1915 թվականի կոտորածներից հետո շատ ոտքեր դիմացան անապատների փոշուն ու քարերին, բազմաթիվ որբուկների փոքրիկ ոտքերը հասան Ամենայն Հայոց որբերի հայրիկին, իսկ շատերինը հասան միայն այսօր՝ 100 տարի անց… Հովհաննես Թումանյանի թանգարանի աստիճաններով երեկվանից փոքրիկների կոշիկներ են բարձրանում վեր, բարձրանում են, որ տեսնեն ու փարվեն Թումանյանին:

Ամենայն Հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանին 1915 թվականին տվել էին նաև «Ամենայն Հայոց որբերուն հայրիկ» տիտղոսը, ու այդ բառերի ողջ էությունն արտահայտելու համար այս օրերին թանգարանի տնօրեն Նարինե Թուխիկյան-Խաչատուրյանը բացօթյա ցուցադրություն է պատրաստել՝ նվիրված բոլոր այն փոքրիկներին, ովքեր հրեշտակ դարձան ու լքեցին երկրային կյանքը:

IMG_6158

IMG_6157

Թանգարանի տնօրենի խոսքով՝ այս տարածական-բացօթյա ցուցադրության առանցքը Թումանյանն է՝ իբրև Ամենայն Հայոց որբերի հայրիկ. նա այդ տիտղոսը ստացավ 1915-ին, քանի որ արեց հնարավոր և անհնարին ամեն բան այն բալիկների համար, որոնք մազապուրծ, ոտքով հսկայական կիլոմետրեր մի կերպ հաղթահարելով՝ հասել էին Արևելյան Հայաստան:

«Մտածում էինք՝ ինչպե՞ս ներկայացնել այս ամենը, քանի որ շատ հուզիչ թեմա է, ու մենք երբեք չէինք ցանկանա այդ հուզիչ թեման ստանդարտ ձևերի մեջ անել, այսինքն՝ չէինք ուզում անել հերթական մի միջոցառում կամ կարդալ Թումանյանի հանճարեղ բանաստեղծությունները:

IMG_6156

IMG_6159

Մեզ պետք էր ցույց տալ Թումանյանի մարդասիրական գործունեությունը և բացահայտել նրա հենց այդ՝ Ամենայն Հայոց որբերի հայրիկ տիտղոսի էությունը: Որոշեցինք Թումանյանի առանցքի շուրջ հիշել բոլոր այն երեխաներին, ովքեր այդպես էլ գաղթի ճանապարհը չհաղթահարեցին, չսպանվեցին Ցեղասպանության ժամանակ, բայց գաղթի ճանապարհին՝ անապատներում, փոշիների մեջ մահացան. ուղղակի նրանց ոտքերը չդիմացան, ու նրանք չհասան Թումանյանին, այն Թումանյանին, որին փարվում էին մյուս բոլոր բալիկները, և որից օգնություն էին ստանում»,- ասում է թանգարանի տնօրենը:

Կոշիկների խորհրդանիշն այն բալիկներն են, ովքեր չեն հասնում Էջմիածին. առաջին աստիճաններից սկսած՝ կոշիկներն ավելի շատ են դրված, ու դրանք գնալով պակասում են: Ըստ Նարինե Թուխիկյանի՝ նրանք չեն հասնում ու ճանապարհին մահանում են՝ հիվանդություններից, ցավից, վիրավոր ոտքերից…

IMG_6149

IMG_6151

Կոշիկների կողքին փակցված տեքստերը վերցված են Թումանյանի նոթագրություններից: Թանգարանի տնօրենը պատմեց, որ Թումանյանը երկու անգամ է այցելում Արևմտյան Հայաստան՝ 1914 և 1915 թվականներին: Վերջին այցելության ժամանակ նոթեր էր անում, ժամանակի սղության պատճառով հասցնում էր միայն նոթատետրերում որոշ գրառումներ անել: «Նոթերն էլ անում էր, քանի որ մտադրություն ուներ հետագայում վերհիշել այդ ամենն ու մի ամբողջ աշխատություն գրել, բայց չարեց դա, հայտնի չէ՝ ինչ պատճառներով: Միգուցե էլ սիրտ չուներ, հետո էլ տղան մահացավ, իրականում ինչո՞ւ նոթերը մնացին՝ իբրև նոթեր՝ չգիտեմ»,- ասում է Նարինե Թուխիկյանը:

IMG_6142

IMG_6143

Մինչև թանգարանի մուտքի դռներին հասնելը տեղադրված է նաև մի մեծ պաստառ, որտեղ կրկին Թումանյանն է խոսում. «Հայ ժողովրդի արդար դատի համար ոչինչ հարկավոր չէ, բացի ճշմարտությունից». սա գրողի հոդվածներից մեկից է վերցված: Պաստառին այս գրությունը ներկայացված է 9 տարբեր լեզուներով, հայերենից հետո առաջին լեզուն իտալերենն է՝ ի երախտագիտություն Հռոմի պապի, ով վերջերս Վատիկանում պատարագի ժամանակ Ցեղասպանության մասին հայտարարությամբ հանդես եկավ:

Ապա՝ ներկայացված է նաև մյուս լեզուներով, այդ թվում՝ թուրքերենով, որը վերջին գրությունն է: Իսկ վերևի հատվածում ամբողջ շենքը պարուրված է լուսանկարների ժապավենով, որոնցում պատկերված են այն երեխաները, ովքեր, ի վերջո, հասան Էջմիածին, փարվեցին Թումանյանին, վերջինս էլ, իր հնարավորությունների սահմաններում, իր համախոհների հետ օգնեց նրանց:

IMG_6148

IMG_6160

Ի դեպ, թանգարանի ներսում էլ նոր տեխնոլոգիաների գործադրմամբ լուսանկարչական փոքրիկ անիմացիոն ցուցադրություն է ներկայացված՝ 1915թ. Ցեղասպանության մասին: Թանգարանի տնօրենի խոսքով՝ փոքրիկ, շատ հուզիչ մի հնարք է. փոքրիկ էկրանի վրա ցուցադրվում են Էջմիածնի որբուկների նկարներն ու պարուրվում թաթիկներով, թաթիկները գալիս-գնում են, անհետանում, կրկին հայտնվում… Ըստ թանգարանի տնօրենի՝ ցուցադրությունը երկու խորհուրդ ունի՝ և՛ օգնություն հայցող մանուկների թաթիկներ, և՛ օգնություն ցուցաբերող թաթիկներ: Դիտեք տեսանյութում՝


Լուսանկարները՝ հեղինակի

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս