Բաժիններ՝

Սևանի դպրոցում միջադեպի արդյունքում 13-ամյա տղան կորցրել է աչքը. նրա ներկայացուցիչը համաձայն չէ ուսուցչուհուն առաջադրված մեղադրանքի հետ

2014թ. դեկտեմբերի 9-ին Սևանի ավագ դպրոցում ֆիզիկայի ուսուցչուհու հետ միջադեպի արդյունքում ձախ աչքի տեսողությունից զրկված Մեսրոպ  Խաչատրյանի ներկայացուցիչը համաձայն չէ ուսուցուհուն առաջադրված մեղադրանքի հետ:

Տուժող երեխայի ներկայացուցիչ, փաստաբան Ռոբերտ Բեջանյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց, որ դեպքից անմիջապես հետո Ոստիկանության աշխատակիցները գնացել են դպրոց, աշակերտներին հավաքել և հարցրել, թե ինչպես է տեղի ունենցել դեպքը: Փաստաբանի խոսքով՝ 3 աշակերտ ներկայացրել են, թե ինչ է տեղի ունեցել. «Երեխաներից 3 հոգի պատմել են, որ ուսուցչուհին գրատախտակի մոտ խնդիր լուծելու ժամանակ նկատել է, որ Մեսրոպը՝ տուժողը, առանց թույլտվության հասել է կախիչի մոտ (ըստ տուժողի՝ ինքը մրսելիս է եղել, ցանկացել է իր վերնազգեստը հագնել, որը կախված է եղել կախիչի հետնամասում): Կախիչի և պատի արանքում ընկած հեռավորությունը, ըստ գործով տեղազննության, ընդամենը 50-60 սմ է:

Երեխան հենց այդ արանքի հատվածում է եղել, որ վերցնի իր վերնազգեստը, երբ ուսուցչուհին նկատել է նրան գրատախտակի մոտից: Ըստ աշակերտների պատմածի՝ նա արագ քայլելով մոտեցել է կախիչին՝ ասելով. «Հես ա կտամ, կմտնես պատի մեջ»։ Որից հետո մոտենալով կախիչին և համոզված լինելով, որ շորերով ծանրաբեռնված այդ ծանրությամբ կախիչը հրելով դեպի երեխայի վրա՝ նրան անկասկած մարմնական վնասվածք կհասցնի, հրել է կախիչը, որից հետո երեխայի բղավոց է լսվել։ Երեխան վնասվածք է ստացել, աչքն ամբողջությամբ դուրս է եկել, հենց այդ կախիչն ամբողջությամբ աչքը դուրս է հանել, և կտրվել է նրա սնուցման ներվը:

Ուսուցչուհին տեսնելով, որ Մեսրոպը երկու ձեռքերով փակել է աչքը և արյունոտված է, փորձել է օգնել և կախիչի տակից հանել Մեսրոպին: Այդ ժամանակ, ըստ արդեն երեխաների ցուցմունքի, բոլորը արյունը տեսնելով՝ դուրս են վազել: Այսինքն՝ քննությունն այնպես է տարվել, որ պարզվում է՝ դասարանի ոչ մի աշակերտ չի փորձել ինքը մոտենալ կամ օգնել իր դասընկերոջը. բոլորը՝ միանշանակ նույն պատճառաբանությունն են բերել, թե, իբր, արյուն տեսանք՝ վախեցանք և փախանք դուրս»:

Կարդացեք նաև

Ռոբերտ Բեջանյանն ասաց, որ ուսուցչուհուն մեղադրանք է առաջադրվել անզգուշությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու համար (ՀՀ քրեական օրենսգրքի 120-րդ հոդված). «Ես գտնում եմ, որ այստեղ անզգույշ հանցագործության որևէ հատկանիշ չկա: Անկախ այն բանից, թե գործի քննության ընթացքում ցուցմունքներն ինչ մոտիվով են վերցվել, այնուամենայնիվ, եթե ուսուցչուհին գրատախտակի մոտից հասնում է կախիչի մոտ և, այնուամենայնիվ, իր բառերով ասած՝ հրում է, թեկուզ կախիչը հետ է հրում դեպի երեխան, այստեղ անզուշության խնդիր չի կարող լինել: Հնարավոր է, որ ուսուցչուհին չի ցանկացել այդ հետևանքը, իսկ չցանկանալը դեռևս չի նշանակում, որ դա անզգույշ հանցագործություն է, որովհետև ՀՀ քրեական օրենսգրքի 29-րդ հոդվածը սահմանում է՝ դիտավորությամբ, իսկ 30-րդ հոդվածը՝ անզգուշությամբ հանցանք կատարելու հանգամանքները»:

Փաստաբանի խոսքով՝ ՀՀ քրեական օրենսգրքի 29-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ հանցանքը համարվում է անուղղակի դիտավորությամբ կատարված, եթե անձը գիտակցել է իր գործողության՝ հանրության համար վտանգավոր բնույթը, նախատեսել է հանրության համար վտանգավոր հետևանքների առաջացման հնարավորությունը, չի ցանկացել այդ հետևանքները, բայց գիտակցաբար թույլ է տվել դրանք. «Այսինքն՝ եթե նա հրել է, նա չէր կարող չնախատեսել, որ կախիչի և պատի մեջտեղում գտնվող այդ երեխային պետք է վնաս հասցներ»:

Ռոբերտ Բեջանյանի խոսքով՝ նախաքննական մարմինը սխալ է որակել ուսուցչուհու արարքը, իսկ եթե օբյեկտիվ և բազմակողմանի քննություն տարվեր, ապա պարզ կդառնար, որ «արարքը կատարված է ոչ թե անուղղակի, այլ ուղղակի դիտավորությամբ». «Ըստ տուժողի ցուցմունքի, այսինքն՝ ըստ երեխայի ցուցմունքի, և ըստ այն ականատես երեք աշակերտների բացատրությունների, որոնք հետագայում վերակառուցվել են այլ ձևով վարույթն իրականացնող մարմնի կողմից, ուսուցչուհին, արագ քայլելով, մոտենալով կախիչին՝ ցանկացել է պատժել աշակերտին, ով առանց իր թույլտվության՝ գնացել-հասել է կախիչի մոտ և ցանկացել է հագուստը վերցնել: Այսինքն, միայն այն հանգամանքը, որ նա ցանկացել է պատժել, և դրա համար արագ քայլելով եկել-հասել է կախիչի մոտ, արդեն խոսում է այն մասին, որ նրա գործողությունները եղել են դիտավորյալ»:

Փաստաբանի խոսքով՝ իր սկզբնական ցուցմունքներում ֆիզիկայի ուսուցչուհին նշել է, որ ինքը, դեռ չհասած կախիչի մոտ, լսել է Մեսրոպ Խաչատրյանի բղավոցը, ապա տեսել, որ նա ընկել է կախիչի հետնամասում, և հնարավոր է՝ գլուխը թեքելով՝ ինքնավնասում է տեղի ունեցել. «Գործի քննությունը սկզբնական շրջանում տարվել է ինքնավնասումով՝ չնայած քրեական գործը հարուցվել է դիտավորությամբ մարմնական վնասվածք հասցնելու փաստով»:

Ռոբերտ Բեջանյանի խոսքով՝ դեռ վկայի կարգավիճակում, լրատվամիջոցներից մեկի հետ զրույցի ընթացքում ֆիզիկայի ուսուցչուհին ասել է, որ երբ հասել է կախիչի մոտ, տեսել է, որ «այն գալիս է իր վրա». «Ես կախիչը հետ հրեցի, կախիչի վերևի մասը հետ հրելու ժամանակ ընկավ տատանումների մեջ, և ես լսեցի տուժողի բղավոցը»: Ռոբերտ Բեջանյանի խոսքով՝ երեխային վիրահատելուց հետո զինղեկի և տնօրենի ներկայությամբ հայրը որդուն հարցրել է, թե ինչպես է տեղի ունեցել դեպքը, երեխան պատասխանել է՝ ասաց՝ «կտամ՝ կմտնես պատի մեջ», և հրել է կախիչը. «Սակայն տնօրենը և զինղեկն իրենց գործընկերոջը, այսպես ասած, ծառայություն մատուցելու կամ օգնելու միտումով՝ ճիշտ հակառակ ցուցմունք են տվել, թե իբր երեխան պատմել է, որ ինքն է իր աչքը խփել կախիչին, և աչքը դուրս է եկել»:

Փաստաբանը տեղեկացրեց նաև, որ դեռևս նյութերի նախապատրաստման ընթացքում, երբ հետաքննիչները բացատրություն են վերցրել ականատես աշակերտներից, դպրոցի տնօրենը ծնողական ժողով է հրավիրել, ինչը, նրա խոսքով, անընդունելի է, քանի որ տնօրենն իրավասու չէր միջամտել նախաքննությանը: «Ծնողական ժողովի ժամանակ, ըստ ներկաների, ովքեր տուժողներին պատմել են, թե ինչպես է անցկացվել այդ ծնողական ժողովը, տնօրենը հայտարարել է՝ ձեր՝ ցուցմունքներ տալու ժամանակ չմոռանաք, որ դուք կարող եք նաև վնասել դպրոցի պատիվն ու արժանապատվությունը, և հասկացրել է, որ այդ երեխաները դեռ մի քանի տարի պետք է սովորեն այդ դպրոցում»,- ասաց փաստաբանը: Բացի դա, նրա խոսքով, նախաքննության ընթացքում ուսուցչուհու պաշտոնավարումը չի դադարեցվել, նա շարունակել է գնահատել «այն աշակերտներին, ովքեր իր դեմ պետք է ցուցմունք տային»:

Լրագրողների հարցին՝ արդյոք մինչև դեպքը երեխայի և ուսուցչուհու միջև լարված հարաբերություններ եղե՞լ են, փաստաբանը պատասխանեց, որ, ըստ տուժողի ցուցմունքի՝ լարված հարաբերություններ չեն եղել, բայց մերժում է ստացել ուսուցչուհուց՝  դուրս գալու և այլ ցանկությունների դեպքում: Փաստաբանը տեղեկացրեց, որ ըստ բժշկական կենտրոնի և դատաբժշկական փորձաքննության եզրակացության՝ երեխայի աչքն այլևս չի տեսնելու, քանի որ տեսողությունը ղեկավարող նյարդերն ամբողջությամբ կտրվել են, և դա հնարավոր չէ վերականգնել։ Երեխան աշխատունակության 1/3-ի կորուստ ունի: Փաստաբանի խոսքով՝ վարույթն իրականացնող մարմնի «սուրբ պարտականությունն» էր՝ պարզել, թե ինչ նյութական վնաս է պատճառվել տուժողին, սակայն դա չի արվել, իրենց միջնորդությունն էլ մերժել են՝ նշելով, որ այն անհիմն է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս