Բան Կի Մունը 100 տարի առաջ Օսմանյան կայսրությունում հայերի հետ տեղի ունեցածը չի ճանաչում որպես ցեղասպանություն

Ռուսական ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունն Օսմանյան կայսրությունում հայերի հետապնդումները համարում է գազանաբարո հանցանք, սակայն չի շտապում օգտագործել «ցեղասպանություն» բառեզրը:

Բան Կի Մունը երկրներին կոչ է արել շարունակել համագործակցությունը՝ 100-ամյա վաղեմության իրադարձությունների հարցում «փաստերի հաստատման» համար: Բան Կի Մունի այս դիրքորոշումը երեկ լրագրողներին ներկայացրել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը:

Նրա խոսքերով՝ ՄԱԿ-ում ուշադրություն են դարձել Հայոց ցեղասպանության վերաբերյալ Հռոմի պապ Ֆրանցիսկոսի արած հայտարարության վրա: Դյուժարիկը հայտարարել է, որ Բան Կի Մունը հիանալի հիշում է, որ ապրիլի 24-ին Հայաստանում և մյուս երկրներում նշելու են 1915 թվականի աղետալի իրադարձությունների 100-րդ տարելիցը, ինչպես նաև գիտակցում է հարցի զգացական կողմը.

«Գլխավոր քարտուղարն ամուր համոզված է, որ 1915 թվականի աղետալի իրադարձությունների հիշատակումը, ինչպես նաև տեղի ունեցածի շուրջ փաստերի հաստատման նպատակով համագործակցության շարունակումը պետք է ամրապնդեն մեր ընդհանուր ձգտումը՝ կանխելու համար ապագայում նման գազանաբարո հանցանքների կրկնումը»:

Տեսանյութեր

Լրահոս