Իսլամական աշխարհը տարածաշրջանային հակամարտությունների պատճառով պառակտման վտանգի տակ է. Էրդողան

Թուրքական Sabah թերթի փոխանցմամբ` Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հայտարարել է, որ իսլամական աշխարհը տարածաշրջանի ներկայիս հակամարտությունների պատճառով հայտնվել է պառակտման վտանգի տակ` սուննիների ու շիաների:

Իրանից վերադառնալիս Էրդողանը թուրք լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ իսլամական առաջնորդների հետ հանդիպման ժամանակ միջոցներ է ձեռնարկելու առկա լարվածության նվազեցման ուղղությամբ.

«Ներկա դրությամբ իսլամական աշխարհը բախվում է պառակտման ռիսկին: Պետք է արագ քայլեր ձեռնարկել` խանգարելու համար այդ փորձերին: Միջազգային կազմակերպությունները, այդ թվում նաև Իսլամական համագործակցության կազմակերպությունը, պետք է ցույց տան, որ անկեղծ են` կանգնեցնելու համար բռնությունը թեժ կետերում, ինչպիսիք են Իրաքը, Եգիպտոսը, Լիբիան, Սիրիան ու Եմենը»:

Էրդողանը հավելել է, որ անելու է ամեն հնարավոր բան և պլանավորում է այցելել ասիական մուսուլմանական երկրներ Ինդոնեզիա ու Մալայզիա, ինչպես նաև հերթական անգամ այցելել Սաուդյան Արաբիա:

Էրդողանը մանրամասնել է, որ Իրանի նախագահ Հասան Ռոուհանիի ու Իրանի հոգևոր առաջնորդ, այաթոլլահ Ալի Խամենեիի հետ իր հանդիպումներում քննարկվել են տարածաշրջանային բոլոր ճգնաժամերը, այդ թվում նաև Եմենի հարցը.

«Եմենում հակամարտող խմբերը պետք է հանդիպեն ու աշխատեն հարցի հնարավոր կարգավորման համար: Թուրքիան, Իրանն ու Սաուդյան Արաբիան պետք է ներգրավվեն հակամարտության դիվանագիտական կարգավորմանն ուղղված ջանքերում»:

Տեսանյութեր

Լրահոս