«Թե՛ Լևոն Տեր-Պետրոսյանը, թե՛ մեր քաղաքականությունը ցեղասպանության հարցում սխալ շեշտադրումներ է անում»

Հայոց ցեղասպանության քարոզչության մեջ պետք է փոփոխություն անեն, պետք է փոխվեն շեշտադրումները: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց քաղաքագետ Ալեքսանդր Մանասյանը:

Նրա խոսքով, Լևոն Տեր-Պետրոսյանի ուղերձի նախագծում ասվում էր, որ չպետք է Թուրքիային պարտադրենք ճանաչել ցեղասպանությունը. «Եթե անգամ մենք լռենք, աշխարհը կխոսի և կպահանջի և մեր լռությունն անհասկանալի կլինի, թե՛ Լևոն Տեր-Պետրոսյանը, թե՛ մեր քաղաքականությունն այս հարցում սխալ շեշտադրումներ է անում: Մենք անընդհատ ասում ենք՝ սա մեր ողբերգությունն է: Ոչ, այն ամբողջ մարդկությանն է, ոչ թե պետք է լաց լինենք, այլ պայքարենք հանուն ցեղասպանությունից զերծ աշխարհի: Մեր վրեժը պետք է լինի՝ բոլոր հարցերում գերազանցել Թուրքիային, դա պետք է լինի մեր ներքին մղումը, դա մեզ ավելի մեծ լիցքեր է հաղորդում, քան լացը»:

Բանախոսն առաջարկում է սկսել փոփոխությունը մեր լեզվամտածողությունից, ճիշտ բառեր ընտրել, ադրբեջանահայության ցեղասպանությունը մոռացության չտալ և այն չկապել Թուրքիայում կատարված ցեղասպանության հետ: Նրան քարոզչությունը, ըստ նրա, պետք է դառնա քաղաքական մեխ: Ինչ վերաբերում է Եվրոպային, ապա քաղաքագետը նշեց, թե նա դեռ իր մեղքը չի գիտակցել, քանի որ ինքն իր հերթին նպաստել է ցեղասպանության չճանաչմանն ու չդատապարտմանը:

«Մենք պետք է Եղեռն կատեգորիան շրջանառության մեջ դնենք, այն ցեղասպանության մի տեսակ է, որը նշանակում է ժողովրդին իր հայրենիքում է ցեղասպանել: Օբաման արդեն երկու տարի է՝ Եղեռն բնորոշումն է տալիս, սակայն նա իրականում չի հասկանում, ինչ է նշանակում Եղեռնը: Հայ դատը ոչ թե պետք է պահանջի և գումարներ ծախսի ցեղասպանության մասին հայտարորության համար, այլ պահանջի չանդրադառնալ հարցին, եթե այն դարձնում են քաղաքական շահարկման առիթ»,-նկատեց Ա. Մանասյանը:

Ապրիլի 24-ին, ըստ քաղաքագետի, ցեղասպան պետությունները կշարունակեն հյուրերի ընդունելությունը, իսկ մենք՝ հայերս, պետք է հասկանանք, որ աշխարհի մոտ այն տպավորությունն է, որ մենք մեր լացն ենք լացում: Եթե փոխենք քարոզչությունը, կփոխվի նաև հարցին միջազգային վերաբերմունքը. «Լևոն Տեր-Պետրոսյանը չի խոսում, բայց մենք ցեղասպանությունը քաղաքական պրակտիկայից դուրս հանելու հաղթանակած դրոշակ պետք է ծածանենք: Նշեմ, որ այսօրվա Ադրբեջանի և Թուրքիայի ԼՂՀ-ին և Հայաստանին շրջափակելու վարքը նման է ցեղասպան պետությունների վարքին»:

 

 

Տեսանյութեր

Լրահոս