Բաժիններ՝

Ցեղասպանության հարյուրամյակին նվիրված երթ Տորոնտոյում

Կանադայի Տորոնտո քաղաքի հայ համայնքը ս.թ. ապրիլի 20-ին Հայոց ցեղասպանության հարյուրամյակին նվիրված միջոցառում էր կազմակերպել Քուինս Փարք պուրակում, որին հաջորդել է կազմակերպված երթ՝ դեպի քաղաքի կենտրոն, այնուհետև պատարագի մատուցում` նվիրված անմեղ զոհերի հիշատակին։ Միջոցառմանը մասնակցել են Օնտարիոյի նահանգապետ Քեթլին Ուինը, Կանադայի պաշտպանության նախարար Ջեյսոն Քեննին, Տորոնտոյի քաղաքապետ Ջոն Թորին, Կարդինալ Թոմաս Քոլլինսը, խորհրդարանի անդամներ, դաշնային և տեղական իշխանությունների բարձրաստիճան ներկայացուցիչներ։ Մասնակիցների թիվը շուրջ 5-6 000 էր։

Մինչ մարդիկ հավաքվում էին միջոցառման վայրում, շուրջ քսան թուրք և ադրբեջանցի «դրոշակ բռնողների» էին բերել և կանգնեցրել փողոցի մյուս կողմում, ովքեր ժխտողական կոչերով և ցուցանակներով ամեն կերպ փորձում էին խոչընդոտել միջոցառմանը։ Նրանց ձեռքի ցուցանակների վրա ժխտողական կոչեր էին գրված. «Արդար հիշողությունը միակողմանի չի լինում», «Թուրքիայում շուրջ 40 000 անօրինական հայ աշխատողներ կան, ում ոչ ոք չի նեղացնում», «Մի՛ փորձեք փոխել և այլ կերպ գրել պատմությունը», և այլն։

2

Մինչ թուրք և ադրբեջանցի «դրոշակ բռնողները» մեկուսացված վայրում ժխտողական կոչեր էին արտասանում, իսկ իրենց համակարգողը ջանք չէր խնայում ավելի բարձր բեմադրություն կազմակերպելու համար, փողոցի մյուս կողմում հայերի բազմությունն ավելի էր մեծանում, և մասնակիցներին էին միանում նաև այլ համայնքների ներկայացուցիչներ։ Հայերին իրենց զորակցությունը հայտնելու էին եկել պոնտացի հույներ, ասորիներ, հրեաներ, քրդեր, ռուանդացիներ և կիպրոսցիներ, ովքեր իրենց զորակցությունն ու համոզմունքն էին հայտնում Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ։

Կարդացեք նաև

3

Կազմակերպիչները Տորոնտոյի հայ համայնքի անունից շնորհակալություն հայտնեցին Կանադայի ժողովրդին և կառավարությանը` Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչելու ու հայ որբերին գրկաբաց ընդունելու և իրենց երկրում տեղ տալու համար։ Ելույթով հանդես եկան Կանադայի պաշտպանության նախարար Ջեյսոն Քեննին, Օնտարիոյի նահանգապետ Քեթլին Ուինը, խորհրդարանականներ, դաշնային և նահանգային իշխանությունների ներկայացուցիչներ։ Հիմնական զեկուցողը ռեժիսոր Ատոմ Էգոյանն էր։

4

Տորոնտոյի` Հայ ազգային հանձնախմբի ներկայացուցիչ Մարիամ Դավիթյանը նշեց, որ երբ խաղաղ ժողովրդի հանդեպ դաժանությունները չեն պատժվում, դրանք կրկնվում են, «Իսլամական պետության կողմից Միջին Արևելքում տարածած ահաբեկչության գերիշխող մթնոլորտը, ինչպես նաև իրենց նկրտումների միջոցով անհանդուրժողականության և ծայրահեղականության սերմանումը շատ նման են Օսմանյան Կայսրությունում հայերի, հույների և ասորիների հանդեպ իրագործված ոտնձգությանը։ Այսօր մենք հարգում ենք այն բոլոր տղամարդկանց, կանանց և երեխաների հիշատակը, ովքեր զոհ դառան անհանդուրժողականության խորանի առաջ»։

5

Կանադայում ՀՀ դեսպան Արմեն Եգանյանը շնորհակալություն հայտնեց Կանադայի կառավարությանը և ժողովրդին` Հայոց ցեղասպանությունը ճանաչելու համար և շեշտեց, որ Ցեղասպանության միջազգային ճանաչումից խուսափելու արդյունքում է, որ այսօր նմանատիպ վայրագություններ են սանձազերծվում աշխարհում։ «Հայոց ցեղասպանությունը հիմք դրեց ժամանակակից աշխարհում` ազգերի ոչնչացման միջոցով նպատակների հասնելու պրակտիկային, որն իր արձագանքը հետագայում գտավ Հոլոդոմորի, Հոլոքոստի դեպքերում, Կամբոջայի, Ռուանդայի, Դարֆուրի և այլ ցեղասպանությունների պարագայում»,- նշեց ՀՀ դեսպանը։

6

Կանադայի պաշտպանության նախարար Ջեյսոն Քեննին վերահաստատեց Կանադայի` մարդու իրավունքներին և համամարդկային արժեքներին հավատարմությունը, Կանադայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը, և նշեց, որ իր գործընկեր Բրեդ Բաթն օրինագծի նախագիծ է ներկայացրել Կանադայի խորհրդարանում, որով առաջարկվում է ապրիլ ամիսը ճանաչել Ցեղասպանության հիշատակի օր` նվիրված հայոց, Ռուանդայի, Հոլոքոստի և այլ ցեղասպանությունների զոհերի հիշատակին։ «Ես՝ որպես Կանադայի պաշտպանության նախարար, հպարտ եմ, որ մենք ոտքի ենք կանգնում նրանց դեմ, ովքեր ցանկանում են երկրի երեսից ջնջել ասորի, եզդի և Միջագետքի քրիստոնյա փոքրամասնություններին։ Մենք կանգնելու ենք նրանց կողքին, որպեսզի պաշտպանենք նրանց, և կանխենք ևս մեկ ցեղասպանություն»։

7

Օնտարիոյի նահանգապետ Քեթլին Ուինն իր խոսքում ասաց, որ նա հպարտ է, որ Կանադայի նորաբաց` Մարդու իրավունքների թանգարանը Հայոց ցեղասպանությանը նվիրված բաժին ունի։ «Հայոց ցեղասպանությունը պատմության մեջ մի վշտալի պահ էր, և նույնիսկ մեկ դար անց կատարվածի սարսափը չի անցել։ Ես հպարտ եմ, որ Օնտարիո նահանգն առաջիններից էր, որ այս դաժանությունը ցեղասպանություն ճանաչեց։ Մենք պետք է շարունակենք կողք կողքի կանգնել ատելության դեմ, և պետք է անենք ամեն ինչ, որ անցյալի դաժանությունները չկրկնվեն»,- ասաց Քեթլին Ուինը։

8

Տորոնտոյի քաղաքապետ Ջոն Թորին կոչ արեց Տորոնտոյի բնակիչներին՝ միասին աշխատել, որպեսզի անցյալի դաժանությունները ճանաչում ստանան, որովհետև այսօրվա դաժանություններն այն բանի արդյունքն են, որ անցյալի դաժանությունները հավուր պատշաճի ճանաչում և պատիժ չեն ստացել։ «Ես այսօր ձեզ վստահեցնում եմ. ցեղասպանության հիշատակը պատշաճ կերպով կանմահանա Տորոնտո քաղաքում»,- խոստացավ Տորոնտոյի քաղաքապետը։

9

Ռեժիսոր Ատոմ Էգոյանն ասաց, որ այսօր հանցավոր կեցվածքը շարունակվում է Թուրքիայի ժխտողական քաղաքականության տեսքով։ «Թուրքիայի վարչապետն ասում է, որ նրանք կիսում են հայերի տառապանքը։ Եկե՛ք հստակեցնենք. Թուրքիան չի կարող կիսել հայերի տառապանքը, չի կարող համեմատվել այդ աղետալի կորստի հետ։ Այն կարող է հասկանալ դա, Թուրքիան կարող է զղջալ իր արածի համար, այն կարող է ներողություն խնդրել։ Թուրքիայի կառավարության կողմից այս դաժանության ժխտողական քաղաքականությունն ամեն անցնող օրվա հետ իր դաժանության գրքի էջերն է ավելացնում պատմության առաջ»,- ասաց Ատոմ Էգոյանը։

10

Ցեղասպանության հիշատակի միջոցառման մասնակիցները Միասնության երթով շարունակեցին իրենց ընթացքը` դեպի Տորոնտոյի Մետրոպոլիտան Միացյալ Եկեղեցի, որտեղ Կաթողիկե եկեղեցու հովվապետ Կարդինալ Թոմաս Քոլինսի ղեկավարությամբ և հայ, հույն և այլ համայնքների եկեղեցիների հովվապետերի մասնակցությամբ պատարագ մատուցվեց` նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։

Կամո Մայիլյան,
Տորոնտո-Երևան
Հատուկ 168.am-ի համար

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս