Երևանը կարող է խաղաղ խաչմերուկ դառնալ Եվրոպայի և Ռուսաստանի միջև, ինչպես Մինսկը. Կայծ Մինասյան

«Հայաստանը միջազգային հակամարտությունների կարգավորման բանակցությունների հարթակ դառնալու մեծ ներուժ ունի»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց Ֆրանսիայի Ռազմավարական հետազոտությունների հիմնադրամի փորձագետ, քաղաքագետ Կայծ Մինասյանը` անդրադառնալով Երևանում կայանալիք Օլանդ-Պուտին հանդիպմանը:

Նշենք, որ Ռուսաստանի և Ֆրանսիայի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Ֆրանսուա Օլանդը, հնարավոր է, ապրիլի 23-24-ին հանդիպեն Երևանում Հայոց ցեղասսպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների շրջանակներում: Այս մասին տեղեկություններն օրերս հաստատել էին և ՌԴ-ի, և Ֆրանսիայի պաշտոնատար անձինք: «Պուտինի և Օլանդի՝ Երևանում գտնվելու ժասմանակահատվածը համըկնում է: Այնպես որ, չպետք է բացառել, որ հայկական կողմի նախաձեռնած միջոցառումների շրջանակում նրանք շփումներ ունենան»,-ասել է Պեսկովը:

Կայծ Մինասյանի խոսքով՝ նման հանդիպումների համար հարթակ դառնալը շատ կարևոր է Հայաստանի համար, քանի որ նման հանդիպումների միջոցով Հայաստանը կարող է դառնալ միջազգային խաղարարական թատերաբեմ և դա կարևոր է հատկապես Հայաստանի համար, որն ունի հակամարտություններ: Նա հիշեցրեց, որ Մինսկում ուկրաինական ճգնաժամի կարգավորման բանակցությունների համար շատ ավելի լավ հարթակ կարող էր լինել Երևանը, քան Մինսկը, որը Եվրոպային հայտնի է, որպես ավտորիտար երկիր: Պարզապես, ֆրանսաբնակ քաղաքագետի խոսքով, բանակցողներն այլ առաջարկ և տարբերակ չունեին, որի արդյունքում էլ ընտրեցին Մինսկը, որպես խաղաղ բանակցությունների հարթակ:

«Հայաստանը կարող է խաչմերուկի դերակատարություն ստանձնել Եվրոպայի և Ռուսաստանի միջև և շատ կարևոր է դա, որի մասին ես վաղուց եմ խոսում, դեռևս քսան տարի ի վեր Հայաստանը միշտ պետք է նախաձեռնություններով, առաջարկներով հանդես գար` դառնալով միջազգային խաղաղության հարթակ և բարձրացնելով իր միջազգային կշիռը: Սրանով Հայաստանը կարող է իր խնդիրների ուղղությամբ ևս դրականը քաղել, միայն կամքի ու ցանկության հարց է, անշուշտ, կախված է ընդդիմության և իշխանության ուժերից:

Փոքր պետությունները, որոնք մեծ ռեսուրսներ չունեն, կարող են իրենց համար այս եղանակով ռեսուրսներ ստեղծել և իրենց խնդիրները լուծել միջազգային խնդիրների կարգավորման օրակարգում: Այստեղ դիվանագիտական ճկունության հարց կա, եթե հայաստանյան դիվանագիտությունը կարողանա Հայաստանը դարձնել միջազգային խաղաղարարական թատերաբեմ, ապա Հայաստանի համար ցավոտ հարցերը կմեղմվեն»,- մեկնաբանեց Կայծ Մինասյանը` ՀՀ քաղաքական ուժերին խորհուրդ տալով Հայաստանը դարձնել հակամարտությունների կարգավորման բանակցությունների հարթակ:

Տեսանյութեր

Լրահոս